Վաղենակը կարող է բնական հավելում դառնալ. գիտնականները գնահատել են դրա օգտակարությունը

28 հուլիսի, 2026  23:39

Դեղատու վաղենակը (Calendula officinalis L.), որն իր վառ գույնի շնորհիվ հայտնի է որպես «աղքատների զաֆրան», կարող է նոր կիրառություն գտնել սննդի արդյունաբերության մեջ։ Applied Sciences հանդեսում հրապարակված հետազոտությունների ակնարկը ցույց է տվել, որ բույսը պարունակում է բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ առողջության համար պոտենցիալ օգտակարությամբ։

Գիտնականները վերլուծել են 76 գիտական հրապարակում և պարզել, որ վաղենակի ծաղիկները հարուստ են հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով օժտված ֆլավոնոիդներով, կարոտինոիդներով, եթերայուղերով և այլ միացություններով։

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղենակի մզվածքները կարող են օգնել պաշտպանել բջիջները օքսիդատիվ սթրեսից, ճնշել բորբոքային գործընթացները և դրսևորել հակամանրէային ակտիվություն։ Ուսումնասիրվում է նաև հյուսվածքների վերականգնման գործում դրանց հնարավոր դերը, սակայն նման տվյալների մեծ մասն առայժմ ստացվել է միայն բջիջների և կենդանիների վրա կատարված փորձարկումների արդյունքում։

Գիտնականների առանձնահատուկ հետաքրքրությունն է առաջացնում վաղենակի օգտագործումը որպես սննդամթերքի բնական հավելում։ Բույսի մզվածքներն արդեն փորձարկվել են յոգուրտների, հացի, մակարոնեղենի, ըմպելիքների և յուղերի արտադրության մեջ։ Դրանք կարող են բարձրացնել հակաօքսիդանտների պարունակությունը, բարելավել մթերքների գույնը և մասամբ փոխարինել սինթետիկ ներկանյութերին ու կոնսերվանտներին։

Ընդ որում, հետազոտողները նշում են, որ վաղենակի գործնական կիրառությունն առայժմ սահմանափակ է։ Օգտակար նյութերի պարունակությունը խիստ կախված է բույսի տեսակից, աճեցման պայմաններից և մշակման եղանակներից։ Բացի դրանից, դեռ բավարար տվյալներ չկան այն մասին, թե մարդու օրգանիզմը որքանով արդյունավետ է յուրացնում այդ միացությունները։

Ակնարկի հեղինակների կարծիքով՝ վաղենակը հեռանկարային է որպես ֆունկցիոնալ մթերքների բաղադրիչ, սակայն լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ անվտանգ չափաբաժինները որոշելու և առողջության համար իրական առավելություններն ապացուցելու նպատակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում