Մեզի գենետիկական անալիզը կարող է օգնել հայտնաբերել միզապարկի քաղցկեղի դեպքերի մեծ մասը և փրկել պացիենտներին անհարմար, շտապ հետազոտություններից։ Այս եզրակացությանն են եկել Մեծ Բրիտանիայի NHS հիվանդանոցների հետազոտողները։
Բիրմինգհեմի համալսարանի մասնագետների գլխավորած թիմը փորձարկել է GALEAS թեստը 964 պացիենտի մոտ, որոնց շտապ ուղեգրել էին ուրոլոգի մոտ՝ մեզի մեջ արյան առկայության պատճառով։ Թեստը ճշգրիտ հայտնաբերել է քաղցկեղի 77 դեպքից 71-ը (92.2% ճշգրտություն)։
Բացի այդ, GALEAS-ը 100%-ով հայտնաբերել է մկանային-ինվազիվ քաղցկեղի բոլոր 17 դեպքերը, ինչպես նաև չարորակ ուռուցքների 36 դեպքից 35-ը:
Այս թեստը մեզի մեջ փնտրում է քաղցկեղի հետ կապված գենետիկական փոփոխություններ։ Այն ունակ է 23 գենում ճանաչել ԴՆԹ-ի ավելի քան 450 մուտացիա և որսալ ուռուցքից մեզի մեջ անցնող նյութերը:
Ամենակարևոր ցուցանիշներից մեկը թեստի բարձր ճշգրտությունն է բացասական արդյունքի դեպքում․ եթե թեստը բացասական է, 99.3% հավանականությամբ պացիենտը քաղցկեղ չունի։ Իսկ անտեսանելի հեմատուրիայով պացիենտների մոտ, երբ արյունն անզեն աչքով նկատելի չէ, թեստը հայտնաբերել է քաղցկեղի բոլոր դեպքերը:
Թեստը կարող է կրճատել ցիստոսկոպիաների քանակը
Միզապարկի քաղցկեղն ախտորոշելու համար սովորաբար կիրառում են ցիստոսկոպիա․ միզուկով փոքրիկ տեսախցիկ են մտցնում միզապարկ, որպեսզի ներսից զննեն այն։ Թեև սա արդյունավետ մեթոդ է, այն բավականին անհարմար է պացիենտի համար և ծանրաբեռնում է առողջապահական համակարգը:
Գիտնականները կարծում են, որ մեզի անալիզը կօգնի բժիշկներին հասկանալ, թե ում է իսկապես անհրաժեշտ շտապ ցիստոսկոպիա, իսկ ում դեպքում է հնարավոր այն անվտանգ հետաձգել:
Հետազոտության տվյալներով՝ GALEAS թեստով նախնական ստուգում անցկացնելը կարող է կրճատել շտապ ցիստոսկոպիաների թիվը․ յուրաքանչյուր 1000 պացիենտից մոտ 730-ին հնարավոր կլինի ազատել այդ միջամտությունից:
Սա թույլ կտա թեթևացնել ուրոլոգիական բաժանմունքների ծանրաբեռնվածությունը և կրճատել հերթերը։ Քանի որ մեզի նմուշը հանձնելու համար որևէ միջամտություն պետք չէ, հեռանկարում թեստը կարելի է անել անգամ տանը:
Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր և հետազոտության համահեղինակ Ռիչարդ Բրայանը նշել է, որ արդյունքները հաստատում են մեզի մոլեկուլային անալիզի արդյունավետությունը․ այն հստակ ցույց է տալիս, թե որ պացիենտին է անհրաժեշտ շտապ հետազոտություն, իսկ ում մոտ կարելի է սպասել:
GALEAS թեստն արդեն կիրառվում է Անգլիայի և Ուելսի բժշկական կենտրոնների մի մասում, և ցանկն աստիճանաբար ընդլայնվում է:
Այնուամենայնիվ, հետազոտողները ընդգծում են, որ մեզի անալիզը միայն օգնող tool է բժշկի համար և չպետք է մեխանիկորեն փոխարինի ախտորոշման ստանդարտ մեթոդներին։ Հետագա հետազոտությունները կօգնեն մշակել թեստը ստանդարտ բուժօգնության մեջ ներդնելու լավագույն տարբերակը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day