• Latest news

JNHA. Անարատ յոգուրտը կարող է 11–13%-ով նվազեցնել սրտի հիվանդությունների հավանականությունը

6 սեպտեմբերի, 2026  17:23

Յոգուրտը կարող է լինել սննդակարգի օգտակար մաս և միաժամանակ հագեցած ճարպերի աղբյուր, որոնք ավանդաբար կապվում են «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման և սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ յոգուրտի ազդեցությունն առողջության վրա չի կարելի գնահատել միայն առանձին սննդանյութերի պարունակությամբ:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition, Health and Aging ամսագրում, դիտարկում է յոգուրտի պոտենցիալ դերը տարիքի հետ առողջության պահպանման գործում, այդ թվում՝ որպես սպիտակուցի աղբյուր:

Այս մթերքի հանդեպ հետաքրքրությունը գոյություն ունի արդեն դարեր շարունակ: Ըստ պատմական վկայությունների՝ մոնղոլական տիրակալ Չինգիզ խանը յոգուրտը համարում էր ուժի և խիզախության աղբյուր իր բանակի համար: Գիտական ապացույցներ այն մասին, որ մթերքն ընդունակ է բարձրացնել խիզախությունը, իհարկե չկան, սակայն ժամանակակից հետազոտությունները հայտնաբերում են դրա այլ պոտենցիալ առավելությունները:

Մասնավորապես, ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունների մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ պրոբիոտիկ յոգուրտը կարող է նվազեցնել ընդհանուր խոլեստերինի և ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) մակարդակը չափավոր բարձր խոլեստերին ունեցող մարդկանց մոտ:

Խոշոր դիտողական հետազոտությունները նույնպես կանոնավոր յոգուրտ օգտագործելը կապում են սրտանոթային որոշ խնդիրների ցածր ռիսկի հետ: ԱՄՆ-ում շաբաթական առնվազն հինգ անգամ յոգուրտի օգտագործումը կապված է եղել զարկերակային բարձր ճնշման զարգացման 16%-ով ավելի ցածր ռիսկի հետ: Հիպերտոնիա ունեցող մարդկանց շրջանում շաբաթական առնվազն երկու անգամ յոգուրտ օգտագործելն ասոցացվել է սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազման հետ՝ կանանց մոտ 17%-ով, իսկ տղամարդկանց մոտ՝ 21%-ով:

Հատկապես անսպասելի էին Դանիայում անցկացված խոշոր հետազոտության արդյունքները: Յուղազրկված և անարատ կաթը անարատ յոգուրտով փոխարինելը կապված է եղել սրտի հիվանդությունների ռիսկի 11–13% նվազման հետ:

Հետազոտողները նման արդյունքները բացատրում են, այսպես կոչված, սննդային մատրիցայի էֆեկտով. ամբողջական մթերքի ազդեցությունը օրգանիզմի վրա միշտ չէ, որ հնարավոր է կանխատեսել՝ ելնելով մեկ առանձին նյութի պարունակությունից: Օրինակ՝ մթերքի կազմում առկա հագեցած ճարպերը պարտադիր չէ, որ առողջության վրա ունենան նույն ազդեցությունը, ինչ հագեցած ճարպերի նույն քանակությունը, որը դիտարկվում է ամբողջ սննդային մատրիցայից դուրս:

Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծում են, որ առկա տվյալների զգալի մասը ստացվել է դիտողական հետազոտություններից: Դրանք թույլ են տալիս հայտնաբերել կապեր, բայց չեն ապացուցում, որ հենց յոգուրտն է դարձել առողջության բարելավման պատճառը: Արդյունքների վրա կարող են ազդել այլ գործոններ՝ ընդհանուր սննդակարգը, ապրելակերպը և սոցիալ-տնտեսական պայմանները:

Հետևաբար, առայժմ չկա համընդհանուր հանձնարարական այն մասին, թե օրական որքան յոգուրտ պետք է ուտել: Տարբեր մթերքներ էապես տարբերվում են սպիտակուցների, շաքարի և ճարպերի պարունակությամբ:

Հետազոտողներն առաջարկում են յոգուրտը դիտարկել որպես ընդհանուր առողջ սննդակարգի սննդարար բաղադրիչ: Օրինակ՝ նախաճաշին այն կարելի է համադրել մրգերի և ամբողջական հացահատիկային մթերքների հետ, օգտագործել որպես թեթև ուտեստ՝ ավելի կալորիական և խիստ վերամշակված մթերքների փոխարեն, կամ բնական յոգուրտ ավելացնել սոուսների և լցոնների մեջ:

Միևնույն ժամանակ, գիտնականները դեռ պետք է պարզեն, թե կոնկրետ որ մեխանիզմներն են պատասխանատու յոգուրտի պոտենցիալ օգտակարության համար: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում մթերքի տարբեր տեսակներում օգտագործվող բակտերիաները. դրանց շտամները զգալիորեն տարբերվում են, ուստի տարբեր յոգուրտներ կարող են ունենալ ոչ միանման ազդեցություն:

Հեռանկարում նման հետազոտությունները կարող են գիտնականներին մոտեցնել անհատականացված սնուցմանը՝ յոգուրտի որոշակի տեսակի և կոնկրետ բակտերիալ կուլտուրաների ընտրությանը՝ հաշվի առնելով մարդու օրգանիզմի առանձնահատկություններն ու տարիքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll