Ալաբամայի Հանթսվիլի համալսարանի հետազոտողները հայտնել են իրենց աշխատանքի արդյունքների մասին, որոնք կարող են նոր ուղի հարթել հոդերի վնասվածքների և հետվնասվածքային օստեոարթրիտի բուժման համար՝ առանց դեղամիջոցների և վիրահատական միջամտության: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:
Գիտնականներն ուսումնասիրել են մակրոֆագերի վրա ցածր ինտենսիվության անընդհատ ուլտրաձայնի ազդեցությունը: Սրանք իմունային համակարգի բջիջներ են, որոնք առանցքային դեր են խաղում ինչպես բորբոքման, այնպես էլ հյուսվածքների վերականգնման գործում:
Վնասվածքից հետո օրգանիզմում ակտիվանում են մակրոֆագերի երկու հիմնական տեսակներ: Առաջինները (այսպես կոչված՝ M1) պատասխանատու են վնասվածքների դեմ պայքարի համար և գործարկում են բորբոքային ռեակցիան: Երկրորդները (M2) նպաստում են ապաքինմանն ու հյուսվածքների վերականգնմանը: Խնդիրն այն է, որ որոշ հիվանդությունների դեպքում, ներառյալ հետվնասվածքային օստեոարթրիտը, M1 բորբոքային բջիջները չափից ավելի երկար են ակտիվ մնում՝ պահպանելով քրոնիկ բորբոքումն ու արագացնելով հոդի քայքայումը:
Աշխատանքի հեղինակները պարզել են, որ ցածր ինտենսիվության ուլտրաձայնի ազդեցությունն ընդունակ է փոխել այս բջիջների վարքագիծը: Դրա ազդեցությամբ նվազել է բորբոքման հետ կապված գեների ակտիվությունը, և միաժամանակ ուժեղացել է վերականգնող M2-անման մակրոֆագերին բնորոշ գեների ակտիվությունը:
Վնասված հոդում ընթացող իրական գործընթացները մոդելավորելու համար հետազոտողները կիրառել են ոչ թե բորբոքման խթանման ստանդարտ լաբորատոր մեթոդներ, այլ ֆիբրոնեկտինի բեկորներ (մոլեկուլներ, որոնք առաջանում են վնասվածքից հետո հյուսվածքների քայքայման հետևանքով): Սա թույլ է տվել ավելի իրատեսական մոդել ստեղծել այն ամենի համար, ինչ կատարվում է հոդի ներսում վնասվածքից հետո:
Բացի այդ, գիտնականները կիրառել են գեների ակտիվության վերլուծության ժամանակակից մեթոդներ, որոնք հնարավորություն են տվել գնահատել ոչ թե առանձին գեներն առանձին-առանձին, այլ փոխհամաձայնեցված աշխատող գեների ամբողջական խմբեր: Այս մոտեցումն օգնել է ավելի լավ հասկանալ, թե հատկապես ինչպես են իմունային բջիջներն արձագանքում ուլտրաձայնային ազդեցությանը:
Արդյունքները ցույց են տվել, որ ցածր ինտենսիվության անընդհատ ուլտրաձայնը կարող է թուլացնել բորբոքային գործընթացները և միաժամանակ ուժեղացնել հյուսվածքների վերականգնման մեխանիզմները: Հեղինակների կարծիքով՝ ապագայում այս տեխնոլոգիան կարող է լրացնել բուժման գոյություն ունեցող մեթոդները և օգնել դանդաղեցնել օստեոարթրիտի զարգացումը հոդերի վնասվածքներից հետո:
Այնուամենայնիվ, հետազոտողներն ընդգծում են, որ աշխատանքը դեռևս գտնվում է լաբորատոր փուլում: Հաջորդ քայլը լինելու է վաղ հետվնասվածքային օստեոարթրիտ ունեցող կենդանիների մոդելների վրա փորձարկումների անցկացումը, ինչը պետք է ցույց տա՝ արդյո՞ք ուլտրաձայնն իրոք ընդունակ է բարելավել հոդերի երկարաժամկետ վերականգնումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում