Գիտնականները կանխատեսել են, որ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը մինչև 2050 թվականը կաճի շուրջ 67%-ով՝ 2024 թվականի 21 միլիոն ախտորոշումից հասնելով 34 միլիոնի։ Ընդ որում, քաղցկեղից մահվան դեպքերի գրեթե կեսը հնարավոր է կանխել։ Հետազոտությունը հրապարակվել է «CA: A Cancer Journal for Clinicians» ամսագրում։
Աճի հիմնական պատճառը ոչ թե մարդկանց առողջական վիճակի վատթարացումն է, այլ մոլորակի բնակչության ավելացումն ու ծերացումը․ որքան շատ են մարդիկ և որքան երկար են ապրում, այնքան ավելի հաճախ է հանդիպում քաղցկեղը, որի ռիսկը մեծանում է տարիքի հետ։ Գնահատականների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդն իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ առերեսվելու է չարորակ նորագոյացության հետ։
Ամերիկյան քաղցկեղաբանական ընկերության ներկայացուցիչ Հյունա Սոնի ղեկավարած հետազոտական խումբը հենվել է GLOBOCAN գլոբալ նախագծի 2024 թվականի տվյալների վրա։ Այդ տարի աշխարհում գրանցվել էր քաղցկեղի 21 միլիոն նոր դեպք և դրանից մահվան 9,8 միլիոն դեպք։ Ամենատարածվածը շարունակում է մնալ թոքի քաղցկեղը՝ 2,6 միլիոն նոր դեպք (բոլոր քաղցկեղային հիվանդությունների 13%-ը), որին հաջորդում է կանանց կրծքագեղձի քաղցկեղը՝ 2,4 միլիոն դեպքով։
Չնայած տագնապալի կանխատեսմանը՝ հեղինակներն ընդգծում են, որ հիվանդացության և մահացության դեպքերի զգալի մասը հնարավոր է կանխարգելել։ Ծխախոտից և ալկոհոլից հրաժարվելը, առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, քաղցկեղ առաջացնող վիրուսների դեմ պատվաստումը, ինչպես նաև վաղ ախտորոշումն ունակ են, նրանց գնահատականներով, փրկել նրանց գրեթե կեսին, ովքեր հակառակ դեպքում կմահանային քաղցկեղից։
Գիտնականների խոսքով՝ առողջապահական համակարգերի վրա ծանրաբեռնվածության աճն առավել ծանր է լինելու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, որտեղ չեն հերիքում ախտորոշման և բուժման ռեսուրսները։ Ուստի հեղինակները հորդորում են արդեն իսկ ներդրումներ անել կանխարգելման և վաղ հայտնաբերման ոլորտում՝ սպասվող աճի հետևանքները մեղմելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day