Nature Aging հանդեսում հրապարակված եվրոպական խոշոր հետազոտությունը ցույց է տվել, որ արյան պլազմայի սպիտակուցային կազմով որոշվող կենսաբանական տարիքը սերտորեն կապված է խրոնիկական հիվանդությունների զարգացման և ընդհանուր մահացության վտանգի հետ:
Գիտնականներն օգտագործել են ծերացման այսպես կոչված պրոտեոմային ժամացույցները՝ արյան մեջ հազարավոր սպիտակուցների վերլուծության հիման վրա կենսաբանական տարիքի գնահատման մեթոդը: Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս որոշել, թե որքանով է մարդու օրգանիզմը «ծերանում» մոլեկուլային մակարդակում՝ նրա օրացուցային տարիքի համեմատ:
Հետազոտությանը մասնակցել է 17 հազար 473 մարդ եվրոպական երկրներից, այդ թվում՝ Իսպանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից: Մասնակիցների դիտարկումը շարունակվել է մինչև 28 տարի՝ EPIC (Քաղցկեղի և սննդի եվրոպական հեռանկարային հետազոտություն) նախագծի շրջանակում:
Հետազոտողները հաշվարկել են այսպես կոչված «տարիքային ճեղքվածքը»՝ կենսաբանական և փաստացի տարիքի միջև տարբերությունը: Պարզվել է, որ արագացված կենսաբանական ծերացումը կապված է հիվանդությունների և մահվան զգալիորեն ավելի բարձր ռիսկի հետ:
Այդ «տարիքային ճեղքվածքի» յուրաքանչյուր հավելյալ տարին ցանկացած պատճառով մահվան վտանգն ավելացրել է մոտ 13%-ով: Ընդհանուր առմամբ, գլոբալ պրոտեոմային ժամացույցները ցույց են տվել մոտ 1,3–1,4 ռիսկերի հարաբերակցություն (HR) սիրտ-անոթային հիվանդությունների և ուղեղի կաթվածի համար, ինչպես նաև մոտ 1,2՝ դեմենցիայի համար:
Բացի դրանից, արագացված ծերացումը կապված է եղել տարբեր օնկոլոգիական հիվանդությունների բարձր ռիսկի հետ, ներառյալ թոքերի, լյարդի, երիկամների, ստամոքսի և վերին շնչուղիների քաղցկեղը: Հատկապես ուժեղ կապեր են նկատվել երիկամների, թոքերի և ստամոքսի քաղցկեղի դեպքում, որտեղ օրգան-առանձնահատուկ «ծերացման ժամացույցները» առավել ճշգրիտ են կանխատեսել հիվանդության վտանգը:
Գիտնականները պարզել են նաև, որ արագացված կենսաբանական ծերացումը կապված է կենսակերպի այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են ծխելը, ֆիզիկական ակտիվության պակասը և ալկոհոլի օգտագործումը: Ընդսմին, մարմնի զանգվածի ինդեքսը և սննդի որակը տվյալ մոդելում ցույց են տվել նվազ կայուն կապ ընդհանուր «տարիքային ճեղքվածքի» հետ, ինչը մատնանշում է ծերացման մեխանիզմների բարդությունը:
Կարևոր է, որ պրոտեոմային ժամացույցները ցույց են տվել կանխատեսողական այնպիսի ճշգրտություն, որը համադրելի է ավանդական ռիսկի գործոնների հետ, ինչպիսիք են տարիքը, ծխելը և այլ կլինիկական ցուցանիշները: Ավելին, երբ դրանք համադրվել են սովորական կլինիկական տվյալների հետ, մահացության կանխատեսման ճշգրտությունն աճել է:
Հետազոտողներն օգտագործել են վիճակագրական մոդելներ, որոնք հաշվի են առնում մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը, ալկոհոլը, ֆիզիկական ակտիվությունը, սննդի որակը և կրթական մակարդակը, ինչպես նաև ստուգել են արդյունքները Whitehall II հետազոտության անկախ խմբի վրա:
Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը դիտողական հետազոտության մասին է, ուստի պատճառահետևանքային եզրակացություններ անել չի կարելի: Այնուամենայնիվ, արդյունքները մատնանշում են կլինիկական պրակտիկայում կենսաբանական ծերացումը գնահատելու համար արյան սպիտակուցային մարկերների օգտագործման հեռանկարայնությունը:
Եթե հետագա հետազոտություններն այդ տվյալները հաստատեն, պրոտեոմային ժամացույցները կարող են խրոնիկական հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց վաղ հայտնաբերման գործիք դառնալ և օգնել բժիշկներին ավելի ճշգրիտ կանխատեսել հիվանդությունների զարգացումն ու կանխարգելիչ միջոցառումներ ընտրել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում