• Latest news

Նստակյաց աշխատանքի յուրաքանչյուր հավելյալ ժամը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը․ PLOS Medicine

9 սեպտեմբերի, 2026  16:37

Գիտնականները պարզել են, որ առանց ընդմիջման նստած անցկացրած յուրաքանչյուր հավելյալ ժամը մեծացնում է քաղցկեղից մահացության ռիսկը, մինչդեռ նստակյաց ընթացքը շարժումով ընդմիջելու դեպքում այն, ընդհակառակը, նվազում է։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում։

Նստակյաց կենսակերպի վնասների մասին հայտնի է վաղուց, սակայն գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե որն է ավելի կարևոր՝ նստած անցկացրած ընդհանուր ժամանակը, թե դրա անընդհատությունը։ Դրա համար նրանք օգտագործել են ոչ թե հարցումներ, այլ շարժման կրելի դատչիկներից ստացված օբյեկտիվ տվյալներ։

Գլազգոյի համալսարանի համաճարակաբան Ֆրեդերիկ Հոյի ղեկավարած հետազոտողների խումբը վերլուծել է Մեծ Բրիտանիայի UK Biobank բիոբանկի ավելի քան 91 հազար մասնակիցների տվյալները, որոնց առողջական վիճակին հետևել են շուրջ 12 տարի։ Գիտնականները առանձին հաշվի են առել «անընդհատ» նստելը՝ 30 րոպեից ավելի տևող դրվագները։

Պարզվել է, որ հենց նման տևական նստելու յուրաքանչյուր ավելորդ ժամը կապված է եղել քաղցկեղից մահացության 9% աճի հետ։ Ընդհակառակը, շարժումով ընդմիջվող նստելու յուրաքանչյուր ժամն ուղեկցվել է քաղցկեղից մահվան ռիսկի 18% նվազումով։ Իսկ անընդհատ նստելու մեկ ժամը թեթև ակտիվությամբ փոխարինելու դեպքում ռիսկը նվազել է շուրջ 12%-ով։

«Անընդմեջ 30 րոպեից ավելի նստելը հատկապես կապված է քաղցկեղի բարձր ռիսկի հետ։ Նստելը կարճ զբոսանքի պես պարզ բանով ընդմիջելը կարող է պաշտպանիչ ազդեցություն ունենալ», — նշել է Ֆրեդերիկ Հոն։ Հեղինակների կարծիքով՝ առողջության համար կարևոր է ոչ միայն ընդհանուր առմամբ քիչ նստելը, այլև օրվա ընթացքում պարբերաբար վեր կենալն ու շարժվելը։

Խոսքը բոլորին հասանելի պարզ հնարքի մասին է․ բավական է կես ժամը մեկ վեր կենալ, քայլել կամ մարզվել՝ տևական նստելը ընդմիջելու համար։ Երկար նստելու վնասը գիտնականները կապում են նյութափոխանակության վատթարացման, բորբոքումների և արյան մեջ շաքարի մակարդակի աճի հետ․ գործընթացներ, որոնք կարող են նպաստել ուռուցքների զարգացմանը։ Սա հատկապես արդիական է գրասենյակային աշխատողների համար, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են նստած՝ հաճախ նույնիսկ չնկատելով դա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll