Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսագիտությունների համալսարանի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ճապոնական կանաչ թեյ մատչան կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի միանգամից մի քանի համակարգերի վրա։ Ակնարկի արդյունքները հրապարակվել են Nutrients հանդեսում։
Մատչան սովորական կանաչ թեյից տարբերվում է աճեցման հատուկ տեխնոլոգիայով։ Բերքահավաքից առաջ թեյի թփերը ստվերարկում են, ինչի շնորհիվ տերևներում բարձրանում է քլորոֆիլի, կոֆեինի, L-թեանինի և հակաօքսիդանտների պարունակությունը։ Դրանից հետո տերևները մանրացնում են՝ վերածելով փոշու, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ օգտակար նյութեր պահպանել։
Հետազոտության հեղինակները նշում են, որ մատչայում պարունակվող կատեխիններն ու պոլիֆենոլները կարող են դրականորեն ազդել արյան մեջ շաքարի մակարդակի, ճարպերի փոխանակության, մարմնի զանգվածի և աղիքային միկրոֆլորայի վիճակի վրա։
Բացի դրանից, գիտնականները հայտնաբերել են տվյալներ ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի համար ըմպելիքի հնարավոր օգուտների մասին։ Որոշ հետազոտություններ մատնանշում են նաև մատչայի հնարավոր հակաուռուցքային հատկությունները։
Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել EGCG նյութին՝ կանաչ թեյի հիմնական հակաօքսիդանտներից մեկին։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգնել նվազեցնել բորբոքումները և պաշտպանել բջիջները օքսիդատիվ սթրեսից։
Մատչայի բաղադրության մեջ մտնող L-թեանինը ևս ընդունակ է նպաստել թուլացմանը, սթրեսի մակարդակի նվազեցմանը և ուշադրության կենտրոնացման բարելավմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day