Ըստ 2026 թվականին Եվրոպական նեյրոկենսաբանական ընկերությունների ֆեդերացիայի (FENS) ֆորումում ներկայացված հետազոտության՝ մեկից ավելի լեզուների տիրապետող մարդկանց ուղեղն ավելի երիտասարդ է: Մեր ուղեղը բաղկացած է միլիարդավոր նյարդային բջիջներից, որոնք պետք է փոխգործակցեն միմյանց հետ: Տարիքի հետ մեր ուղեղում կապերը թուլանում են, ինչը հանգեցնում է հիշողության վատթարացման և մտածողության արագության նվազման:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ որքան շատ լեզու գիտի մարդը, այնքան ավելի երիտասարդ է նրա ուղեղի վիճակը, գրում է «Научная Россия»-ն: Ավելի երիտասարդ տարիքում լրացուցիչ լեզու սովորելը և այլ լեզվի ազատ տիրապետումը ևս դանդաղեցնում են ուղեղի ծերացումը:
Գիտնականները հրապարակել են աշխատություն, որը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ մարդիկ սովորաբար խոսում են մեկից ավելի լեզուներով, ծերացումն ընթանում է ավելի դանդաղ: Նոր հետազոտության մեջ գիտնականները մանրամասն վերլուծել են Իսպանիայի Բասկերի Երկրից մարդկանց մի խումբ, որոնք խոսում էին մեկից մինչև չորս լեզուներով, ներառյալ՝ իսպաներեն, բասկերեն, ֆրանսերեն և անգլերեն:
Հետազոտողները սկսել են 728 հոգանոց խմբից՝ «ուղեղի ծերացման ժամացույց» ստեղծելու համար: Նրանք օգտագործել են մագնիսաէնցեֆալոգրաֆիայի եղանակը, որը հնարավորություն է տալիս չափել ուղեղի ակտիվությունը՝ ուղեղի բջիջների ակտիվության ժամանակ առաջացող թույլ մագնիսական դաշտերի պարագայում: Գիտնականները կիրառել են արհեստական բանականություն՝ տարբեր տարիքի մարդկանց ուղեղի ակտիվության մասին տվյալները մշակելու համար, որպեսզի որոշեն յուրաքանչյուր տարիքի համար նեյրոնային կապերի բնականոն մակարդակը:
Համեմատելով մարդկանց իրական տարիքը նրանց ուղեղի տարիքի հետ՝ գիտնականները պարզել են, որ երկու լեզվով խոսողների ուղեղը 6 տարով ավելի երիտասարդ է թվում, քան միայն մեկ լեզվով խոսողներինը: Երեք լեզվով խոսողների մոտ ուղեղն ավելի երիտասարդ է տեսք ունենում մոտ 7 տարով, իսկ չորս լեզվով խոսողների մոտ՝ 13 տարով:
Դոկտոր Ամորուսոն նշել է. «Պարզ ասած, մի քանի լեզվի տիրապետող մարդկանց ուղեղն ավելի երիտասարդ է տեսք ունենում, քան կարելի էր սպասել՝ ելնելով նրանց խրոնոլոգիական տարիքից»: Ազդեցությունը կապված չէր միայն այն լեզուների քանակի հետ, որոնց տիրապետում է մարդը: Լեզվի տիրապետման ավելի բարձր մակարդակը և երկրորդ լեզվի վաղ յուրացումը նույնպես կապված էին ուղեղի ծերացման դանդաղեցման հետ: Դա հուշում է, որ բազմալեզու փորձառությունն էական նշանակություն ունի՝ կախված դրա խորությունից և տևողությունից:
Հետազոտողները հաշվի են առել մի շարք գործոններ, մասնավորապես՝ մասնակիցների տարիքը, սեռը և կրթությունը, սակայն զգուշացրել են, որ չեն կարող բացառել այլ գործոնների հնարավոր ազդեցությունը, որոնք կարող են ներգործել ուղեղի վրա, օրինակ՝ ապրելակերպը և սոցիալական ակտիվությունը:
Դոկտոր Ամորուսոն և նրա թիմը հույս ունեն նմանատիպ հետազոտություն անցկացնել նեյրոդեգեներատիվ հիվանդություններ (օրինակ՝ Ալցհայմերի հիվանդություն) ունեցող մարդկանց շրջանում, որոնց ուղեղի ծերացումը և դրա դիմադրողականությունն առանձնահատուկ կարևորություն ունեն: Հետազոտողները ծրագրում են նաև պարզել՝ արդյոք երկու կամ ավելի շատ նման լեզուների օգտագործումը կարո՞ղ է ավելի մեծ ազդեցություն ունենալ ուղեղի վրա, քանի որ մոտ ազգակցական լեզուների կառավարումը կարող է ավելի բարձր լեզվական վերահսկողություն պահանջել:
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրորդ, երրորդ կամ չորրորդ լեզու սովորելը կարող է օգնել ուղեղին ավելի երկար մնալ երիտասարդ, և որքան շուտ սկսենք, այնքան լավ: Ցանկացած տարիքում օտար լեզու սովորելու բազմաթիվ՝ սոցիալական, մշակութային և ուղեղի առողջությանն առնչվող ծանրակշիռ պատճառներ կան, ուստի մենք պետք է աջակցենք լեզուների ուսուցմանը դպրոցում և ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ եթե դա հեշտ չէ»,- եզրափակել են գիտնականները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում