Գիտնականները կապ են հայտնաբերել հղիների վատ քնի և սերնդի վաղաժամ ծերացման միջև

23 հուլիսի, 2026  10:04

Խոր ծերության շրջանում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհայմերի հիվանդության զարգացման նախադրյալները կարող են ձևավորվել դեռևս պտղի արգանդային զարգացման փուլում։ Նման եզրահանգման են եկել ՌԴ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի Ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի գիտնականները։ Նրանց փոխանցմամբ՝ հենց այդ շրջանում են դրվում ուղեղի անատոմիական և ֆունկցիոնալ պարամետրերը։ Հետազոտողները կարծում են, որ եթե հղիության ընթացքում ապագա մայրն ունեցել է քնի լուրջ խանգարումներ, ապա նրա զավակների մոտ կարող է միտոքոնդրիումների դիսֆունկցիա առաջանալ, ինչն էլ հետագայում կարող է ուղեղի արագացված ծերացման պատճառ դառնալ։

Ելույթ ունենալով «Գենոմների կարգավորման և կառուցվածքի բիոինֆորմատիկա / սիստեմային կենսաբանություն» (BGRS/SB-2026) 15-րդ միջազգային համաժողովում՝ նովոսիբիրսկցի գենետիկները ներկայացրել են վաղաժամ ծերացող OXYS առնետների գծի վրա իրականացված մասշտաբային հետազոտության տվյալները, որը ծառայում է որպես Ալցհայմերի հիվանդության յուրօրինակ մոդել։

«Հետազոտության ընթացքում մենք այս գծի առնետների մոտ միտոքոնդրիալ ապարատի ձևավորման շեղումներ ենք հայտնաբերել վաղ հետծննդյան շրջանում։ Օրինաչափ է, որ այս շեղումները կապված են գեների էքսպրեսիայի փոփոխությունների հետ։ Իրոք, երբ մենք ուղեղի հատվածների տրանսկրիպտոմային անալիզ իրականացրինք, պարզվեց, որ արդեն իսկ այդ շրջանում փոխված է միտոքոնդրիումների ֆունկցիաների հետ կապված բավականին մեծ թվով գեների էքսպրեսիան», — «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել է Ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի Ծերացման մոլեկուլային մեխանիզմների լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Նատալյա Ստեֆանովան՝ բացատրելով Ալցհայմերի հիվանդության նկատմամբ OXYS առնետների հակվածությունը։

«Այս առնետներն աչքի են ընկնում «վատ մայրությամբ». նրանք բավարար ժամանակ չեն հատկացնում ձագերի խնամքին, նրանց մոտ խախտված է մելատոնինի արտադրության ռիթմը, և նկատվում է ձագաբերության տեղաշարժ դեպի ցերեկային ժամեր, թեև դա հակաբնական է։ Ի վերջո, այս ամենը դառնում է նրանց սերնդի մոտ տարիքային հիվանդությունների վաղ զարգացման ռիսկի գործոն», — պատմել է նա։

Հետազոտության ընթացքում գիտնականները գնահատել են մելատոնինի՝ առնետների ուղեղի հասունացման վրա ազդելու ունակությունը։ Մելատոնինը նեյրոհորմոն է, որն արտադրվում է հիմնականում կոնաձև գեղձի կողմից։ Այն մասնակցում է քուն-արթնություն ցիկլի՝ ցիրկադային ռիթմերի կարգավորմանը։ Տարիքի հետ մելատոնինի արտադրությունը նվազում է, ինչը դիտարկվում է որպես «ծերունական» հիվանդությունների զարգացման առաջատար մեխանիզմներից մեկը։

Ստեֆանովայի խոսքով՝ էգերի կողմից մելատոնինի ընդունման արդյունքում բարելավվել է նրանց մայրական վարքագիծը, նրանք ծննդաբերել են ավելի լիարժեք քաշով ձագեր, ինչպես նաև նշանակալիորեն բարելավվել են նորածինների ֆիզիկական զարգացման և ռեֆլեքսների ձևավորման պարամետրերը։

Այս հետազոտության եզրահանգումները պրոյեկտելով մարդկանց վրա՝ հետազոտողները գալիս են այն եզրակացության, որ հղիության ընթացքում քնի խանգարումը (տարբեր պատճառներով՝ գիշերային հերթափոխով աշխատանք, թռիչքների ժամանակ ժամային գոտիների փոփոխություն, գիշերային ժամերին բարձր լուսավորվածություն և այլն) հանգեցնում է պտղի ցիրկադային ռիթմերի ձևավորման խափանմանը, ինչն ի վերջո դառնում է ծերության հասակում կոգնիտիվ խանգարումների զարգացման ռիսկի գործոն։

«Հետագայում մենք պետք է պարզենք, թե երբ է բացվում «հնարավորությունների պատուհանը» ուղեղի արագացված ծերացման կանխարգելման համար, և ընտրենք դեղորայքային ազդեցության օպտիմալ ռազմավարություններ», — եզրափակել է Ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի Ծերացման մոլեկուլային մեխանիզմների լաբորատորիայի առաջատար գիտաշխատողը՝ հատուկ ընդգծելով բիոինֆորմատիկայի առանձնահատուկ դերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում