Այն մարդիկ, որոնք մենակության զգացում ունեն, զգալիորեն ավելի հաճախ են բախվում հոգեկան առողջության վատթարացման, բարեկեցության մակարդակի անկման և առողջական ընդհանուր վիճակի վատացման հետ։ Նման եզրակացության են հանգել Բրիստոլի համալսարանի, Nesta-ի և Amsterdam UMC-ի հետազոտողները։ Աշխատության արդյունքները հրապարակվել են Nature Communications բժշկագիտական հանդեսում։ Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ սոցիալական մեկուսացումը նույնպես կապված է բարեկեցության մակարդակի նվազման հետ։
Թեև մենակությունն ավելի ու ավելի է դիտարկվում որպես հանրային առողջապահության լուրջ խնդիր, մինչ այժմ անհասկանալի էր՝ արդյո՞ք այն առողջության վատթարացման անմիջական պատճառն է, թե՞ ուղղակի ուղեկցում է այլ անբարենպաստ գործոններին։
Այդ հարցում հստակություն մտցնելու համար Բրիստոլի, Օքսֆորդի և Մանչեսթերի համալսարանների մասնագետները միավորել են երեք տարբեր գիտական մոտեցումներ. դիտողական վերլուծություն, քույրերի և եղբայրների համեմատություն, մենդելյան ռանդոմիզացիա (գենետիկական եղանակ, որը հնարավորություն է տալիս գնահատել հնարավոր պատճառահետևանքային կապերը)։
Օգտագործելով UK Biobank-ի և լայնածավալ լիագենոմ հետազոտությունների տվյալները՝ գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են մարդու սոցիալական հարաբերությունների որակն արտացոլող մենակության զգացումը և սոցիալական շփումների քանակը բնութագրող սոցիալական մեկուսացումը կապված ֆիզիկական և հոգեկան առողջության հետ։
Հետազոտության հիմնական արդյունքները
Վերլուծությունը ցույց է տվել, որ և՛ մենակությունը, և՛ սոցիալական մեկուսացումը ասոցացվում են հոգեկան առողջության վատթարացման ավելի բարձր ռիսկի և բարեկեցության մակարդակի նվազման հետ։ Ընդ որում, մենակությունը կապված է եղել նաև ավելի վատ ընդհանուր առողջական վիճակի և միանգամից մի քանի քրոնիկական հիվանդությունների առկայության մեծ հավանականության հետ։ Միաժամանակ, հետազոտողները համոզիչ ապացույցներ չեն ստացել այն մասին, որ մենակությունն ուղղակիորեն մեծացնում է կոնկրետ ֆիզիկական հիվանդությունների զարգացման ռիսկը, թեև նման կապն ամբողջությամբ բացառել դեռևս չի կարելի։
Հեղինակների կարծիքով՝ ստացված արդյունքները հաստատում են մենակությունը որպես հանրային առողջապահության կարևոր խնդիրներից մեկը դիտարկելու անհրաժեշտությունը, քանի որ այն սերտորեն կապված է հոգեկան վիճակի և կյանքի որակի հետ։
Փորձագետների կարծիքը
Հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Զոի Ռիդը նշել է, որ մենակություն կամ սոցիալական մեկուսացում ապրող մարդկանց աջակցությունը կարող է նպաստել հոգեկան առողջության, ընդհանուր ինքնազգացողության և օրգանիզմի վիճակի բարելավմանը։
Nesta կազմակերպության Healthy Life Mission ծրագրի տնօրեն Լորեն Բոուզ Բայաթն ընդգծել է, որ, չնայած մենակության և հոգեկան առողջության միջև կապի թվացյալ ակնհայտությանը, այս թեման երկար ժամանակ մնացել էր թերուսումնասիրված։ Այդ փոխկապակցվածությունների ավելի խոր ըմբռնումը կարող է օգնել կանխարգելման և աջակցության ավելի արդյունավետ միջոցներ մշակել։
Ապագայի ծրագրեր
Հետազոտողները շեշտում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ՝ ճշգրիտ պարզելու համար առողջության վրա մենակության և սոցիալական մեկուսացման ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև որոշելու դրանց բացասական հետևանքների նվազեցման ամենաարդյունավետ ուղիները։ Քանի որ հետազոտությունը հիմնականում ընդգրկել է միջին և տարեց հասակի մարդկանց, ապագայում գիտնականները ծրագրում են ուսումնասիրել՝ արդյո՞ք նմանատիպ օրինաչափություններ նկատվում են նաև երիտասարդների շրջանում, ինչպես նաև գնահատել երկարատև ու խրոնիկական մենակության հետևանքները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում