Հետազոտողները ներկայացրել են կլինիկական փորձարկման նախնական արդյունքները, որը ստուգում է ինսուլին արտադրող հատուկ մոդիֆիկացված բջիջների փոխպատվաստման հնարավորությունն առանց ցմահ իմունային համակարգը ճնշող դեղամիջոցների անհրաժեշտության: Հետազոտությունը ներկայացվել է Ցողունային բջիջների հետազոտությունների միջազգային ընկերության (ISSCR 2026) տարեկան կոնգրեսում, հաղորդել է Medical Xpress-ը:
Ներկայում ինսուլինը մնում է 1-ին տեսակի դիաբետի բուժման հիմնական մեթոդը, քանի որ ենթաստամոքսային գեղձի սեփական β-բջիջները, որոնք արտադրում են այս հորմոնը, ոչնչացվում են իմունային համակարգի կողմից: Դոնոր բջիջների փոխպատվաստումը կարող է վերականգնել բնական ինսուլինի արտադրությունը, սակայն օրգանիզմը սովորաբար մերժում է փոխպատվաստումը, ինչը ստիպում է պացիենտներին անընդհատ ընդունել իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ:
Նոր հետազոտությունը նպատակ ունի գտնել այս խնդրի լուծման միջոցը: Գիտնականներն օգտագործում են ալոգեն (դոնորային) ինսուլին արտադրող բջիջներ, որոնք գենետիկորեն մոդիֆիկացված են՝ իմունային համակարգի կողմից ավելի քիչ հայտնաբերելի դառնալու համար: Այս մոտեցումը հայտնի է որպես հիպոիմունային ինժեներիա: Մարդկանց մասնակցությամբ առաջին կլինիկական փորձարկման ժամանակ հետազոտողները ստուգել են, թե արդյոք այս բջիջները կարող են երկար ժամանակ պահպանվել օրգանիզմում, կատարել իրենց գործառույթը և խուսափել իմունային գրոհից՝ առանց մշտական իմունային համակարգի ճնշման:
Հետազոտության ղեկավար Սոնյա Շրեպֆերի (Cedars-Sinai բժշկական կենտրոն) խոսքով՝ առաջին անգամ է, որ գիտնականները կարողացել են այս տեխնոլոգիան անմիջապես մարդկանց վրա փորձարկել։
Եթե մեթոդն արդյունավետ լինի, դա կարող է մեզ մոտեցնել 1-ին տեսակի դիաբետի ֆունկցիոնալ բուժմանը։ Այս դեպքում օրգանիզմը կրկին կկարողանա ինքնուրույն արտադրել ինսուլին, իսկ պացիենտները կազատվեն ոչ միայն ամենօրյա ներարկումներից, այլև իմունոդեպրեսանտներ ընդունելու անհրաժեշտությունից, որոնք մեծացնում են վարակների և այլ բարդությունների ռիսկը։
Հետազոտողները նշել են, որ դեռևս բաց հարցեր են մնում։ Նրանք պետք է որոշեն, թե որքան ժամանակ կգործեն փոխպատվաստված բջիջները, ինչպես կփոխազդեն իմունային համակարգի հետ երկարաժամկետ հեռանկարում, և արդյոք տեխնոլոգիան կարող է վերածվել բուժման զանգվածային մեթոդի։
Հեղինակների կարծիքով՝ այս մոտեցման հաջողությունը կարող է դուրս գալ դիաբետի բուժման սահմաններից։ Եթե հաջողվի հուսալիորեն պաշտպանել փոխպատվաստված բջիջները իմունային վտարումից, նման տեխնոլոգիա կարող է օգտագործվել ամենատարբեր հիվանդությունների բուժման համար պատրաստի բջիջների, հյուսվածքների և նույնիսկ օրգանների տրանսպլանտատներ ստեղծելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում