Մինչև 2036 թվականը աշխարհում մոտ 80 միլիոն կին կբախվի անպտղության խնդրին

27 հուլիսի, 2026  17:50

Նոր հետազոտության համաձայն՝ մինչև 2036 թվականը աշխարհում կանանց անպտղության դեպքերի թիվը հասնելու է 80 միլիոնի, ինչը մոտ 1.5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Սրա հիմնական պատճառը աբորտն է։

The Lancet պարբերականում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին անպտղության մակարդակն աճում է՝ հատկապես 35-ից 49 տարեկան կանանց շրջանում։

Ակնկալվում է, որ մինչև 2036 թվականն այս տարիքային խմբի կանանց շրջանում անպտղության դեպքերի թիվը կմոտենա 80 միլիոնի (2023 թվականի շուրջ 53.6 միլիոնի համեմատ)։ Ընդ որում՝ ամենակտրուկ աճը սպասվում է 35-39 տարեկան կանանց խմբում։

Հեղինակները նշում են, որ սա առաջին հերթին պայմանավորված է տարիքի հետ ձվաբջիջների պաշարի և դրանց բեղմնավորման ունակության նվազամբ։ Դա թուլացնում է վերարտադրողական ֆունկցիան, մեծացնում վիժման ռիսկը և նվազեցնում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների արդյունավետությունը, փոխանցում է Euronews-ը։

«Բնակչության ծերացման և սոցիալ-տնտեսական փոփոխությունների արագացմանը զուգընթաց՝ ավելի բարձր տարիքում անպտղության ռիսկին բախվող կանանց թիվն ավելանում է, և այս հարցն ավելի մեծ նշանակություն է ստանում հանրային առողջապահության համար»,- գրում են հետազոտության հեղինակները։

Վերլուծելով 1990-2023 թվականների ընթացքում 204 երկրներում և տարածքներում անցկացված Global Burden of Disease 2023 հետազոտության տվյալները՝ չինացի գիտնականները պարզել են, որ անպտղության մակարդակն ամենաշատն աճել է առավել զարգացած երկրներում։

Միջին եկամուտ ունեցող և արագ զարգացող բազմաթիվ երկրներում անպտղությունն ավելի լայն տարածում է ստանում մի շարք սոցիալական ու ժողովրդագրական միաժամանակյա փոփոխությունների պատճառով։

Մարդիկ ավելի ուշ են ամուսնանում և հետաձգում են երեխաներ ունենալը․ 30-ն անց և 40-ն անց ավելի ու ավելի շատ կանայք են ցանկանում հղիանալ։ Բացի այդ, վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման շնորհիվ ավելի շատ զույգեր են դիմում մասնագետների օգնությանը։

Այնուամենայնիվ, այդ երկրներից շատերում անպտղության ախտորոշումն ու բուժումը դեռևս թանկ են, թերի զարգացած կամ դժվարհասանելի, ուստի նման ծառայությունների պահանջարկն աճում է ավելի արագ, քան առողջապահական համակարգի հնարավորությունները։

Կենսաբան և վերարտադրողական առողջության մասնագետ Ռոսիո Նունյես Կալոնխեի խոսքով (ով չի մասնակցել հետազոտությանը)՝ բարձր տարիքի կանանց անպտղության աճող խնդիրը հնարավոր չէ լուծել միայն օժանդակ վերարտադրողական բուժման մեթոդների ընդլայնմամբ։

«Իսպանիայի նման երկրներում անհրաժեշտ է աշխատել նաև այն սոցիալական գործոնների ուղղությամբ, որոնք հանգեցնում են մայրության հետաձգմանը։ Դրանք առաջին հերթին կապված են աշխատանքի և անձնական կյանքի համատեղման, տնտեսական կայունության և վաղ մայրությանը պետական աջակցություն ցուցաբերելու հետ»,- ընդգծել է նա։

Անպտղությունը բացառապես կանանց խնդիր չէ։ Ըստ գնահատականների՝ աշխարհում մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ մարդն իր կյանքի որևէ փուլում բախվում է դրան, իսկ վերարտադրողական տարիքի զույգերի 8–12%-ը դժվարություններ է ունենում երեխայով հղիանալու հարցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում