• Latest news

Աշխարհում 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցողների թիվը մինչև 2049 թվականը կավելանա 29%-ով

29 օգոստոսի, 2026  11:42

1-ին տիպի շաքարային դիաբետով ապրող մարդկանց թիվն աշխարհում կարող է ավելանալ գրեթե մեկ երրորդով՝ 2025 թվականի 9,4 միլիոնից 2049-ին հասնելով 12,1 միլիոնի։ Միևնույն ժամանակ, ըստ կանխատեսումների, հիվանդության նոր դեպքերի տարեկան քանակը կաճի 14%-ով՝ 530 հազարից հասնելով 605 հազարի, գրում է News Medical Live Science-ը։

Այս գնահատականները կներկայացվեն Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա համաժողովում, որը տեղի կունենա Միլանում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը։ Կանխատեսումը պատրաստվել է DIAMOND-T1D մոդելի օգնությամբ՝ Դանիայի Steno դիաբետի կենտրոնի պրոֆեսոր Անդերս Գրինի ղեկավարությամբ։

Հիվանդների թվի առավել նկատելի աճ է սպասվում բարձր եկամուտ ունեցող երկրներում։ Միացյալ Թագավորությունում նրանց թիվը կարող է ավելանալ մոտ մեկ երրորդով՝ 313 725-ից հասնելով 420 551-ի։ ԱՄՆ-ում կանխատեսվում է գրեթե 562 հազարի աճ՝ 1,49 միլիոնից հասնելով 2,06 միլիոնի։ Իտալիայում 1-ին տիպի դիաբետով մարդկանց թիվը, ըստ հաշվարկների, կավելանա 16%-ով՝ 205 499-ից հասնելով 239 145-ի։

Ընդ որում, ցածր եկամուտ ունեցող երկրներում հարաբերական աճը զգալիորեն բարձր կլինի։ Օրինակ՝ Տանզանիայում տարեկան նոր դեպքերի թիվը կարող է գրեթե կրկնապատկվել՝ 3275-ից հասնելով 6177-ի, իսկ 1-ին տիպի դիաբետով մարդկանց ընդհանուր թիվը 19 101-ից կդառնա 39 673։

Հետազոտողները զարգացած երկրներում հիվանդացության բարձր մակարդակը կապում են գենետիկական գործոնների, շրջակա միջավայրի ազդեցության և առողջապահական զարգացած համակարգի շնորհիվ հիվանդության ավելի արդյունավետ հայտնաբերման հետ։ Աղքատ երկրներում տարածվածության աճը, ընդհակառակը, մեծապես պայմանավորված կլինի ինսուլինի, գլյուկոզայի մակարդակի մոնիտորինգի և բժշկական օգնության հասանելիության բարելավմամբ, ինչը հնարավորություն կտա հիվանդներին ավելի երկար ապրել։

DIAMOND-T1D մոդելը հաշվի է առնում ոչ միայն հիվանդացության և բնակչության տարիքային կառուցվածքի տվյալները, այլև տարբեր երկրներում ինսուլինի պատմական հասանելիությունը։ Այն թույլ է տալիս գնահատել 1-ին տիպի դիաբետի հիվանդացությունը, տարածվածությունը և մահացությունը 1900-2050 թվականների միջակայքում։ Մոդելը ստուգվել է Դանիայի և Շոտլանդիայի ազգային ռեգիստրների տվյալների հիման վրա։

Ըստ հեղինակների հաշվարկների, 1-ին տիպի դիաբետ ունեցողների շրջանում ցանկացած պատճառով մահացության թիվը նույնպես կավելանա՝ 2025 թվականի 361 383-ից 2049-ին հասնելով 537 621-ի։ Ընդ որում, 2025 թվականին նոր դեպքերի մոտ 42%-ը բաժին է ընկել մինչև 20 տարեկաններին։

Հետազոտողները նշում են, որ 1-ին տիպի դիաբետի վերաբերյալ համաճարակաբանական տվյալները հատկապես սահմանափակ են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար։ Նրանց կարծիքով, ստացված կանխատեսումներն ընդգծում են ինսուլինի, գլյուկոզայի վերահսկման միջոցների և որակյալ բժշկական օգնության հասանելիության ընդլայնման անհրաժեշտությունը՝ առաջին հերթին սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll