Օրական ընդամենը մեկ բաժակ. պարզվել է, թե որ ըմպելիքը կարող է մեծացնել լյարդի քաղցկեղի ռիսկը

13 հունիսի, 2026  10:23

Քաղցր գազավորված ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է կապված լինել լյարդի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հետ։ Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ վերլուծելով 11 երկարաժամկետ դիտարկողական հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ավելի քան 1,5 միլիոն չափահաս մարդ։ Աշխատանքը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են, թե արդյոք կապ կա շաքար պարունակող ու արհեստական քաղցրացուցիչներով ըմպելիքների օգտագործման և լյարդի քաղցկեղի զարգացման միջև։ Մասնակիցները լրացրել են սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկ և միջինում շուրջ 18 տարի գտնվել են հսկողության տակ, իսկ քաղցկեղի դեպքերը գրանցվել են պետական ուռուցքաբանական ռեգիստրների և բժշկական հետազոտությունների միջոցով։

Վերլուծությունը ցույց է տվել, որ հավելյալ շաքարով ըմպելիքների մեծ քանակությամբ օգտագործումը կապված է լյարդի քաղցկեղի երկու հիմնական տեսակների՝ հեպատոցելուլյար կարցինոմայի և ներլյարդային խոլանգիոկարցինոմայի ռիսկի մեծացման հետ։

Միևնույն ժամանակ, արհեստական քաղցրացուցիչներով ըմպելիքների դեպքում նման կապ չի հայտնաբերվել. դրանց օգտագործումը չի ասոցացվել ո՛չ լյարդի քաղցկեղի ընդհանուր ռիսկի, ո՛չ էլ այս հիվանդության առանձին ենթատեսակների հետ։

Կարևոր է ընդգծել, որ հետազոտությունը դիտարկողական բնույթ է կրում և չի ապացուցում պատճառահետևանքային կապը։ Սակայն հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները համահունչ են այն բազմաթիվ տվյալներին, որոնք փաստում են շաքար պարունակող ըմպելիքների բացասական ազդեցությունը առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում