Նստակյաց վիճակի կարճատև դադարները նվազեցնում են քաղցկեղից մահվան վտանգը. հետազոտություն

7 հուլիսի, 2026  01:39

Նստակյաց կենսակերպը, այսինքն՝ ցանկացած գործունեություն էներգիայի ցածր ծախսով՝ նստած, կիսապառկած կամ պառկած դիրքում առնվազն 30 րոպեի ընթացքում, կապված է առողջության համար անբարենպաստ հետևանքների հետ։

Այն մարդկանց շրջանում, ովքեր ամենաերկար անընդմեջ ժամանակահատվածներն են անցկացրել նստած դիրքում, քաղցկեղից մահվան, քաղցկեղով ընդհանուր հիվանդացության, գիրության հետ կապված օնկոլոգիական հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարախտին առնչվող քաղցկեղի ավելի բարձր ռիսկ է նկատվել, ասվում է PLOS Medicine բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ։

Երկարատև նստակյաց վարքագծի յուրաքանչյուր լրացուցիչ ժամը 10%-ով բարձրացնում էր քաղցկեղից մահվան ռիսկը, պարզել են հետազոտողները։

Լավ նորությունն այն է, որ զբոսանքը, տնային գործեր կատարելը կամ վազքը նվազեցնում են այդ վտանգը, հաղորդում է Euronews-ը։ Մեկ ժամ նստելը թեթև ֆիզիկական ակտիվությամբ փոխարինելը, օրինակ շապիկ արդուկելը, աման լվանալը կամ քայլելը, քաղցկեղից մահվան ռիսկը նվազեցնում էր 12%-ով։

Նստելու ժամանակը 30 րոպեով կրճատելը չափավոր ծանրաբեռնվածության հաշվին, օրինակ՝ հատակը լվանալը կամ արագ քայլելը, նվազեցնում էր ռիսկը 8%-ով, իսկ ինտենսիվ ակտիվության ընդամենը հինգ րոպեն, օրինակ՝ վազքը կամ բասկետբոլ խաղալը, այն նվազեցնում էր 22%-ով։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ նստակյաց վարքագծի ազդեցությունը առողջության վրա կարող է կախված լինել ոչ միայն ընդհանուր տևողությունից, այլև այն բանից՝ արդյոք այն կուտակվում է երկարատև անընդմեջ հատվածներով, թե՞ ընդհատվում է ակտիվությամբ»,- հայտարարել են հեղինակները։

Նրանք հավելել են, որ նախորդ փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ երկարատև նստելը ակտիվության կարճ ժամանակահատվածներով ընդհատելը բարելավում է նյութափոխանակության ցուցանիշները՝ անընդմեջ նստած վիճակում գտնվելու համեմատ։

«Առողջության վերաբերյալ գործող հանձնարարականները մեծապես կենտրոնացած են չափավոր և ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության վրա, սակայն մեր արդյունքները ցույց են տալիս, որ թեթև ակտիվությունը ևս չպետք է անտեսվի»,- գրել են հեղինակները։

Ըստ հենց մասնակիցների տրամադրած տվյալների՝ նստակյաց վարքագծին է բաժին ընկնում արթուն ժամանակի մոտ 55%-ը ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների շրջանում, նշել են հեղինակները։

2018 թվականի Առողջապահության համաշխարհային ասամբլեայում երկրները համաձայնության են եկել գլոբալ նպատակի շուրջ՝ մինչև 2030 թվականը ֆիզիկական անակտիվության մակարդակը նվազեցնել 15%-ով՝ 2010 թվականի համեմատ։

Ընդսմին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ պետությունները հետ են մնում նախանշված ցուցանիշներից, իսկ միլիոնավոր չափահասներ ամբողջ աշխարհում չեն հասնում ֆիզիկական ակտիվության հանձնարարված մակարդակներին։

2024 թվականին ԱՀԿ-ն նախազգուշացրել է. եթե միտումը պահպանվի, ֆիզիկական անակտիվության մակարդակը մինչև 2030 թվականը կարող է աճել մինչև 35%։

Ֆիզիկական անակտիվությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում. ամբողջ աշխարհում դրա մակարդակը կազմում է 34%՝ տղամարդկանց 29%-ի դիմաց։ 60 տարեկանից բարձր մարդիկ նույնպես նվազ ակտիվ են, քան երիտասարդ չափահասները, ինչն ընդգծում է տարեց հասակում ֆիզիկական ակտիվության խրախուսման կարևորությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում