Պտղի եզակի վիրահատությունն օգնել է ուղղել ծանր բնածին արատը մինչև երեխայի ծնվելը

3 օգոստոսի, 2026  12:50

Բժիշկները հաջողությամբ եզակի վիրահատություն են կատարել դեռևս չծնված երեխայի վրա՝ հղիության ընթացքում վերացնելով զարգացման ծանր բնածին արատը, հայտնում է BBC-ն։

Վիրահատությունը կատարվել է Լոնդոնի բնակչուհի Մեյզի Սևիջին՝ հղիության 26-րդ շաբաթում։ Նրա որդու՝ Թեոյի մոտ ախտորոշվել է գաստրոշիզիսի բարդ ձև՝ հազվագյուտ բնածին արատ, որի դեպքում որովայնի առջևի պատը սխալ է ձևավորվում, ինչի հետևանքով աղիները զարգանում են որովայնի խոռոչից դուրս։

Թեոն դարձել է առաջին բրիտանացի երեխան, որին Հյուստոնի Տեքսասի մանկական հիվանդանոցում անցկացվող միջազգային կլինիկական հետազոտության շրջանակում կատարել են նման փորձարարական ներարգանդային վիրահատություն։ Ամբողջ աշխարհում այս պրոցեդուրան անցել է ընդամենը երեք երեխա։

Մինչ վիրահատությունը Մեյզին մեկնել է Բելգիա, որտեղ մասնագետները, մկանները թուլացնելու և հետագա միջամտությունը հեշտացնելու նպատակով, պտղի որովայնի պատին բոտուլոտոկսին են ներարկել։ Այնուհետև ընտանիքը մեկնել է ԱՄՆ, որտեղ վիրաբույժները, մասամբ դուրս բերելով արգանդը, աշխատանքային տարածք ստեղծելու համար հարպտղային ջրերը ժամանակավորապես փոխարինել են ածխաթթու գազով և նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ տեխնիկայի միջոցով զգուշորեն վերադարձրել երեխայի աղիները որովայնի խոռոչ, ինչից հետո ուղղել են արատը։

Վիրահատությունն անցել է առանց բարդությունների՝ ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար։ Միջամտությունից հետո հղիությունը տևել է ևս 14 շաբաթ, իսկ փետրվարին Թեոն լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով։ Այժմ նա հինգ ամսական է և զարգանում է նորմալ։

Գաստրոշիզիսի բարդ ձևը Մեծ Բրիտանիայում հանդիպում է մոտավորապես 3000 նորածնից մեկի մոտ։ Ծանր դեպքերում երեխաներին անհրաժեշտ են լինում ամիսներ տևող ինտենսիվ թերապիա, մի քանի վիրահատություն, երկարատև ներերակային սնուցում, իսկ երբեմն՝ աղիների փոխպատվաստում։ Նույնիսկ ամենաժամանակակից բուժման պարագայում նման հիվանդների մոտ 10%-ին չի հաջողվում փրկել։

Կլինիկական հետազոտությունը ղեկավարում է պտղային վիրաբուժության մասնագետ, դոկտոր Մայքլ Բելֆորթը, ով ավելի վաղ մշակել էր ողնուղեղային ճողվածքի ներարգանդային բուժման մեթոդիկան։ Բժիշկների խոսքով՝ հաջող արդյունքը ցույց է տալիս, որ նման վիրահատությունները ունակ են զգալիորեն լավացնել գաստրոշիզիսի բարդ ձևեր ունեցող երեխաների կանխատեսումը։

Great Ormond Street հիվանդանոցի պրոֆեսոր Պաոլո դե Կոպպին նշել է, որ կլինիկական փորձարկումների հաջող ավարտից հետո այս մեթոդիկան նախատեսում են ներդնել նաև Մեծ Բրիտանիայում։ Հետազոտողները կարծում են նաև, որ ապագայում նմանատիպ ներարգանդային վիրահատություններ կարող են կիրառվել սրտի որոշ բնածին արատների և թոքերի հիվանդությունների բուժման համար՝ դեռևս մինչև երեխայի ծնվելը։

Թեոյի ծնողները պատմում են, որ վիրահատությունը լիովին փոխել է իրենց որդու ապագան, և շնորհակալություն են հայտնում Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի բժիշկներին՝ նրան առանց այս հիվանդությանն ուղեկցող ծանր բարդությունների առողջ կյանքի սկիզբ պարգևելու հնարավորության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում