Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում շարունակվում է խոլերայի լայնամասշտաբ բռնկումը, ինչի արդյունքում առնվազն 198 մարդ է զոհվել։ Հիվանդության ենթադրյալ դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 35,5 հազարը։ Այս մասին հայտնում է Premium Times թերթը՝ հղում անելով «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային մարդասիրական կազմակերպությանը և տարածաշրջանի իշխանություններին։
Համաճարակը սկսվել է մայիսի սկզբին։ MSF-ի տվյալներով՝ մինչև հուլիսի 12-ը բժշկական օգնություն է ստացել խոլերայով վարակման մեջ կասկածվող ավելի քան 24 հազար պացիենտ, ընդ որում՝ նրանցից ավելի քան քառորդը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար կազմակերպությունն աջակցում է խոլերայի բուժման երկու մասնագիտացված կենտրոնների, հինգ պրոֆիլային բաժանմունքների և օրալ վերահիդրատացիայի 17 կետերի աշխատանքին։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում նշում են, որ վարակի տարածման տեմպերը նախկինի պես գերազանցում են ձեռնարկվող միջոցառումների հնարավորությունները։ Բռնկմանը նպաստող հիմնական գործոններն են մնում անվտանգ խմելու ջրի պակասը, անբավարար սանիտարական պայմանները և բժշկական օգնության նկատմամբ բնակչության սահմանափակ հասանելիությունը։
Հունիսի կեսերին ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հայտնել էր Բորնո նահանգում 90 զոհի և ավելի քան 12 հազար հիվանդի մասին։ Հուլիսի սկզբին տեղական իշխանությունները՝ MSF-ի աջակցությամբ, իրականացրել են խոլերայի դեմ պատվաստման զանգվածային արշավ, որի շրջանակում պատվաստվել է ավելի քան 2,6 միլիոն մարդ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում