1 միլիոն տղամարդ և 50 տարվա տվյալներ. ինչպես է ֆիթնեսն ազդում սրտի վրա

22 մայիսի, 2026  08:43

Նոր մեծ հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում, պարզում է կապը ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակի և նախասրտերի ֆիբրիլյացիայի (սրտի ռիթմի ամենատարածված խանգարումներից մեկի) առաջացման վտանգի միջև։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ լավ մարզված երիտասարդ տղամարդկանց համար վտտանգն իսկապես կարող է ավելի մեծ լինել, քան ոչ այնքան ակտիվ մարդկանց պարագայում, սակայն ֆիզիկական բարձր պատրաստվածության օգուտը սիրտ-անոթային համակարգի համար էապես բարձրացնում է այդ վտանգը երկարատև հեռանկարում։

 Հետազոտությունը հիմնված է ավելի քան 1 միլիոն շվեդ տղամարդկանց տվյալների վրա, որոնք պարտադիր զինծառայություն են անցել 1972-1995թթ.։ Մասնակիցների միջին տարիքը կազմել է մոտ 18 տարեկան, և ուսումնասիրության մեջ ընդգրկվելու պահին չափվել է նրանց ֆիզիկական աշխատունակությունը։ Այնուհետև հետազոտողները հետևել են նրանց բժշկական տվյալներին ընդհուպ մինչև 2023 թվականը, ներառյալ նախասրտերի ֆիբրիլյացիայի, ինսուլտների և ինֆարկտների դեպքերը։

Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ամենաբարձր պատրաստվածություն ունեցող տղամարդիկ ավելի հաճախ են բախվել նախասրտերի ֆիբրիլյացիային՝ ավելի քիչ մարզվածների համեմատ։ Միևնույն ժամանակ, մինչև մոտ 40 տարեկանը առիթիմիայի պոտենցիալ վտանգը լավ մարզված մասնակիցների շրջանում գերազանցել է նրանց պաշտպանական էֆեկտը սիրտ-անոթային այլ հիվանդությունների նվազեցումից։ Սակայն այդ տարիքից հետո իրավիճակը փոխվել է. ֆիզիկական բարձր պատաստվածության վիճակն սկսել է գերազանցել հնարավոր ռիսկերը։

Հետազոտողները հավելյալ  ուսումնասիրել են մոտ կես միլիոն սիբլինգ եղբայրների։ Այս մոտեցումը թույլ է տվել հաշվի առնել գենետիկայի և ընդհանուր ընտանեկան շրջապատի ազդեցությունը։ Այս մոդելում ֆիզիկական բարձր պատրաստվածության և նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականության միջև կապն ավելի թույլ է եղել, իսկ ռիսկերի և օգուտի հավասարակշռությունը թեքվել է դեպի դրական էֆեկտ արդեն վաղ տարիքից։

Գիտնականները նշել են, որ եղբայրներն ունեցել են գեների գրեթե կեսը, ինչպես նաև հաճախ ունեցել են դաստիարակության նման պայմաններ և սոցիալ-տնտեսական գործոններ, որոնք կարող էին ազդել ինչպես ֆիզիկական պատրաստվածության մակարդակի, այնպես էլ սրտի առողջության վրա։ Հետևաբար, ընտանեկան վերլուծությունը համարվում է ավելի ստույգ ֆիզիկական պատրաստվածության իրական ազդեցությունը գնահատելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում