Հետազոտողներն ավելի ու ավելի հաճախ են գալիս այն եզրակացության, որ մեզ քաջ հայտնի խոհանոցային համեմունքները կարող են շատ ավելի մեծ օգուտ տալ օրգանիզմին, քան պարզապես ուտեստների համը բարելավելը: Գիտական տվյալների համաձայն՝ դարչինը, քրքումը, սև պղպեղը, օրեգանոն և կարմիր պղպեղը կարող են դրականորեն ազդել արյան մեջ շաքարի մակարդակի, բորբոքային գործընթացների, ուղեղի աշխատանքի և աղիքային միկրոբիոտայի կազմի վրա:
Այս ամփոփիչ վերլուծությունը հիմնված է արդեն իսկ հրապարակված գիտական հոդվածների վրա, ներառյալ՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին (UCLA) կից Մարդու սնուցման կենտրոնի կատարած աշխատանքները: Հետազոտության արդյունքները լույս են տեսել Nutrition Reviews գիտական ամսագրում:
Խոտաբույսեր և համեմունքներ. ավելին, քան պարզապես համեմունքներ
Մարդիկ հազարավոր տարիներ շարունակ օգտագործել են խոտաբույսեր և համեմունքներ: Դրանց մեծ մասը ծագում է Միջերկրական ծովից, Մերձավոր Արևելքից և Ասիայից և վաղուց օգտագործվել են ոչ միայն խոհարարության մեջ, այլև որպես պահպանիչներ և բուժիչ միջոցներ:
Խոտաբույսերը ստացվում են բույսերի թարմ տերևներից և ծաղիկներից, մինչդեռ համեմունքները պատրաստվում են արմատներից, սերմերից, կեղևից, ցողուններից, հատապտուղներից և բողբոջներից, առավել հաճախ չորացրած տեսքով:
Ժամանակակից սննդակարգի շատ ուղեցույցներ խորհուրդ են տալիս համեմունքներն օգտագործել որպես աղի այլընտրանք: Օրինակ՝ Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից մշակված DASH դիետան խորհուրդ է տալիս աղը փոխարինել խոտաբույսերով և համեմունքներով՝ առողջ արյան ճնշումը պահպանելու համար:
Համեմունքներում պարունակվող պոլիֆենոլները և այլ կենսաակտիվ միացությունները օգնում են պայքարել օքսիդատիվ սթրեսի դեմ՝ չեզոքացնելով ազատ ռադիկալները, որոնք կապված են ծերացման և քրոնիկ հիվանդությունների զարգացման հետ:
Ի՞նչ է ցույց տվել հետազոտության վերլուծությունը
2010-ից 2024 թվականներին UCLA-ի հետազոտողները անցկացրել են ութ կլինիկական և տասներկու լաբորատոր հետազոտություններ՝ մարդու առողջության վրա առանձին համեմունքների և դրանց խառնուրդների ազդեցության վերաբերյալ։
Հետազոտողները գնահատել են դրանց ազդեցությունը նյութափոխանակության, բորբոքման, աղիքային միկրոբիոտայի, ճանաչողական գործառույթի և հիվանդությունների զարգացման հետ կապված տարբեր կենսաբանական գործընթացների վրա։
Դարչին
Մի քանի կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ սննդակարգում դարչին ներառելը նվազեցնում է ինսուլինի և գլյուկագոնի մակարդակն ուտելուց հետո՝ ինչպես նորմալ քաշ ունեցողների, այնպես էլ ավելորդ քաշից տառապող պացիենտների մոտ: Բացի այդ, արձանագրվել է արյան մեջ գլյուկոզայի միջին մակարդակի անկում և դրական փոփոխություններ աղիքային միկրոբիոտայի կազմում: Այնուամենայնիվ, որոշ մասնակիցների մոտ նկատվել է շաքարի մակարդակի ժամանակավոր բարձրացում, ինչը խոսում է նյութափոխանակության վրա դարչնի ունեցած ազդեցության բարդ բնույթի մասին: Դարչինն օժտված է նաև հակաբորբոքային, հակաօքսիդանտային, ինչպես նաև լյարդն ու նյարդային համակարգը պաշտպանող (հեպատոպրոտեկտոր և նեյրոպրոտեկտոր) հատկություններով: Այս հարցում առանցքային դեր է խաղում դրա հիմնական ակտիվ բաղադրիչը՝ ցինամալդեհիդը:
Կարմիր պղպեղԿապսաիցինը, որը չիլի պղպեղին հաղորդում է իր կծվությունը, ընդունակ է արագացնել ջերմագոյացումը, սակայն մեծ չափաբաժիններով կարող է տհաճ զգացողություններ առաջացնել ստամոքսաղիքային տրակտում: Այդ պատճառով հետազոտողներն ուսումնասիրում են CH-19 տեսակի քաղցր կարմիր պղպեղը, որը պարունակում է կապսինոիդներ, այդ թվում՝ դիհիդրոկապսիատ (DCT): Այս նյութերը կարող են ակտիվացնել աղիների TRPV1 ընկալիչները՝ ավելացնելով էներգիայի ծախսն ու ճարպերի օքսիդացումն առանց ակնհայտ կողմնակի ազդեցությունների: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ցածր կալորիականությամբ դիետայի ընթացքում DCT ստացած մասնակիցների մոտ ուտելուց հետո էներգիայի ծախսն ավելացել է: Այդուհանդերձ, ավելի ուշ կատարված աշխատանքները ցույց են տվել ոչ այդքան զգալի արդյունքներ:
ՔրքումՔրքումի գլխավոր ակտիվ բաղադրիչը՝ կուրկումինը, համարվում է բնական ամենաուսումնասիրված միացություններից մեկը: 2014 թվականի մի հետազոտության համաձայն՝ կուրկումինի համադրումն արկտիգենինի և էպիգալոկատեխին գալատի (EGCG) հետ ուժեղացրել է կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի բջիջների դեմ հակաուռուցքային ազդեցությունը: 2018 թվականին հրապարակված մեկ այլ հետազոտության մեջ նշվում է, որ կուրկումինի կենսամատչելի ձևի երկարատև ընդունումը բարելավել է տարեցների հիշողությունը, ուշադրությունն ու տրամադրությունը: Ուղեղի պատկերային հետազոտությունները նույնպես փոփոխություններ են արձանագրել, որոնք կապված են ամիլոիդ և տաու սպիտակուցների հնարավոր կուտակման նվազեցման հետ: Լրացուցիչ տվյալները վկայում են նաև այն մասին, որ կուրկումինն ընդունակ է մեղմել ծնկան հոդի օստեոարթրիտի ցավերը և բարելավել լիպիդային պրոֆիլը նյութափոխանակության համախտանիշ ունեցող պացիենտների մոտ:
Համեմունքների խառնուրդներն ու աղիների առողջությունըՈւսումնասիրությունները փաստում են, որ սև պղպեղ, կայենյան պղպեղ, դարչին, կոճապղպեղ, օրեգանո, ռոզմարին և քրքում պարունակող համեմունքների խառնուրդները նպաստում են աղիքային օգտակար բակտերիաների, այդ թվում՝ լակտո- և բիֆիդոբակտերիաների աճին՝ միաժամանակ ճնշելով որոշ հնարավոր հիվանդածին միկրոօրգանիզմներ: UCLA-ի աշխատանքները նաև ցույց են տվել, որ միսը պատրաստելուց առաջ պոլիֆենոլներով հարուստ համեմունքներ ավելացնելը զգալիորեն նվազեցնում է լիպիդների գերօքսիդացման ցուցանիշները: Բացի այդ, համեմունքների պոլիֆենոլներն օգնում են նվազեցնել օքսիդացման սթրեսը և բարելավել անոթների էնդոթելիալ ֆունկցիան: Հակաօքսիդանտային հատկապես բարձր ակտիվությամբ աչքի է ընկնում օրեգանոն: Ընդ որում, կուրկումինը պահպանում է իր հատկությունները նույնիսկ ջերմային մշակումից հետո, իսկ քրքումի և սև պղպեղի համադրությունը մի քանի անգամ ուժեղացնում է դրա պաշտպանիչ ազդեցությունը:
Եզրակացություններ
Առկա տվյալները վկայում են այն մասին, որ խոտաբույսերն ու համեմունքները կարող են դրականորեն ազդել աղիների առողջության, նյութափոխանակության, սիրտ-անոթային համակարգի և ճանաչողական ֆունկցիաների վրա:
Այնուամենայնիվ, հետազոտողներն ընդգծում են, որ լաբորատոր գիտափորձերի մեծ մասում օգտագործվում են այնպիսի չափաբաժիններ, որոնք զգալիորեն գերազանցում են առօրյա սննդի մեջ դրանց սովորական օգտագործումը: Բացի այդ, կենսաբանորեն ակտիվ նյութերի արդյունավետության վրա ազդում են նաև կերակուր պատրաստելու եղանակները, մարսողության առանձնահատկությունները և այլ մթերքների հետ փոխազդեցությունը:
Չնայած սրան՝ մասնագետները կարծում են, որ խոտաբույսերի և համեմունքների հետագա ուսումնասիրությունը կարող է պարզ ու հասանելի մեթոդներ մշակել՝ առողջության ամրապնդման և սննդային ավելի օգտակար սովորություններ ձևավորելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում