Վիտամինային կաթիլայինները չեն երկարացնում կյանքի տևողությունը. Marie Claire

7 հուլիսի, 2026  11:13

Վիտամինային կաթիլայինները, միտոքոնդրիումների աշխատանքը բարելավող հավելումները, «հակատարիքային» կենսաակտիվ հավելումները, պեպտիդների ներարկումները և սմարթ-սարքերի օգտագործումը չեն երաշխավորում կյանքի տևողության երկարացում: Դրա մասին Marie Claire-ին տված հարցազրույցում պատմել են կանխարգելիչ բժշկության բժիշկներ Հյու Քոյնը, Մոհամեդ Էնայաթը և Միկա Էնգելը:

Մասնագետները նշել են, որ ամենավիճահարույց միջոցների թվին են դասվում NAD+-ի մակարդակը բարձրացնող հավելումները, օրինակ՝ նիկոտինամիդ ռիբոզիդով (NR) և նիկոտինամիդ մոնոնուկլեոտիդով (NMN) հավելումները: Դրանք հաճախ գովազդվում են որպես ծերացումը դանդաղեցնելու, միտոքոնդրիումների աշխատանքը բարելավելու և էներգիայի մակարդակը բարձրացնելու միջոց: Սակայն կլինիկական հետազոտությունները դեռևս չեն հաստատել, որ նման հավելումներն ընդունակ են երկարացնել մարդկանց կյանքը կամ զգալիորեն դանդաղեցնել տարիքային փոփոխությունները:

Բժիշկները միաժամանակ կոչ են արել զգուշությամբ վերաբերվել բազմաթիվ «հակատարիքային» «հակատարիքային» կենսաակտիվ հավելումներին: Ամենահաճախը դրանք ռեսվերատրոլով, սպերմիդինով, կվերցետինով և կոլագենի բարձր չափաբաժիններով համալիրներն են: Չնայած լաբորատոր հետազոտությունների հուսադրող արդյունքներին՝ մարդու կյանքի երկարացման համար դրանց արդյունավետության համոզիչ ապացույցներ դեռևս չկան:

Առանձնահատուկ կերպով մասնագետները հիշատակել են ներերակային վիտամինային կաթիլայինները, որոնք ներկայացվում են որպես «դետոքսի», էներգիայի վերականգնման և երիտասարդացման միջոց: Վիտամինների պակասի բացակայության դեպքում դրանց առավելությունները ապացուցված չեն, իսկ բուն ընթացակարգը կապված է վարակների և այլ բարդությունների ռիսկի հետ:

Վիճահարույց մեթոդների թվին բժիշկները դասել են նաև որոշակի պեպտիդների ներարկումները, որոնք հանրաճանաչ են բիոհաքերների շրջանում: Խոսքը, մասնավորապես, BPC-157-ի մասին է, որը գովազդվում է հյուսվածքների ապաքինումն արագացնելու համար, CJC-1295-ի և իպամորելինի, որոնք խթանում են աճի հորմոնի արտադրությունը, ինչպես նաև էպիտալոնի, որին վերագրվում է ծերացումը դանդաղեցնելու հատկություն:

Բացի դրանից, մասնագետները նախազգուշացրել են առողջության մոնիթորինգի համար նախատեսված գաջեթներով չափից ավելի տարվելու մասին: Սմարթ-ժամացույցները, մատանիները, ֆիթնես-թևնոցները, առողջ մարդկանց մոտ գլյուկոզայի անընդհատ մոնիթորինգի սարքերը և այլ հարմարանքները օգնում են հետևել օրգանիզմի ցուցանիշներին, սակայն ինքնին չեն բարելավում առողջությունը և կարող են ավելորդ տագնապայնություն ու սևեռուն վերահսկողություն առաջացնել:

«Ամենամեծ սխալն այն կարծիքն է, ըստ որի երկարակեցությունը կարելի է գնել համացանցից»,- նշել է Հյու Քոյնը: Բժիշկներ խորին համոզմամբ՝ ոչ մի հավելում կամ թանկարժեք ընթացակարգ չի փոխհատուցի քնի պակասը, նստակյաց կյանքը, սխալ սննդակարգը կամ ծխելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում