Քաշի նվազեցման համար նախատեսված դեղամիջոցները կարող են փոխել ոչ թե ուտելիքի համը, այլ ուտելու ցանկությունը․ Frontiers in Nutrition

5 օգոստոսի, 2026  10:29

Գլյուկագոնանման պեպտիդ-1 ռեցեպտորների ագոնիստների (GLP-1RA) հիմքով դեղամիջոցները, որոնք լայնորեն կիրառվում են ճարպակալման բուժման համար, կարող են փոխել ոչ թե բուն ուտելիքի համը, այլ դրանից ստացվող հաճույքն ու ուտելու ցանկությունը։ Այս մասին ցույց է տվել Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված հետազոտությունների ակնարկը:

Նման դեղամիջոցներ ընդունող որոշ պացիենտներ հայտնում են, որ սիրելի ճաշատեսակները դառնում են նվազ հրապուրիչ, ուտելիքն այլևս նախկին հաճույքը չի պատճառում, իսկ կալորիական սննդի նկատմամբ հակումը նվազում է:

Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ սա պարտադիր չէ, որ կապված լինի համային ընկալման խանգարման հետ:

Ակնարկի հեղինակներն առաջարկում են սննդային վարքագծի փոփոխությունները դիտարկել երեք բաղադրիչի միջոցով․ զգայական ընկալում, ուտելուց ստացված հաճույք և այն փնտրելու մոտիվացիա:

Առաջին բաղադրիչը սննդի համը, հոտն ու տեքստուրան զգալու կարողությունն է: Երկրորդը՝ ուտելուց ստացվող սուբյեկտիվ հաճույքը, որը կախված է ոչ միայն համից, այլև փորձառությունից, էմոցիաներից և օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից: Երրորդը՝ որոշակի մթերք ձեռք բերելու և ուտելու ցանկությունն է:

Հետազոտողների կարծիքով՝ GLP-1RA-ն ազդում է հիմնականում ուղեղի պարգևատրման համակարգի և սննդային մոտիվացիայի վրա, այլ ոչ թե ուղղակիորեն փոխում համային ռեցեպտորների աշխատանքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ մարդկանց մոտ այս դեղամիջոցները նվազեցնում են բարձր կալորիականությամբ սննդի նկատմամբ հակումը և թուլացնում սննդային ազդակների նկատմամբ ուղեղի արձագանքը:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ սննդի ընկալման վրա կարող են ազդել նաև դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, օրինակ՝ փսխման զգացումը, վաղ հագեցվածությունը և ստամոքսի դատարկման դանդաղումը: Սրա պատճառով երբեմն դժվար է լինում տարբերակել համի իրական փոփոխությունը ուտելուց ստացվող հաճույքի նվազումից:

Ակնարկի հեղինակներն ընդգծում են, որ առկա հետազոտությունները դեռևս հակասական արդյունքներ են տալիս: Շատ աշխատանքներ հատուկ մշակված չեն եղել սննդային փորձառության փոփոխություններն ուսումնասիրելու համար, իսկ պացիենտների հայտնած «համի փոփոխությունները» կարող են ներառել տարբեր երևույթներ՝ ախորժակի նվազումից մինչև աղեստամոքսային տրակտի անհանգստացնող զգացողություններ:

Հետազոտողները նշում են, որ պացիենտի մոտ սննդի համի, դրանից ստացվող հաճույքի կամ ախորժակի փոփոխության հստակ տարբերակումը թույլ կտա բժիշկներին ճարպակալման բուժման ընթացքում ավելի արդյունավետ սննդակարգ մշակել:

Նրանց կարծիքով՝ հետագայում անհրաժեշտ են ավելի երկարատև հետազոտություններ, որոնք միաժամանակ կգնահատեն համային ընկալումը, ուղեղի պարգևատրման համակարգը, սննդային նախասիրություններն ու թերապիային հետևելը:

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ պացիենտների մեծ մասի մոտ GLP-1RA-ի ֆոնին սննդային վարքագծի փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, կապված են ոչ թե բուն համի խանգարման, այլ սննդի գնահատման, դրանից ստացվող հաճույքի և սպառման մոտիվացիայի փոփոխության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում