• Latest news

Գիտնականները հայտարարել են, որ գուավայի հյութն ի վիճակի է բարձրացնել երկաթի պատրաստուկների արդյունավետությունը

27 մայիսի, 2026  19:31

Հետազոտողները պարզել են, որ գուավայի հյութն ի վիճակի է նպաստել հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը և օգնել սակավարյունության դեմ պայքարում, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների կանանց և դեռահաս աղջիկների շրջանում:

BMJ Nutrition, Prevention & Health բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր ակնարկը վերլուծել է 17 հետազոտություն և ցույց է տվել, որ գուավայի հյութի օգտագործումը երկաթի պատրաստուկների հետ միասին ավելի արդյունավետ է բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, քան երկաթի պատրաստուկների առանձին ընդունումը:

Գիտնականները պարզաբանել են, որ գուավան հատկապես հարուստ է վիտամին C-ով, ինչն օրգանիզմին օգնում է ավելի լավ յուրացնել երկաթը: Հետազոտողների տվյալներով՝ 100 գրամ գուավայի մեջ շուրջ չորս անգամ ավելի շատ C վիտամին կա, քան նարնջի մեջ:

Ակնարկում ներառվել են հղի կանանց և դեռահաս աղջիկների մասնակցությամբ հետազոտություններ, որոնց մեծ մասն անցկացվել է Ինդոնեզիայում: Գուավայի հյութ օգտագործած մասնակիցների հեմոգլոբինի մակարդակը միջինում բարձրացել է 1,71 գ/դլ-ով: Հղի կանանց շրջանում արդյունքը փոքր-ինչ ավելի ցայտուն է եղել, քան դեռահասների շրջանում:

Հինգ հետազոտություն անմիջականորեն համեմատել է միայն երկաթի պատրաստուկների և դրանց ու գուավայի հյութի համադրության արդյունավետությունը: Պարզվել է, որ համակցված մոտեցումն հեմոգլոբինի միջինում 1,29 գ/դլ-ով ավելի բարձր մակարդակ է ապահովել:

Հետազոտողները նշել են, որ հեմոգլոբինի նույնիսկ չափավոր բարձրացումը կարող է մարդուն օգնել թեթև կամ չափավոր սակավարյունության կատեգորիայից տեղափոխել սակավարյունությունից  զերծ վիճակ՝ բարելավելով էներգիայի մակարդակը, կենտրոնացումը և ընդհանուր ինքնազգացողությունը:

Միևնույն ժամանակ հեղինակներն ընդգծել են, որ առկա տվյալներն ունեն սահմանափակումներ: Հետազոտությունների մեծ մասը եղել է փոքրածավալ և դիտարկողական, և բոլորն անցկացվել են Ինդոնեզիայում: Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ են ավելի ծավալուն և խիստ կլինիկական հետազոտություններ, նախքան կկարողանան գուավայի հյութը խորհուրդ տալ որպես սակավարյունության ստանդարտ բուժման մաս:

Չնայած դրան՝ հետազոտողները ենթադրում են, որ գուավայի հյութը կարող է դառնալ էժան և մշակութային առումով ընդունելի սնուցման ռազմավարություն այն տարածաշրջաններում, որտեղ երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունությունը լայն տարածում ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll