Միայն մրգեր և բանջարեղեն օգտագործելու հանձնարարականներին հետևելը կարող է բավարար չլինել սրտի համար առավելագույն օգուտ քաղելու տեսանկյունից: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ պակաս կարևոր է կոնկրետ մթերքների ընտրությունը, հատկապես այն մթերքների, որոնք հարուստ են ֆլավանոլներով՝ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ կապված բնական միացություններով:
Ռեդինգի համալսարանի, Հարվարդի բժշկական դպրոցի, Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանի և Mars, Inc. ընկերության միջազգային գիտնականների խումբը պարզել է, որ մարդկանց 20%-ից պակասն է ստանում բավարար քանակությամբ ֆլավանոլներ՝ դրանց հնարավոր պաշտպանիչ ազդեցությանը հասնելու համար:
Food & Function հանդեսում հրապարակված աշխատանքը հիմնված է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ավելի քան 30 հազար բնակիչների սննդակարգի և բիոմարկերների վերլուծության վրա: Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ այն մարդկանցից շատերը, որոնք կանոնավոր կերպով օգտագործում են օրական հանձնարարվող հինգ չափաբաժին միրգն ու բանջարեղենը, չեն հասնում ֆլավանոլների սպառման այն մակարդակին, որը կապված է սիրտ-անոթային համակարգի համար օգտակարության հետ:
Ըստ հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Խավիեր Օտտավիանիի՝ ֆլավանոլներն ընդունակ են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններից մահացության վտանգը, սակայն դրական արդյունքը նկատվում է միայն սննդի հետ դրանց բավարար քանակությամբ ընդունման դեպքում։ Ստացված տվյալները ցույց են տալիս, որ զանազան միրգն ու բանջարեղենն էականորեն տարբերվում են այս օգտակար միացությունների պարունակությամբ:
Ֆլավանոլներով առավել հարուստ մթերքներ են ճանաչվել սալորը, լոռամրգին, մոշը, կանաչ թեյը, բակլան, բալը, խնձորը՝ կեղևով, ելակը, կապույտ հապալասը և պինտո լոբին: Այս մթերքների կանոնավոր ներառումը սննդակարգում կարող է զգալիորեն մեծացնել ֆլավանոլների ընդունումը:
Ավելի վաղ, դրանց թվում՝ COSMOS խոշոր կլինիկական հետազոտության ընթացքում, ցույց էր տրվել, որ օրական մոտ 500 մգ ֆլավանոլների օգտագործումը նպաստում է սրտի հիվանդություններից մահվան ռիսկի զգալի նվազմանը: Սակայն նոր հետազոտությունը վկայում է, որ մարդկանց մեծամասնությունը ստանում է այդ քանակից զգալիորեն պակաս:
Հեղինակները նշում են, որ արդյունքները հարցականի տակ են դնում սննդակարգի վերաբերյալ գոյություն ունեցող հանձնարարականների հնարավոր կատարելագործման անհրաժեշտությունը։ Թեև օրական առնվազն հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն օգտագործելու խորհուրդը մնում է արդիական, ապագայում հանձնարարականները կարող են ավելի մեծ ուշադրություն դարձնել այնպիսի օգտակար կենսաբանորեն ակտիվ նյութերով հարուստ մթերքների ընտրությանը, ինչպիսիք են ֆլավանոլները:
Գիտնականներն ընդգծում են, որ մրգերի և բանջարեղենի բազմազան սպառումը մնում է առողջ սննդակարգի հիմքը, սակայն ֆլավանոլներով հարուստ մթերքների ներառումը սննդակարգում կարող է լրացուցիչ պաշտպանություն ապահովել սիրտ-անոթային համակարգի համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում