Կես դար շարունակ բժիշկները կասկածանքով էին վերաբերվում ձվին: Դրա դեղնուցում պարունակվում էր խոլեստերին, իսկ խոլեստերինը համարվում էր սրտի հիվանդությունների տանող ուղիղ ճանապարհ: Նոր հետազոտությունն այժմ այդ նույն մթերքը տեղադրում է ավելի կարճ և շատ ավելի հուսադրող ցանկում՝ մթերքներ, որոնք, ըստ երևույթին, պաշտպանում են ծերացող ուղեղը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition գիտահանրամատչելի հանդեսում:
Ամերիկյան սննդակարգի առաջարկություններում նախկինում խորհուրդ էր տրվում սահմանափակել խոլեստերինի ընդունումը օրական 300 միլիգրամով: Մեկ մեծ ձվի դեղնուցը պարունակում է մոտ 185 միլիգրամ, այդ պատճառով ձուն դարձել էր մի մթերք, որը հեշտ էր չափաբաժնով սահմանափակել:
Ավելի ուշ հետազոտողները տարանջատեցին երկու գաղափար, որոնք հանրությունը երկար ժամանակ անհամատեղելի էր համարում, գրում է Planet Today-ը: Սննդի միջոցով ստացվող խոլեստերինի և արյան մեջ խոլեստերինի միջև կապը բավականին թույլ էր: Ուշադրությունը տեղափոխվեց հագեցած և տրանս-ճարպերի վրա, որոնք շատ ավելի ուժեղ են ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա:
Այդ շրջադարձը պաշտոնական քաղաքականություն դարձավ 2015 թվականին, երբ դաշնային առաջարկությունները չեղարկեցին խոլեստերինի օրական սահմանափակումը և առողջ սննդակարգի շրջանակում թույլատրեցին ձվի օգտագործումը: Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան այժմ չափահասների մեծ մասին՝ սրտի համար օգտակար դիետայի շրջանակում, խորհուրդ է տալիս օրական մեկ ձու օգտագործել:
Լոմա Լինդայի համալսարանի գիտնականները ցանկանում էին ստուգել՝ արդյոք որևէ առանձին սննդամթերք կարո՞ղ է ազդել Ալցհայմերի հիվանդության զարգացման վրա: Նրանք դիմեցին երկրում սննդի վերաբերյալ ամենաերկարատև հետազոտություններից մեկին՝ Adventist Health Study-2 հետազոտությանը:
Հետազոտական խումբը 65 և բարձր տարիքի 39 հազար 498 չափահասների հետևել է միջինում 15,3 տարվա ընթացքում: Medicare-ի գրանցումներում նշվել է 2858 մասնակից, որոնց մոտ Ալցհայմերի հիվանդության նոր դեպք էր ախտորոշվել:
Թվերը հաստատեցին այդ պատկերը: Այն մարդիկ, որոնք շաբաթական առնվազն հինգ օր օրական մեկ ձու էին ուտում, ենթարկվում էին 27 տոկոսով ավելի փոքր ռիսկի, քան նրանք, ովքեր գրեթե երբեք ձու չէին ուտում: Նույնիսկ նրանք, ովքեր ձու հազվադեպ են ուտում, առաջընթաց են գրանցել: Ամսական մեկից երեք անգամ ձու օգտագործելը հանգեցնում էր ռիսկի 17 տոկոսով նվազման, իսկ շաբաթական երկուսից չորս չափաբաժինը՝ 20 տոկոսով նվազման:
Այդ միտումը պահպանվեց նաև այն բանից հետո, երբ հետազոտողների խումբը հաշվի առավ տարիքը, ապրելակերպը, այլ սննդամթերքները և մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ շաքարախտը և բարձր արյան ճնշումը: Ձվից ամբողջությամբ հրաժարված մարդկանց շրջանում ռիսկը 22 տոկոսով ավելի բարձր էր, քան նրանց շրջանում, ովքեր օրումեջ մոտավորապես մեկ ձու էին ուտում:
Այսպիսով, ինչո՞վ կարելի է բացատրել այդ օրինաչափությունը: Ուշադրության մեծ մասը կենտրոնացած է խոլինի վրա՝ սննդանյութ, որը դեղնուցը պարունակում է արտասովոր մեծ քանակությամբ:
Օրգանիզմն օգտագործում է խոլինը ացետիլխոլինի սինթեզման համար, որը քիմիական միջնորդ նյութ է և աջակցում է հիշողությանն ու գլխուղեղի բջիջների միջև ազդանշանների փոխանցմանը: Ալցհայմերի հիվանդությունից տառապող մարդկանց շրջանում, որպես կանոն, նկատվում է այդ նույն միջնորդ նյութի մակարդակի նվազում, և այդ հիվանդության դեմ ժամանակակից դեղամիջոցների մեծ մասն ուղղված է դրա մակարդակի բարձրացմանը:
Գիտությունը խոլինը ճանաչել է որպես անփոխարինելի սննդանյութ միայն 1998 թվականին, երբ Բժշկության ինստիտուտը սահմանեց սպառման առաջին թիրախային ցուցանիշները: Ամերիկացիների մեծ մասը մինչ օրս չի հասնում հանձնարարելի նորմային:
Մեկ մեծ ձուն ապահովում է չափահասի համար խոլինի օրական նորմայի մոտ մեկ երրորդը: Ավելի վաղ կատարված հետազոտությունները խոլինը կապում էին նախածննդյան շրջանում ուղեղի զարգացման հետ, ինչը ցույց է տալիս, թե որքան կարևոր է մնում այս սննդանյութը ամբողջ կյանքի ընթացքում:
Խոլինը դեղնուցում միայնակ չի գործում: Ձվի դեղնուցը պարունակում է նաև լուտեին և զեաքսանտին՝ երկու բուսական պիգմենտներ, որոնք արյան հոսքից թափանցում են գլխուղեղի հյուսվածքներ: Ավելի վաղ հետազոտություններն այդ պիգմենտների ավելի բարձր մակարդակը կապում էին տարեց մարդկանց շրջանում ավելի սուր հիշողության և տեղեկությունների ավելի արագ մշակման հետ:
Դեղնուցը պարունակում է նաև օմեգա-3 ճարպաթթուներ: Այդ ճարպերն օգնում են կառուցել թաղանթները, որոնք ուղեղի բջիջներն օգտագործում են ազդանշաններ հաղորդելու և ստանալու համար. դրանք նույն այն ճարպերն են, որոնց շնորհիվ յուղոտ ծովամթերքն ուղեղի համար առողջ սննդակարգի անբաժանելի մասն է:
Ինչպես նշում են հետազոտողները, ձվի մեջ պարունակող ճարպի մոտ 30 տոկոսը սնուցում է այդ ազդանշանային թաղանթները: Դեռևս ոչ մի հետազոտություն չի բացահայտել այդ ազդեցության կապը որևէ առանձին սննդանյութի հետ, ուստի, հավանաբար, դեղնուցն ազդում է համալիր կերպով:
Հետազոտողները հստակ ընդգծել են իրենց եզրակացությունների սահմանները: Հետազոտությանը մասնակցել են Յոթերորդ օրվա ադվենտիստները՝ մի խումբ, որը, որպես կանոն, քիչ է ծխում, ավելի շատ է զբաղվում սպորտով և ավելի լավ է սնվում, քան միջին վիճակագրական ամերիկացին:
Ավելի առողջ ելակետային մակարդակը նշանակում է, որ ձվից ստացվող օգուտը կարող է չտարածվել առանց բացառության բոլորի վրա: Բացի դրանից, հետազոտությունը նկարագրում է փոխկապակցվածությունը, այլ ոչ թե ապացուցում, որ ձուն ռիսկի նվազեցման պատճառն է:
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ուշադրություն դարձնեն իրենց ընդհանուր առողջությանը»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ջիսու Օն:
Ալցհայմերի հիվանդությունն անխոցելի է գտնվել կանխարգելիչ ռազմավարությունների մեծ մասի դեմ: Սննդաբանության ոլորտի հետազոտությունները բացահայտել են սննդային շատ քիչ սովորություններ, որոնք էապես կնվազեցնեին դեմենցիայի զարգացման ռիսկը:
Այդ աշխատությունում ձուն ավելացվում է օգտակար գործոնների այդ կարճ ցուցակին՝ ֆիզիկական վարժությունների, քնի և արյան ճնշման վերահսկման կողքին: Ստացված արդյունքները նաև համապատասխանեցվում են ավելի լայն շրջադարձին առ այն, թե ինչպես են գիտնականները դիտարկում ամենօրյա սննդակարգը՝ որպես ուղեղի առողջության վրա ազդող գործոն:
Մի հիվանդության համար, որի դեմ գոյություն ունեն պաշտպանության այդքան քիչ ապացուցված եղանակներ, նույնիսկ համեստ և հասանելի տարբերակն իրական կշիռ ունի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում