Հայաստանը պայքա՞ր է սկսում հակաբիոտիկների հանդեպ կայունության դեմ

20 նոյեմբերի, 2014  15:24

Հակաբիոտիկների հանդեպ կայունության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի անմիջական մասնակցությամբ մշակում է ռազմավարություն, որի հիմնական նպատակն է թույլ չտալ, որպեսզի հանրապետությունում հակաբիոտիկների հանդեպ կայունությունն աճի եւ դրա պատճառով խնդիրներ առաջանան: Այս մասին լրագրողներին Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն է պատմել:

Այսօր այդ ռազմավարությունը քննարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների եւ ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:

Այսպիսով, ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել՝ հակաբիոտիկների սխալ օգտագործումը կանխարգելելու եւ դրանց հանդեպ կայունության դեմ պայքարելու համար:

Նախեւառաջ, շատ մասնագետների կարծիքով, պետք է արգելել հակաբիոտիկների ազատ վաճառքը, որպեսզի մարդիկ չկարողանան առանց բժշկի ցուցումների գնել եւ օգտագործել դրանք: Վաղուց հայտնի է, որ դեպի հակաբիոտիկների հանդեպ կայունություն տանող առաջին ուղին հենց ինքնաբուժությունն ու դեղամիջոցների սխալ օգտագործումն է:

Շատ կարեւոր է նաեւ կրթել բուժաշխատողներին եւ մշակել բուժական ստանդարտ սխեմաներ, որով բժիշկները կառաջնորդվեն նշանակումներ անելիս: Հիշեցնենք, որ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ բազում բժիշկներ հակաբիոտիկներ են նշանակում իրենց իսկ «հանգստության» համար, նույնիսկ երբ դրանց կարիքն ընդհանրապես չի լինում:

Պետք է նաեւ բարձրացնել լաբորատոր վերահսկողության մակարդակը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետորեն պարզել, թե ինչ խնդիր կա հիվանդի մոտ եւ կոնկրետ որ հակաբիոտիկը կարող է նրան օգնել: Սա նույնպես մարդկանց զերծ կպահի սխալ հակաբիոտիկներ օգտագործելուց:

Հակոբ Թոփչյանի խոսքով՝ պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ հակաբիոտիկները մեր օրգանիզմ են ներթափանցում ոչ միայն դեղամիջոցների ձեւով, այլեւ սննդի հետ, եւ այս ոլորտն էլ է պետք կարգավորել: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը իր զեկույցի ժամանակ նշել է, որ այս ոլորտն իրոք ուշադրության է արժանի. մասնավորապես, շատ կարեւոր է հետեւել, թե անասնաբուծության մեջ կենդանիներին կոնկրետ ինչ հակաբիոտիկներ են տալիս; օրինակ, հասկանալի պատճառներով չի կարելի, որպեսզի նրանց մարդկանց համար նախատեսված կահաբիոտիկներ տան:

Բացի այդ, պետք չէ անտեսել նաեւ դեղագետների դերը, քանի որ հենց նրանք կարող են պացիենտին օգտակար խորհուրդներ եւ ճիշտ տեղեկատվություն տալ հակաբիոտիկների պատշաճ կիրառման վերաբերյալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում