Հունիս ամսից ի վեր Հայաստանում առողջապահական ապահովագրության հետ կապված հարցեր են առաջացել որոշ բժշկական ծառայությունների, մասնավորապես՝ նեղ մասնագետների խորհրդատվությունների համար համավճարների կիրառման շուրջ։ Քաղաքացիները սկսել են ահազանգել, որ այն ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին անվճար, այժմ առանձին դեպքերում լրացուցիչ վճար են պահանջում։ Մասնավորապես ակտիվորեն քննարկվում է մանկական բուժօգնության, ինչպես նաև 65-ից բարձր տարիքի քաղաքացիների բժշկական օգնության թեման։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը հայտարարել է, որ համավճարների համակարգն ինքնին նորամուծություն չէ և նախատեսված է համապարփակ առողջապահական ապահովագրության մասին օրենսդրությամբ։ Նրա խոսքով՝ ապահովագրական համակարգն ի սկզբանե չէր ենթադրում, որ բոլոր բժշկական ծառայություններն ամբողջությամբ անվճար են լինելու։ «Ապահովագրական համակարգում ոչ բոլոր ծառայություններն են ամբողջությամբ փոխհատուցվում։ Կան ծառայություններ, որոնք փոխհատուցվում են մասնակի՝ օրինակ 50%-ով, իսկ որոշների համար կիրառվում է համավճարի մեխանիզմը»,- նշել է Խարազյանը։
Նա ընդգծել է, որ համավճարի չափը սահմանափակված է հաստատված կանոններով։ Մասնավորապես, այն չի կարող գերազանցել ծառայության հաստատված արժեքի կրկնապատիկը։ Եթե բժշկական ծառայության արժեքը սահմանված է, օրինակ, 10 հազար դրամ, ապա լրացուցիչ վճարի առավելագույն գումարը չի կարող գերազանցել 20 հազար դրամը։ Ընդ որում, հիմնադրամի ղեկավարի խոսքով, բժշկական կազմակերպությունները կարող են մասնագետների առանձին խորհրդատվությունների համար համավճար սահմանել՝ ելնելով իրենց ներքին քաղաքականությունից և կոնկրետ բժիշկների պահանջարկից։ Այնուամենայնիվ, առանցքային պայմանը քաղաքացիների իրազեկումն է։
Քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառներից մեկը հստակ տեղեկատվության բացակայությունն է այն մասին, թե որ դեպքերում և որ մասնագետների համար է կիրառվում լրացուցիչ վճարը։ Խարազյանը նշել է, որ հիմնադրամի խնդիրն այժմ համավճարների մեխանիզմի չեղարկումը չէ, այլ համակարգի թափանցիկության ապահովումը։ Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան նախապես տեսնել, թե որ բժշկական կազմակերպությունում է լրացուցիչ վճար կիրառվում, որ բժիշկների համար է այն գործում և որքան է դրա չափը։ «Մեր քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որպեսզի դիմելուց առաջ կարողանան որոշել՝ գնալ տվյալ բժշկի մոտ, թե ընտրել մեկ այլ մասնագետի, ում մոտ համավճար չի կիրառվում»,- ընդգծել է նա։
Հիմնադրամի ղեկավարը նշել է, որ ապահովագրական համակարգն ընդլայնել է պացիենտների ընտրության հնարավորությունները։ Եթե նախկինում պետական համակարգի դեպքում քաղաքացին հաճախ կցված է եղել գրանցման վայրի իր պոլիկլինիկային, ապա այժմ ընտանեկան բժշկի ուղեգրի առկայության դեպքում պացիենտը կարող է ինքնուրույն ընտրել բժշկական կազմակերպությունն ու մասնագետին։
Խարազյանը մեկնաբանել է նաև մինչև 18 տարեկան երեխաներին ցուցաբերվող բժշկական օգնության հարցը։ Նրա խոսքով՝ այն պնդումը, թե «երեխաներին ցուցաբերվող ամբողջ բժշկական օգնությունը նախկինում միշտ և բոլոր դեպքերում անվճար է եղել», չի համապատասխանում իրականությանը։ Նա պարզաբանել է, որ պետության կողմից անվճար և արտոնյալ բժշկական օգնություն է երաշխավորվել քաղաքացիների որոշակի խմբերի, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների համար, սակայն դա չի նշանակում, որ երեխան կարող է անվճար դիմել ցանկացած մասնագետի՝ ցանկացած բուժհաստատությունում։ «Եթե երեխան դիմում էր ոչ թե իր պոլիկլինիկա, այլ մեկ այլ բժշկական հաստատություն՝ խորհրդատվության կամ բուժման նպատակով, ապա նման ծառայությունը կարող էր մատուցվել վճարովի հիմունքներով»,- հայտարարել է Խարազյանը։ Ընդ որում, երեխաների սպասարկման վայրի պոլիկլինիկաներում հիմնական մասնագետների խորհրդատվությունները, նրա խոսքով, ինչպես մատուցվել են անվճար, այնպես էլ շարունակում են մատուցվել գործող համակարգի շրջանակներում։
Պատասխանելով այն դիտարկումներին, թե իրավիճակը հանրային է դարձել ապահովագրական համակարգի գործարկումից միայն ամիսներ անց, Խարազյանը հայտարարել է, որ համավճարների մեխանիզմը կիրառվել է տարվա հենց սկզբից, և դրա պայմաններն էականորեն չեն փոխվել։ Նրա խոսքով՝ հիմնադրամը չի կարող գնահատել պատճառները, թե հատկապես ինչու հենց հիմա թեման լայն հանրային արձագանք ստացավ, սակայն ընդունում է քաղաքացիների առավել ակտիվ իրազեկման անհրաժեշտությունը։ «Մենք տեսնում ենք, որ սա պահանջ է դարձել հասարակության կողմից, որի համար էլ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի տեղեկատվությունն ավելի հասանելի լինի։ Քաղաքացիները պետք է նախապես իմանան, թե որ դեպքերում և ինչ չափով է կիրառվում համավճարը»,- ասել է նա։ Խարազյանի խոսքով՝ հենց հասկանալի տեղեկատվության բացակայությունն է դարձել դժգոհության առաջացման պատճառներից մեկը, և հիմնադրամը մտադիր է վերացնել այդ բացը՝ ապահովելով բուժհաստատություններում լրացուցիչ վճարների մասին տվյալների բաց հասանելիությունը։
Հիշեցնենք, որ քաղաքացիները սկսել են դժգոհել առողջության ապահովագրության համակարգում համավճարի կիրառումից Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։ Շատ փորձագետներ կարծում են, որ իշխանությունները միտումնավոր են հետաձգել դրանց կիրառումը՝ քաղաքացիների դժգոհությունը չհարուցելու համար, իսկ ընտրություններից հետո կանաչ լույս են վառել դրա համար։
Ընտրություններից հետո պոլիկլինիկաներում երեխաների բուժման համար համավճար են պահանջումՀետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում