Կանադացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սննդակարգի վերլուծությունը որպես փոխկապակցված մթերքների ցանց հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ առողջության վրա սննդակարգի ազդեցությունը, քան առանձին մթերքների գնահատումը։
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հետազոտողները, մեքենայական ուսուցման մեթոդների կիրառմամբ, վերլուծել են Կանադայի չափահաս բնակիչների սննդակարգի և առողջական վիճակի վերաբերյալ տվյալները։ Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են մթերքների տարբեր համադրությունները կապված ընդհանուր մահացության, սիրտանոթային հիվանդությունների վտանգի և կյանքի տևողության հետ։ Արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition գիտական հանդեսում։
Առանձին մթերքներ վերլուծելու փոխարեն՝ գիտնականները յուրաքանչյուր սննդային խումբ դիտարկել են որպես միասնական սննդային ցանցի տարր՝ պարզելով, թե որ մթերքներն են ամենից հաճախ օգտագործվում միասին, և գնահատել են սնուցման նման մոդելների կապն առողջության երկարաժամկետ ցուցանիշների հետ։
Հետազոտության ընթացքում առանձնացվել է սնուցման երեք հիմնական մոդել։ Առաջինն իրենից ներկայացնում էր բանջարեղենի բարձր պարունակությամբ սննդակարգ, որը ներառում էր տարբեր տեսակի բանջարեղեն, ընդեղեն, սոյայի մթերքներ, ապուրներ, մակարոնեղեն, բրինձ և բուսական յուղեր, ընդ որում՝ ֆասթֆուդը բացասաբար էր կապված այդ մոդելի հետ։ Երկրորդ մոդելը բնութագրվում էր քաղցր ըմպելիքների բարձր սպառմամբ և մրգերի, ինչպես նաև մաքրված հացահատիկների ու աղի նախուտեստների ցածր սպառմամբ։ Երրորդն արտացոլում էր բարձր կալորիականությամբ և ճարպերի բարձր պարունակությամբ նախաճաշ՝ ներառելով պինդ ճարպեր, սուրճ, շաքար, վերամշակված միս, ձու, նրբաբլիթներ և վաֆլի։
Առողջական առավել բարենպաստ ցուցանիշներ են գրանցվել սնուցման բանջարեղենային մոդելին հետևած մարդկանց շրջանում։ Այդ սննդակարգին նվազագույնս հետևող մասնակիցների համեմատ՝ առավել խստորեն հետևող մարդկանց շրջանում ցանկացած պատճառով մահվան ռիսկը 51%-ով ավելի ցածր է եղել, սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ 45%-ով, իսկ կյանքի ակնկալվող տևողությունը միջինում բարձր է եղել 8,3 տարով՝ կանանց և 6,1 տարով՝ տղամարդկանց շրջանում։
Հակառակը, մեծ քանակությամբ քաղցր ըմպելիքներով և մրգերի ցածր սպառմամբ սննդակարգին խիստ հետևելը կապված է եղել մահվան ընդհանուր ռիսկի 31%-ով աճի և տղամարդկանց շրջանում մահացության 39%-ով բարձրացման հետ։ Կանանց շրջանում վիճակագրորեն նշանակալի կապ չի հայտնաբերվել։
Նախաճաշին ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը կապված չի եղել ընդհանուր մահացության կամ սրտանոթային հիվանդությունների ռիսկի վիճակագրորեն նշանակալի փոփոխությունների հետ։
Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը բացահայտում է վիճակագրական կապեր, այլ ոչ թե ապացուցում է պատճառահետևանքային կապը։ Ընդսմին, նրանց կարծիքով՝ սնուցման ցանցային վերլուծության մեթոդների օգտագործումը կարող է օգնել մշակելու ավելի անհատականացված սննդային ուղեցույցներ և խրոնիկական հիվանդությունների կանխարգելման ռազմավարություններ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում