Լսողական սարքերի օգտագործումը էպիլեպսիա և լսողության կորուստ ունեցող մեծահասակների մոտ կարող է կապված լինել դեմենցիայի զարգացման ռիսկի 23 տոկոսով նվազման հետ, վկայում են Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի և Լիվերպուլի համալսարանի հետազոտողները։ Արդյունքները ներկայացվել են Եվրոպական նյարդաբանության ակադեմիայի (EAN) 2026 թվականի կոնգրեսում։
Հետազոտողները վերլուծել են միջազգային TriNetX տվյալների բազայից ավելի քան 250 միլիոն պացիենտների էլեկտրոնային առողջապահական գրառումները։ Նրանք համեմատել են լսողության կորուստ ունեցող մարդկանց (որոնք օգտագործում էին լսողական սարքեր), նմանատիպ պացիենտների խմբի հետ, որոնք նման սարքեր չէին օգտագործում։
Հետազոտությունը ներառել է ինչպես լսողության կորուստ ունեցող մարդկանց ընդհանուր պոպուլյացիան, այնպես էլ այն պացիենտներին, որոնք ունեն դեմենցիայի ռիսկը մեծացնող հիվանդություններ, այդ թվում՝ էպիլեպսիա, կաթված, 2-րդ տեսակի դիաբետ, քրոնիկական երիկամային հիվանդություն, սրտի անբավարարություն, միգրեն և օստեոարթրիտ։
Անսպասելիորեն վիճակագրական առումով նշանակալի կապ է հայտնաբերվել միայն էպիլեպսիա ունեցող պացիենտների մոտ։ Այս խմբում լսողական սարքի օգտագործումը կապված է եղել դեմենցիայի ռիսկի 23 տոկոսով նվազման հետ։ Հինգ տարվա ընթացքում բացարձակ ռիսկի նվազումը կազմել է 2,7 տոկոսային կետ (համապատասխանաբար լսողական սարք օգտագործող յուրաքանչյուր 37 մարդու համար կանխարգելված դեմենցիայի մեկ դեպք)։ Սակայն նման կապ չի հայտնաբերվել լսողության կորուստ ունեցող մարդկանց ընդհանուր պոպուլյացիայի կամ ինսուլտ, դիաբետ, սրտի անբավարարություն, միգրեն, քրոնիկական երիկամային հիվանդություն կամ օստեոարթրիտ ունեցող պացիենտների մոտ։
Հետազոտողների կարծիքով՝ հնարավոր բացատրությունը կապված է այսպես կոչված կոգնիտիվ պահուստի՝ ուղեղի տարիքային փոփոխությունները և վնասները փոխհատուցելու ունակության հետ։
Նրանք նաև նշել են, որ այս ազդեցության համար կան մի քանի կենսաբանորեն հավանական պատճառներ. էպիլեպսիան ինքնին կապված է կոգնիտիվ անկման արագացման հետ, քունքային էպիլեպսիան ախտահարում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են լսողության համար, իսկ որոշ հակացնցումային դեղամիջոցներ կարող են վնասել լսողությունը։
Հեղինակների կարծիքով՝ արդյունքները կարող են գործնական նշանակություն ունենալ էպիլեպսիա ունեցող պացիենտների բժշկական խնամքի համար։ Քանի որ այս պացիենտները պարբերաբար հսկվում են բժիշկների կողմից, լսողության սքրինինգը կարող է հեշտությամբ ներառվել ստանդարտ հետազոտությունների մեջ։
Միևնույն ժամանակ, գիտնականները նշել են, որ հետազոտությունը կրում է դիտողական բնույթ և դեռևս չի ապացուցում, որ լսողական սարքերն ուղղակիորեն կանխում են դեմենցիայի զարգացումը։ Պատճառահետևանքային կապը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա հեռանկարային կլինիկական հետազոտություններ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում