Գիտնականները կապ են հայտնաբերել մայրերի վերապրած Հոլոքոստի տրավմայի և երեխաների շրջանում շիզոֆրենիայի զարգացման բարձր ռիսկի միջև

14 հուլիսի, 2026  13:23

Երուսաղեմի հրեական համալսարանի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ Հոլոքոստի հոգեբանական տրավմայի հետևանքները կարող են փոխանցվել հաջորդ սերունդներին։ Աշխատանքի արդյունքների համաձայն՝ այն կանանց երեխաները, ովքեր վերապրել են Հոլոքոստը և նացիստական հալածանքների սկզբում եղել են հինգ տարեկանից մեծ, ունեն շիզոֆրենիայի զարգացման զգալիորեն ավելի բարձր ռիսկ։

Հետազոտությունը հրապարակվել է «American Journal of Psychiatry» ամսագրում։ Գիտնականները վերլուծել են Երուսաղեմի ծննդաբերական հետազոտության տվյալները, որն ընդգրկել է 1964-1976 թվականներին Երուսաղեմում ծնված ավելի քան 32 հազար երեխայի։ Ուսումնասիրվել են Հոլոքոստը վերապրած 7316 մայրերից ծնված 14759 երեխաների, ինչպես նաև Հոլոքոստը վերապրած 8833 հայրերից ծնված 18085 երեխաների վերաբերյալ տվյալները։ Մասնակիցների հոգեկան առողջության վիճակին հետևել են ավելի քան 30 տարի՝ օգտագործելով Իսրայելի ազգային հոգեբուժական ռեգիստրը։

Հոլոքոստը վերապրածների կատեգորիային են դասվել այն հրեաները, ովքեր ծնվել են նացիստների տիրապետության տակ գտնվող եվրոպական երկրներում և գաղթել են հալածանքների սկսվելուց հետո։ Նրանց բաժանել են երկու խմբի․ նրանք, ում տարիքը հալածանքների սկզբում եղել է հինգ տարեկան կամ ավելի փոքր, և նրանք, ովքեր եղել են հինգ տարեկանից մեծ։ Ստուգիչ խումբը կազմել են եվրոպական ծագմամբ այն հրեաները, ովքեր չեն ապրել նացիստական օկուպացիայի պայմաններում։

Արդյունքները ցույց են տվել, որ այն մայրերի երեխաները, ովքեր նացիստական հալածանքների սկզբում եղել են հինգ տարեկանից մեծ, ունեցել են շիզոֆրենիայի զարգացման 2,38 անգամ ավելի բարձր ռիսկ, քան Հոլոքոստը չվերապրած կանանց երեխաները։ Ընդ որում, ռիսկի բարձրացում չի նկատվել այն մայրերի երեխաների շրջանում, ովքեր այդ պահին եղել են հինգ տարեկան կամ ավելի փոքր։ Հետազոտությունը նաև վիճակագրորեն նշանակալի որևէ կապ չի հայտնաբերել հայրերի վերապրած Հոլոքոստի տրավմայի և նրանց երեխաների մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի միջև։

Հիվանդության զարգացման հաճախականությունը կազմել է 7 դեպք՝ 10 հազար մարդ-տարվա հաշվով այն մայրերի երեխաների շրջանում, ովքեր հալածանքների են ենթարկվել հինգ տարեկանից հետո, ստուգիչ խմբում արձանագրված 2,7 դեպքի դիմաց (նույնպես 10 հազար մարդ-տարվա հաշվով)։ Ռիսկի լրացուցիչ գործոններ են հանդիսացել մոր անամնեզում հոգեբուժական հոսպիտալացումների առկայությունը և երեխայի ծննդյան պահին ցածր քաշը։

Հեղինակներն ընդգծում են, որ ստացված արդյունքները չեն ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը մոր վերապրած տրավմայի և սերունդների մոտ շիզոֆրենիայի զարգացման միջև։ Այնուամենայնիվ, նրանք ենթադրում են մի քանի հնարավոր կենսաբանական մեխանիզմների գոյությունը, այդ թվում՝ էպիգենետիկ փոփոխությունները, որոնք ազդում են գեների ակտիվության վրա առանց ԴՆԹ-ի հաջորդականության փոփոխության, ինչպես նաև ծանր հոգեբանական տրավմայի հետևանքով իմունային համակարգի, միկրոբիոմի և ներարգանդային միջավայրի փոփոխությունները։

Հետազոտողների խոսքով՝ նախորդ աշխատանքներն արդեն իսկ կապել էին Հոլոքոստի հետևանքները վերապրածների սերունդների մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ), տագնապայնության, դեպրեսիայի և այլ հոգեկան խանգարումների բարձր ռիսկի հետ, սակայն շիզոֆրենիայի հետ կապի վերաբերյալ տվյալները մնում են հակասական։ Նոր հետազոտությունն ընդգծում է հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտությունը՝ պարզելու համար, թե ինչպես կարող են դեռևս մինչև երեխայի բեղմնավորումը վերապրած ծանր տրավմատիկ իրադարձություններն անդրադառնալ ապագա սերունդների առողջության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում