Գանդինագարի հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի (IITGN) հետազոտողները մշակել են նոր ներարկային հիդրոգել, որն օգնում է արագացնել բարդ վերքերի ապաքինումը՝ առանց հակաբիոտիկների կիրառման։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են ACS Applied Bio Materials ամսագրում։
Մշակման հիմքում ընկած է հատուկ նյութ՝ մետաղ-ֆենոլային ցանց, որը միավորում է մետաղների իոններն ու բնական բուսական միացությունները։ Գիտնականները ստեղծել են ցերիումի և ռուտինի հիմքով առաջին նանոկոմպլեքսը, որն օժտված է միանգամից մի քանի օգտակար հատկություններով։
Ցերիումն օգնում է չեզոքացնել թթվածնի ակտիվ ձևերի ավելցուկը․ սրանք մոլեկուլներ են, որոնք կարող են վնասել բջիջներն ու դանդաղեցնել հյուսվածքների վերականգնումը։ Ռուտինը ֆլավոնոիդների խմբին պատկանող բնական հակաօքսիդանտ է, որն օժտված է հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններով։ Միասին այս բաղադրիչներն օգնում են նվազեցնել հյուսվածքների վնասումը և նպաստում են վերականգնման գործընթացին։
Փորձարկումները ցույց են տվել, որ հիդրոգելը լավ է ընդունվում հյուսվածքների և արյան կողմից, իսկ վերքի հատվածում ներարկվելուց հետո աստիճանաբար արտազատում է ակտիվ նյութերը։ Դրա շնորհիվ այն ապահովում է երկարատև հակաօքսիդանտային ու հակամանրէային ազդեցություն և նպաստում է վերքերի ավելի արագ փակմանը՝ բուժման բացակայության համեմատությամբ։
Նյութի մեկ այլ առանձնահատկություն է դարձել մեծ քանակությամբ հեղուկ կլանելու (հատկապես սեփական քաշից մինչև տասնապատիկ ավելի) ունակությունը։ Սա օգնում է պահպանել հյուսվածքների վերականգնման համար անհրաժեշտ օպտիմալ խոնավ միջավայրը՝ միաժամանակ նվազեցնելով բարդությունների ռիսկը։
Գիտնականները կարծում են, որ նոր տեխնոլոգիան կարող է հիմք դառնալ խորը և դժվար ապաքինվող վերքերի բուժման ապագա մեթոդների համար։ Այնուամենայնիվ, մարդկանց վրա կիրառելուց առաջ պահանջվելու են լրացուցիչ հետազոտություններ և կլինիկական փորձարկումներ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում