Ծայրահեղ շոգը կարող է առողջական շատ ավելի լուրջ խնդիրներ հարուցել, քան պարզապես գերտաքացումն ու ջրազրկումը։ Նոր հետազոտությունը կապ է հայտնաբերել բարձր ջերմաստիճանի և ավելի քան 30 ախտորոշումների միջև՝ երիկամային սուր անբավարարությունից ու ցրված սկլերոզի սրացումներից մինչև մաշկային ցան և վնասվածքներ։
Այս ամառ Եվրոպան բախվել է ամենաէքստրեմալ ջերմաստիճաններին․ տապի մի քանի ալիքների ընթացքում ջերմաչափերը բազմիցս ռեկորդային ցուցանիշներ են գրանցել, հայտնում է Euronews-ը։
Խորշակը հազարավոր հավելյալ մահերի պատճառ է դարձել, առողջապահական համակարգը հասցրել է ծայրահեղ ծանրաբեռնվածության և ակնհայտորեն ցույց է տվել, թե որքան կարևոր է նման փուլերին ավելի լավ նախապատրաստվելը։
Ծայրահեղ ջերմաստիճանները վտանգավոր են առողջության համար․ ամենատարածված հետևանքներից են գերտաքացումը, արևահարությունը և ջրազրկումը։
Այնուամենայնիվ, հետազոտողներն առանձնացրել են բարձր ջերմաստիճանի հետ կապված ավելի քան 30 ախտորոշում, որոնց հաճախականությունը զգալիորեն աճում է անտանելի շոգի շրջանում։
Science Advances ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել շոգի սերտ կապը այնպիսի քիչ գնահատված խնդիրների հետ, ինչպիսիք են ցրված սկլերոզի սրացումները, մաշկային ցանը և տարբեր վնասվածքները։
«Հանրային առողջապահության համակարգի պարտականությունն է պաշտպանել այն մարդկանց ու համայնքներին, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության վնասակար ազդեցության նկատմամբ»,- նշել է հետազոտության հեղինակ, ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի ներկայացուցիչ Հյոչժոն Չանը։
«Եթե մենք արձանագրենք միայն շոգի հետ կապված առավել հայտնի հիվանդությունները, թերագնահատած կլինենք առողջության վրա դրա իրական բեռը։ Արդյունքում խոցելի խմբերն ու համայնքները կարող են պարզապես դուրս մնալ ուշադրությունից»,- հավելել է նա։
Հետազոտության շրջանակում վերլուծվել է 1803 ախտորոշում, որոնք 2011-ից 2023 թվականների մայիսից սեպտեմբեր ընկած հատվածում, տրվել են Չիկագոյի շտապօգնության բաժանմունքներ և անհետաձգելի բուժօգնության կլինիկաներ գրեթե մեկ միլիոն դիմումների ընթացքում։
Գիտնականները նկատել են, որ շոգի հետ են կապված նաև այնպիսի ախտորոշումները, ինչպիսիք են մաշկային ցանն ու այտուցները, երիկամային սուր անբավարարությունը, ցրված սկլերոզը, հոգեկան ու վարքագծային խանգարումները, ինչպես նաև միջատների կծածներն ու խայթոցները, որոնք անհետաձգելի օգնության պայմաններում հաճախ դուրս են մնում տեսադաշտից։
Հեղինակները ընդգծում են, որ քաղաքներում ռիսկերն ավելի բարձր են՝ այսպես կոչված «քաղաքային ջերմային կղզյակի» էֆեկտի պատճառով, երբ խոշոր բնակավայրերի տարածքում ջերմաստիճանը բարձրանում է մի քանի աստիճանով, իսկ շոգի ալիքներն ավելի երկար են տևում։
Արդյունքները փաստում են նաև, որ ծայրահեղ շոգը կարող է կապված լինել պատահական ու բռնի վնասվածքների, այդ թվում՝ հարձակումների և հրազենային միջադեպերի աճի հետ։ Հետազոտողները առանձնացրել են վնասվածքների, թունավորումների և արտաքին գործոնների ազդեցության 23 տեսակ, որոնք համապատասխանում են «շոգի հետ կապված» ախտորոշման իրենց չափանիշներին։
«Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծայրահեղ շոգի ազդեցության տակ մարդիկ հաճախ ավելի ագրեսիվ են վարվում, և սա, թերևս, նույնպես իր դերն է խաղում»,- ասել է աշխատանքի համահեղինակ, Հյուսիսարևմտյան համալսարանի դոցենտ Դենիել Հորթոնը։
«Երբ դրսում շոգ է, օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, սթրեսի մեջ է հայտնվում նաև հոգեկանը։ Դա կարող է շեղել, ջղայնացնել և հանգեցնել ավելի մեծ թվով դժբախտ պատահարների»,- հավելել է նա։
Հեղինակների խոսքով՝ ստացված տվյալները կօգնեն ավելի լավ նախապատրաստվել անոմալ շոգի ապագա ալիքներին։
Մասնավորապես, նախատեսվում է վերանայել երիկամային և ջրաղային հաշվեկշռի խանգարումների կլինիկական ուղեցույցները, քանի որ դրանք կարող են ի հայտ գալ շոգից միայն մի քանի օր անց։
Հաշվի առնելով նման հնարավոր ախտորոշումները՝ շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունները կկարողանան ավելի լավ կանխատեսել և նախապես պատրաստվել ծայրահեղ շոգի ընթացքում ու դրանից անմիջապես հետո ջրազրկման և երիկամային խնդիրների պատճառով դիմումների աճին։
Հեղինակները շեշտում են, որ առայժմ եզրահանգումները հիմնված են միայն Չիկագոյի տվյալների վրա, ուստի դրանք անհրաժեշտ է ստուգել բնակչության այլ խմբերի, այլ կլիմայական պայմանների և առողջապահական տարբեր համակարգերի դեպքում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day