Օրական 750 կալորիայով սննդակարգը նվազեցնում է բորբոքումը պարոդոնտիտով բուժառուների շրջանում. JCP

7 հուլիսի, 2026  15:23

Քաղցը նմանակող սննդակարգը նվազեցրել է բորբոքման ցուցիչները ատամի շուրջ գտնվող հյուսվածքների խրոնիկական բորբոքային հիվանդությամբ՝ պարոդոնտիտով բուժառուների արյան և լնդերի մեջ։ Դրա մասին պարզ է դարձել Journal of Clinical Periodontology (JCP) բժշկագիտական հանդեսում հրապարակված կլինիկական հետազոտությունից։

Աշխատանքն իրականացրել են Ջուզեպպե Մայնասը և Լուիջի Նիբալին՝ Լոնդոնի Թագավորական քոլեջից: Հետազոտության մեջ ընդգրկվել է պարոդոնտիտ ախտորոշմամբ 28 բուժառու, որոնց բաժանել են երկու խմբի՝ ստանդարտ բուժում և ստանդարտ բուժում՝ գումարած FMD սննդակարգ:

FMD-ն նշանակում է fasting-mimicking diet՝ «քաղցը նմանակող սննդակարգ»: Դրա էությունն է. ցիկլի առաջին երկու օրերին կալորիաների ընդունումը նվազում է մինչև մոտավորապես 1100 կկալ, երրորդից հինգերորդ օրերին՝ մինչև 750 կկալ, որից հետո հաջորդում է սովորական սննդակարգը: Հետազոտության մեջ հինգօրյա այս ցիկլը կրկնվել է երեք անգամ՝ երեք ամսվա ընթացքում:

Պարոդոնտիտն առաջանում է բակտերիալ փառի պատճառով, սակայն դրա ծանրությունը մեծապես պայմանավորված է իմունային համակարգի վիճակով: Բերանի խոռոչի խրոնիկական բորբոքումն իր հերթին կապված է ինսուլտի և ճանաչողական խանգարումների բարձր ռիսկի հետ. պարոդոնտի բակտերիաներն ընդունակ են թափանցել արյան հոսքի մեջ և հասնել ուղեղին:

Վեց ամսվա դիտարկումից հետո FMD սննդակարգ պահպանող բուժառուների շրջանում զգալիորեն նվազել են արյան մեջ բորբոքման համակարգային ցուցիչները, մասնավորապես՝ C-ռեակտիվ սպիտակուցը, ինչպես նաև տեղային բորբոքային ցուցանիշները լնդային հեղուկում: Հեղինակների կարծիքով՝ մեխանիզմը կապված է օքսիդատիվ սթրեսի նվազեցման և իմունային բջիջների՝ դեպի հակաբորբոքային ազդեցության ռեժիմի վերածրագրավորման հետ:

Ընդ որում, բուն պարոդոնտիտը երկու խմբերում էլ լավացել է նույն արագությամբ։ Հեղինակները կարծում են, որ FMD սննդակարգը, թեև չի արագացնում բուն լնդի վերականգնումը, նվազեցնում է օրգանիզմի վրա համակարգային բորբոքային «ծանրաբեռնվածությունը», ինչը կարող է էական նշանակություն ունենալ բուժառուի սիրտ-անոթային և նյարդաբանական առողջության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում