Արդյոք նշանակություն ունի, թե երբ ենք անառողջ սնունդ ընդունում

25 հուլիսի, 2026  19:52

Սնունդ ընդունելու ժամանակը կարող է անդրադառնալ օրգանիզմի վրա դրա ունեցած ազդեցության վրա: Ավելի ու ավելի շատ հետազոտություններ են ցույց տալիս, որ օրվա առաջին կեսին առողջարար սնունդ ուտելն ավելի մեծ օգուտ է բերում, քան նախաճաշին կամ ուշ երեկոյան բարձր կալորիականությամբ և ուլտրավերամշակված մթերքների օգտագործումը:

Մասնագետները նշում են, որ հավելյալ շաքարի, աղի, հագեցած ճարպերի և ուլտրավերամշակված մթերքների բարձր պարունակությամբ սննդակարգը մեծացնում է ճարպակալման, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների և այլ խրոնիկական հիվանդությունների վտանգը: Միաժամանակ, բանջարեղենով, մրգերով, ամբողջական հացահատիկային մթերքներով, սպիտակուցի ոչ յուղոտ աղբյուրներով, ընդեղենով և առողջարար ճարպերով հարուստ սնունդը նպաստում է առողջության ամրապնդմանն ու հիվանդությունների ռիսկի նվազեցմանը:

Նախաճաշի համար սննդաբանները խորհուրդ են տալիս համադրել որակյալ սպիտակուցը, ամբողջական հացահատիկային մթերքները, բանջարեղենը կամ մրգերը, ինչպես նաև առողջարար ճարպերը: Նման նախաճաշի օրինակ կարող են լինել ավոկադոյով, ձվով և լոլիկով ամբողջահատիկ տոստը կամ յոգուրտով, մրգերով ու ընկուզեղենով վարսակի շիլան:

Մասնագետների կարծիքով՝ նշանակություն ունի ոչ միայն նախաճաշի ժամը, այլև դրա բաղադրությունը: Վերամշակված մսով, ռաֆինացված ածխաջրերով, պանրով և քաղցր սոուսներով կալորիական նախաճաշն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճ է առաջացնում: Ի պատասխան դրան՝ օրգանիզմն արտադրում է ինսուլին, սակայն շաքարի կանոնավոր տատանումները ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել ինսուլինակայունության զարգացմանը, որը 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկի հիմնական գործոններից մեկն է:

Հետազոտողներն ընդգծում են նաև ցիրկադային ռիթմերի՝ օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցի դերը, որը կարգավորում է նյութափոխանակությունը և քնի ու արթնության ցիկլը: Ուշ ժամի սնունդ ընդունելը կարող է խախտել այդ գործընթացները, քանի որ մարսողությունը գործարկում է այն ժամանակահատվածում, երբ օրգանիզմը պատրաստվում է քնին: Դա կարող է հանգեցնել մելատոնինի արտադրության հապաղմանը և վատթարացնել քնի որակն ու նյութափոխանակությունը:

Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օրական կալորիաների հիմնական մասն օգտագործել օրվա առաջին կեսին և երեկոյան կրճատել սննդի ծավալը: Բացի դրանից, սպիտակուցներով հարուստ նախաճաշն օգնում է ավելի երկար պահպանել հագեցվածության զգացումը և նվազեցնում է օրվա ընթացքում շատ ուտելու ու անառողջ հավելյալ սնունդ (չիփս, քաղցրավենիք և այլն) օգտագործելու հավանականությունը:

Ընդմիջվող քաղցի որոշ սխեմաներ ենթադրում են հրաժարում նախաճաշից կամ առաջին սննդառության տեղափոխում ավելի ուշ ժամի: Թեև սննդի ընդունման նման ռեժիմները կապում են հնարավոր առավելությունների հետ, ներառյալ մարմնի զանգվածի նվազեցումը և արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման բարելավումը, գիտական տվյալները դեռևս միանշանակ չեն: Բացի դրանից, Ընդմիջվող քաղցըի ոչ բոլորին է համապատասխանում. այն խորհուրդ չի տրվում հղի կանանց, երեխաներին և որոշակի դեղամիջոցներ ընդունող մարդկանց:

Փորձագետները եզրակացնում են, որ առողջության համար կարևոր են ինչպես սնունդ ընդունելու ժամանակը, այնպես էլ դրա որակը: Սպիտակուց, բջջանյութ և առողջարար ճարպեր պարունակող լիարժեք նախաճաշը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի ավելի լավ վերահսկմանը, հագեցվածության ավելի երկարատև զգացում է ապահովում և երկարաժամկետ հեռանկարում աջակցում է առողջությանը, մինչդեռ ուլտրավերամշակված սննդի կանոնավոր օգտագործումը կամ նախաճաշից հրաժարվելը կարող են բացասաբար անդրադառնալ նյութափոխանակության վրա:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում