Ուժեղ շոգին շատերի մոտ ախորժակը կտրուկ ընկնում է. տաք կերակրի մասին միտքն անգամ գրեթե տհաճ է թվում։ Սա ամենևին էլ օրգանիզմի «կամակորությունը» չէ, այլ ջերմակարգավորման բարդ համակարգի աշխատանքի արդյունքը։ Բարձր ջերմաստիճանի պայմաններում այն վերաբաշխում է մարմնի ռեսուրսները՝ նախապատվությունը տալով հովացմանը, ոչ թե մարսողությանը, հայտնում է The Conversation-ը։
Օրգանիզմի գլխավոր խնդիրը ներքին ջերմաստիճանը շուրջ 37°C պահպանելն է։ Այս ցուցանիշը վերահսկվում է հիպոթալամուսի՝ ուղեղում գտնվող ջերմակարգավորման կենտրոնի կողմից։ Գերտաքացման ժամանակ միանում են հովացման մեխանիզմները, ուժեղանում է քրտնարտադրությունը, փոխվում է արյան հոսքի բաշխվածությունը, և նվազում է այն գործընթացների ակտիվությունը, որոնք կարող են էլ ավելի բարձրացնել մարմնի ջերմաստիճանը։
Շոգին արյունն ակտիվորեն ուղղվում է դեպի մաշկը, որպեսզի ջերմությունը փոխանցի շրջակա միջավայրին։ Դրա հետևանքով աղեստամոքսային տրակտի հատվածում արյան քանակը պակասում է։ Իսկ սովորական պայմաններում ուտելուց հետո արյան հոսքի զգալի մասն ուղղվում է հենց այնտեղ՝ սնունդը մարսելու և յուրացնելու համար։ Երբ այս գործընթացը ճնշվում է, մարսողությունը դանդաղում է, և ախորժակը բնականոն կերպով նվազում է։
Մեկ այլ լրացուցիչ գործոն է մարսողության էներգետիկ «արժեքը»։ Սննդանյութերի մարսումը, ներծծումն ու տեղափոխումն ինքնին ջերմություն են արտադրում։ Գերտաքացման պայմաններում օրգանիզմը ձգտում է խուսափել ցանկացած գործընթացից, որը կարող է լրացուցիչ կերպով բարձրացնել ներքին ջերմաստիճանը, այդ պատճառով էլ մարսողական համակարգի ակտիվությունը նվազում է։
Ախորժակի վրա ազդում է նաև հորմոնալ կարգավորումը։ Քաղցի և հագեցվածության զգացումների հավասարակշռությունը որոշվում է հորմոններով, այդ թվում՝ գրելինով (որը խթանում է քաղցը) և լեպտինով, PYY-ով ու GLP-1-ով (որոնք հագեցվածության ազդանշաններ են)։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոգը կարող է նվազեցնել գրելինի մակարդակը և ուժեղացնել հագեցվածության ազդակները, թեև այս ազդեցությունները միշտ չէ, որ կայուն են և լիովին չեն բացատրում այս երևույթը։
Կարևոր դեր ունի նաև քաղցի և ծարավի միջև կապը։ Երկու վիճակներն էլ կարգավորվում են հիպոթալամուսի կողմից, և դրանք հեշտ է շփոթել։ Բարձր ջերմաստիճանի դեպքում օրգանիզմը քրտնարտադրության միջոցով ավելի շատ հեղուկ է կորցնում, ինչը հանգեցնում է ծարավի ուժգնացման։ Արդյունքում ուղեղն առաջին հերթին պահանջում է լրացնել ջրի պաշարները, այլ ոչ թե սննդի, ինչն էլ ավելի է ճնշում ախորժակը։
Բացի այդ, ջրազրկման և գերտաքացման ժամանակ ստամոքսը կարող է ավելի դանդաղ դատարկվել, ինչը ծանրության և արագ կշտանալու զգացում է առաջացնում։ Սա նույնպես նվազեցնում է ուտելու ցանկությունը՝ հատկապես պինդ կամ ծանր սննդի դեպքում։
Այսպիսով, շոգին օրգանիզմն իսկապես վերադասավորում է իր առաջնահերթությունները. հովանալն ավելի կարևոր է դառնում, քան մարսողությունը։ Ուստի ախորժակի անկումը ոչ թե խանգարում է, այլ հարմարվողական ֆիզիոլոգիական արձագանք։
Այդուհանդերձ, սնվելը շարունակում է անհրաժեշտություն մնալ։ Նման պայմաններում ավելի լավ է ընտրել թեթև և ջրով հարուստ մթերքներ՝ մրգեր, բանջարեղեն, յոգուրտներ, կաթնամթերք, ինչպես նաև օրվա ընթացքում ուտել փոքր չափաբաժիններով։ Դրանք օգնում են պահպանել էներգիան՝ առանց հավելյալ ջերմային ծանրաբեռնվածություն ստեղծելու։
Չափազանց կարևոր է նաև հեղուկների և էլեկտրոլիտների պաշարների վերականգնումը, հատկապես ուժեղ քրտնարտադրության ժամանակ։ Սպիտակուցները չպետք է լիովին բացառել, սակայն ավելի հարմար է դրանք բաշխել օրվա մեջ՝ փոքր չափաբաժիններով։ Ընդհանուր առմամբ, միջերկրածովյան խոհանոցին բնորոշ ավելի թեթև կերակրատեսակները լավագույնս են համապատասխանում շոգ եղանակի ֆիզիոլոգիական պայմաններին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում