Գեների էքսպրեսիայի նոր բնութագիրը հնարավորություն է տալիս համապատասխան իմունոթերապիա ընտրել կայուն քաղցկեղով տառապող պացիենտների համար

21 մայիսի, 2026  15:26

Տեխասի համալսարանի հետազոտողներն ուռուցքներում հայտնաբերել են գեների էքսպրեսիայի նոր բնութագիր, որը կարող է օգնել բացահայտել մետաստատիկ կաստրացիոն-ռեզիստենտ շագանակագեղձի քաղցկեղով (mCRPC) այն պացիենտներին, ովքեր առավել հակված են համակցված իմունոթերապիային երկարատև դրական արձագանք տալուն:

CheckMate 650 կլինիկական հետազոտության երկրորդ փուլի արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Communications ամսագրում, ցույց են տվել, որ իմունային հսկիչ կետերի ինհիբիտորների՝ իպիլիմումաբի և նիվոլումաբի փորձարարական համակցությունը հակաուռուցքային արձագանք է առաջացրել քիմիոթերապիայի նկատմամբ կայուն հիվանդություն ունեցող պացիենտների մի մասի մոտ։ Օգտագործելով Ջեյմս Պ. Էլիսոնի ինստիտուտի իմունոլոգիական հարթակի բացառիկ հնարավորությունները՝ գիտնականները հայտնաբերել են իմունային բնութագիր, որը կապված է ընդհանուր ապրելիության ավելի երկար տևողության հետ: Հետազոտողների կարծիքով՝ այս բացահայտումը կարող է օգնել բժիշկներին որոշել այն պացիենտներին, ովքեր ամենամեծ հավանականությամբ օգուտ կստանան տվյալ թերապիայից:

Հետազոտությունը ղեկավարել է բժշկագիտության և փիլիսոփայության դոկտոր Պադմանի Շարման՝ ուռուցքաբանական ուրոլոգիայի և իմունոլոգիայի պրոֆեսոր, իմունոկենսաբանության գծով փոխնախագահ և Էլիսոնի ինստիտուտի գիտական ծրագրերի տնօրենը:

«Այս արդյունքները հաստատում են, որ համակցված իմունոթերապիան կարող է օգտակար լինել բուժման նկատմամբ կայուն տարածված շագանակագեղձի քաղցկեղ ունեցող որոշ պացիենտների համար. մի հիվանդություն, որի դեպքում չբավարարված բժշկական կարիքը շատ մեծ է: Հետազոտությունը նաև ընդգծում է ուռուցքային-իմունային միկրոմիջավայրի ուսումնասիրման կարևորությունը՝ այն պացիենտների առավել ճշգրիտ ընտրության համար, որոնց կարող է օգնել իմունոթերապիան», — նշել է Պադմանի Շարման:

Որո՞նք էին ուսումնասիրության հիմնական արդյունքները

Հետազոտության պատահականացված փուլին մասնակցել է mCRPC ունեցող 259 պացիենտ, որոնց մոտ նախկինում իրականացված քիմիոթերապիայից հետո կայունություն էր զարգացել։ Մասնակիցները բաժանվել են չորս խմբի՝ համակցված իմունոթերապիայի երկու սխեմա, մոնոթերապիա իպիլիմումաբով և ստանդարտ քիմիոթերապիա։ Հետազոտությունը նախատեսված չի եղել խմբերի միջև արդյունավետության ուղղակի համեմատության համար։

Իմունոթերապիայի խմբերում բուժման արձագանքի հաճախականությունը կազմել է 9,3% և 19,5%, ընդ որում՝ երեք դեպքում արձանագրվել է լիարժեք ռեմիսիա։ Պացիենտների մի մասի մոտ նկատվել է ուռուցքի զգալի փոքրացում, շագանակագեղձի սպեցիֆիկ հակագենի մակարդակի նվազում և կյանքի տևողության աճ։

Բուժման հետ կապված լուրջ կողմնակի ազդեցություններ են ի հայտ են պացիենտների 18,4–34,7%-ի մոտ։ Ամենատարածված բարդությունները եղել են լուծը, էնտերոկոլիտը և հիպոֆիզիտը։ Հետազոտության ընթացքում գրանցվել է նաև թերապիայի հետ կապված մահվան երկու դեպք։

Ինչպե՞ս կարող է նոր բիոմարկերը բարելավել բուժումը

Հասկանալու համար, թե ինչու են որոշ պացիենտներ հատկապես լավ արձագանքել բուժմանը, հետազոտողները նախքան թերապիան սկսելն ուսումնասիրել են ուռուցքային հյուսվածքների նմուշները։

Էլիսոնի ինստիտուտի հարթակի օգնությամբ գիտնականներն իրականացրել են հյուսվածքների տարածական պրոֆիլավորում և հայտնաբերել որոշակի իմունային բջիջների կուտակումներ, որոնք ավելի հաճախ հանդիպել են բուժմանը դրական արձագանքած պացիենտների մոտ։ Բացի այդ, նրանք բացահայտել են բնութագիր, որը մատնանշում է այդ հատվածներում սպեցիֆիկ գեների բարձր ակտիվությունը։

Հետազոտողները կարծում են, որ այս բիոմարկերը թույլ կտա վերլուծել ուռուցքը նախքան թերապիան սկսելը և նախապես որոշել՝ արդյոք պացիենտին օգտակար կլինի համակցված իմունոթերապիան, թե՞ արժե դիտարկել բուժման այլընտրանքային մեթոդներ։

Չնայած արձագանքի ընդհանուր համեստ ցուցանիշներին՝ արդյունքները փաստում են, որ քիմիոթերապիայի նկատմամբ կայուն mCRPC ունեցող պացիենտների որոշակի խումբ կարող է օգուտ ստանալ համակցված իմունոթերապիայից։ Այնուամենայնիվ, բուժման այս սխեման դեռևս մնում է փորձարարական և հաստատված չէ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության (FDA) կողմից։

Ապագա հետազոտություններն ուղղված կլինեն այս բիոմարկերի և տվյալ մոտեցման արդյունավետության հաստատմանը՝ ավելի լայնածավալ կլինիկական փորձարկումների միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում