Յոգուրտի, պրոբիոտիկների և պրեբիոտիկների կանոնավոր օգտագործումը կարող է կապված լինել հաստ աղիքի՝ կոլորեկտալ քաղցկեղի զարգացման ավելի ցածր հավանականության հետ: Նման եզրակացության են հանգել հետազոտողները, ովքեր վերլուծել են ԱՄՆ-ի ավելի քան 9 հազար չափահաս բնակիչների տվյալները: Աշխատությունը հրապարակվել է Nutrition & Diabetes բժշկագիտական հանդեսում:
Նոր աշխատության հեղինակներն ուսումնասիրել են 2001-ից 2020 թվականներին հավաքված ԱՄՆ-ի Առողջության և սննդառության ազգային հետազոտության (NHANES) տվյալները: Վերլուծության մեջ ներառվել է 50 տարեկան և բարձր տարիքի 9405 մարդ: Գիտնականները գնահատել են՝ արդյոք մասնակիցներն օգտագործե՞լ են յոգուրտ, պրոբիոտիկ և պրեբիոտիկ հավելումներ, այնուհետև այդ տվյալները համադրել են նրանց շրջանում կոլորեկտալ քաղցկեղի առկայության մասին տեղեկությունների հետ:
Ընդհանուր առմամբ, մասնակիցների շրջանում գրանցվել է հիվանդության 151 դեպք: Միաժամանակ, յոգուրտ, պրոբիոտիկներ կամ պրեբիոտիկներ օգտագործող մարդկանց շրջանում կոլորեկտալ քաղցկեղի տարածվածությունը կազմել է 1,2%, մինչդեռ նրանց շրջանում, ովքեր չեն օգտագործել նման մթերքներ կամ հավելումներ՝ 2,1%:
Նույնիսկ բազմաթիվ գործոնների հաշվառումից հետո, ներառյալ՝ տարիքը, սեռը, մարմնի զանգվածի ինդեքսը, ռասայական պատկանելությունը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, շաքարախտի և սիրտ-անոթային հիվանդությունների առկայությունը, ծխելը, բջջանյութի և կարմիր մսի օգտագործումը, կապը մնացել է վիճակագրորեն նշանակալի: Ըստ հետազոտողների հաշվարկների՝ յոգուրտ, պրոբիոտիկներ կամ պրեբիոտիկներ օգտագործողների շրջանում կոլորեկտալ քաղցկեղի առկայության հավանականությունը մոտավորապես 50%-ով ավելի ցածր է եղել, քան մյուս մասնակիցների շրջանում:
Գիտնականները կարծում են, որ հնարավոր պաշտպանիչ ազդեցությունը կապված է աղիքային միկրոբիոտայի կազմի բարելավման, բորբոքային գործընթացների նվազեցման, աղիքային պատնեշի ամրապնդման և նյութափոխանակության վրա բարենպաստ ազդեցության հետ: Յոգուրտը, օրինակ, պարունակում է բիֆիդոբակտերիաների և լակտոբացիլների խմբերին պատկանող օգտակար բակտերիաներ, որոնք ընդունակ են պահպանել աղիքների առողջությունը:
Ընդսմին, հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը կրել է դիտողական բնույթ և թույլ չի տալիս պնդել, որ հենց այդ մթերքների օգտագործումն է կանխում քաղցկեղի զարգացումը: Բացի դրանից, սննդի և ախտորոշումների մասին տվյալները հիմնված են եղել մասնակիցների ինքնահաշվետվությունների վրա, իսկ չափաբաժինների, ընդունման տևողության և պրոբիոտիկների կոնկրետ շտամների մասին տեղեկությունը բացակայել է:
Այդուհանդերձ, արդյունքները հաստատում են կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելման գործում սննդակարգի և աղիքային միկրոբիոտայի դերի հետագա հետազոտությունների հեռանկարայնությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում