npj Aging․ Կյանքի առաջին տարիներին շաքարի սահմանափակումը կիսով չափ նվազեցրել է Ալցհեյմերի հիվանդության ռիսկը

30 հուլիսի, 2026  14:12

Չինաստանի Գուանչժոուի բժշկական համալսարանի հետազոտողները պարզել են, որ կյանքի առաջին 1000 օրերին (բեղմնավորումից մինչև մոտ երկու տարեկանը) շաքարի սահմանափակումը տասնամյակներ անց զգալիորեն նվազեցնում է դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է npj Aging ամսագրում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո Մեծ Բրիտանիայում շաքարի վրա խիստ սահմանափակումներ էին դրված, իսկ մինչև երկու տարեկան երեխաներին շաքարի առանձին չափաբաժին ընդհանրապես չէր հասնում։ Երբ 1953 թվականի սեպտեմբերին այս համակարգը վերացվեց, մեծահասակների կողմից շաքարի օգտագործումը գրեթե կրկնապատկվեց (օրական 41-ից հասնելով 80 գրամի), իսկ երեխաների սպառած քաղցրավենիքի քանակն ավելացավ ավելի քան երկու անգամ։ Սա եզակի «բնական փորձարկում» դարձավ գիտնականների համար, ինչի շնորհիվ նրանք կարողացան համեմատել սահմանափակումների պայմաններում մեծացած մարդկանց և ավելի ուշ ծնվածների տվյալները։

Չինացի մասնագետները վերլուծել են 1951–1956 թվականներին ծնված Մեծ Բրիտանիայի կենսաբանկից վերցված 60394 մասնակցի տվյալները։ Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ում կյանքի առաջին 1000 օրերը համընկել են շաքարի սահմանափակման շրջանի հետ, ցանկացած տեսակի դեմենցիայի ռիսկը 27%-ով ավելի ցածր է եղել, իսկ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը՝ 46%-ով։ Բացի այդ, նրանց մոտ 11%-ով ավելի հազվադեպ է հանդիպել դեպրեսիա, իսկ 20%-ով՝ տագնապային խանգարումներ (Պարկինսոնի հիվանդության հետ որևէ կապ չի հայտնաբերվել)։

ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել, որ մանկուց շաքարի սահմանափակմանը բախված մարդկանց ուղեղը միջինում 0,39 տարով ավելի երիտասարդ է եղել իրենց տարիքից, իսկ հիշողության համար պատասխանատու հատվածների՝ հիպոկամպի և տալամուսի ծավալն ավելի մեծ է եղել։

«Կարծում ենք՝ պաշտպանական մեխանիզմը ձևավորվում է հենց կյանքի առաջին 1000 օրերին։ Սա այն կարևոր շրջանն է, երբ ուղեղն արագ է զարգանում և չափազանց զգայուն է սննդակարգի նկատմամբ», — պարզաբանել է հետազոտության ավագ հեղինակ, ծերաբան Բինգ Չժանը։

Հեղինակները շեշտում են, որ հետազոտությունը դիտողական բնույթ ունի (հիմնված է դեմենցիայի ընդամենը 307 դեպքի վրա) և վերջնականապես չի ապացուցում, որ շաքարի կրճատումն ուղղակիորեն կանխում է հիվանդությունը։ Այնուամենայնիվ, Չժանի խոսքով, արդյունքները փաստում են, որ վաղ մանկական տարիքում հավելյալ շաքարի սահմանափակումը երկարաժամկետ ներդրում է ուղեղի առողջության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում