Պլաստիկը երբեք ամբողջությամբ չի անհետանում: Այն միայն քայքայվում է ավելի ու ավելի փոքր կտորների, որոնցից մի քանիսն այնքան մանր են, որ կարող են թափանցել օրգանիզմի պաշտպանիչ արգելքների միջով և նստվածք տալ մեր ներսում: Այս բեկորներն արդեն հայտնաբերվում են մարդու արյան, թոքային հյուսվածքի և նույնիսկ կրծքի կաթի մեջ: Հռոմի Սապիենցա համալսարանի հետազոտողների թիմն ուղևորվել է դրանց որոնմանը ամենադժվարհասանելի վայրերից մեկում՝ բուն սրտի արյունատար անոթներում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Heart Journal-ում:
«Միկրո- և նանոպլաստիկը պլաստիկի ամենամանր մասնիկներն են, որոնք հանդիպում են շրջակա միջավայրում գրեթե ամենուր, ներառյալ մեր շնչած օդում, մեր խմած ջրում և մեր օգտագործած բազմաթիվ սննդամթերքներում»,- ասել է Պասկուալե Պաոլիսոն: «Վերջին տարիներին գիտնականները սկսել են հայտնաբերել այս մասնիկները մարդու հյուսվածքներում և օրգաններում, ինչը մտահոգություն է առաջացնում առողջության վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ»:
Հետազոտական թիմն ուսումնասիրել է իտալական երկու հիվանդանոցներում կորոնար անգիոգրաֆիա անցած 61 պացիենտի տվյալները, հայտնում է Planet Today-ը: Յուրաքանչյուր պացիենտ դասակարգվել է որոշակի խմբում՝ կախված նրա սրտի վիճակից:
Խմբերից մեկը վերջերս ինֆարկտ էր տարել: Երկրորդը տառապում էր քրոնիկ իշեմիկ հիվանդությամբ, իսկ մյուսների կորոնար զարկերակները լիովին նորմալ տեսք ունեին:
Արյան նմուշառումն իրականացվել է Հռոմի Սանտ-Անդրեա համալսարանական հիվանդանոցում՝ անմիջապես սրտամկանը սնուցող անոթներից: Նմուշների հավաքագրման երկրորդ կետը դարձել է Վերոնայի համալսարանին կից համալսարանական հիվանդանոցը: Այնուհետև բուն պլաստիկ մասնիկները չափվել են Նեապոլի Լուիջի Վանվիտելլիի անվան Կամպանիայի համալսարանում:
Հետազոտողները նաև արձանագրել են, թե ով է ծխել, ինչպես նաև որքան աղտոտված օդ է շնչել յուրաքանչյուր պացիենտ վերջին երկու տարվա ընթացքում: Երեք խմբերի միջև տարբերությունը ապշեցուցիչ է ստացվել: Ինֆարկտ տարած մարդկանց շրջանում պլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել դեպքերի 84%-ում:
Քրոնիկ իշեմիկ հիվանդություն ունեցող պացիենտների մոտ այս բաժինը նվազել է մինչև 40%: Նորմալ զարկերակներով մարդկանց միայն 32%-ի մոտ է որևէ պլաստիկ եղել: Ինֆարկտ տարած անձանց արյան մեջ հայտնաբերվել է նաև պլաստիկի տեսակների ավելի լայն տեսականի: Ամենատարածվածը եղել է պոլիէթիլենը՝ այն նյութը, որն առօրյա կյանքում օգտագործվում է տոպրակների և սննդի փաթեթավորման համար:
Պլաստիկի տեսակների բազմազանությունը կարող է նույնքան նշանակալի լինել, որքան բուն թվերը: Պլաստիկի տեսակների ավելի լայն տեսականին վկայում է մարդու կյանքի ընթացքում ամենօրյա ազդեցության ավելի մեծ թվով աղբյուրների մասին:
Թե՛ ծխելը, թե՛ օդի աղտոտվածությունն ակնհայտ ազդեցություն են ունեցել արդյունքների վրա: Աղտոտված օդի ավելի ինտենսիվ և տևական ազդեցության ենթարկված պացիենտների արյան մեջ միկրոպլաստիկի հայտնաբերման հավանականությունն ավելի բարձր է եղել: Ամենավատ վիճակում ծխողներն են. հավանականությունը, որ այդ մասնիկները շրջանառվելու են օրգանիզմում, 6 անգամ ավելի բարձր է եղել, քան չծխողների մոտ:
Այս երկու գործոնների համադրությունն ավելի մեծ վնաս է հասցրել: Այն պացիենտների արյան մեջ, որոնք միաժամանակ ծխել են և շնչել խիստ աղտոտված օդ, 100% դեպքերում պլաստիկ է հայտնաբերվել, այնինչ երկու գործոններից էլ զերծ մնացածների շրջանում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 12.5%:
Սանտ-Անդրեա համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Էմանուելե Բարբատոն հայտարարել է, որ հետազոտությունը չի ապացուցում, թե միկրոպլաստիկն ինֆարկտ է առաջացնում, սակայն ամուր կապ է բացահայտում շրջակա միջավայրի գործոնների ազդեցության, արյան մեջ միկրոպլաստիկի առկայության և սրտանոթային հիվանդությունների միջև:
«Այնուամենայնիվ, շատ քիչ բան էր հայտնի այն մասին, թե արդյոք այդ մասնիկներն առկա են կորոնար արյան շրջանառության մեջ (սիրտը սնուցող զարկերակներով հոսող արյան մեջ), կամ կարող են արդյոք շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսիք են ծխելը և օդի աղտոտվածությունը, ազդել դրանց առկայության վրա»,- նշել է Բարբատոն: «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ծխելը կարող է հեշտացնել միկրո- և նանոպլաստիկի թափանցումն արյան հոսքի մեջ թոքերի միջոցով: Օդի աղտոտվածությունը կարող է գործել նմանատիպ ձևով»:
Թոքերը ներկայացնում են այս մասնիկների թափանցման հավանական ուղին: Դրանք կարող են հաղթահարել թոքային հյուսվածքի խորքում գտնվող բարակ պատնեշը և հայտնվել արյան հոսքում․ սա մի ուղի է, որը վաղուց ուսումնասիրվում է մոխրի և օդով փոխանցվող այլ աղտոտիչների պարագայում:
Հայտնվելով արյունատար անոթներում՝ այս մասնիկները կարող են լուրջ խնդիրներ հարուցել: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել դրանց կապը բորբոքային գործընթացների, ինչպես նաև զարկերակների ներքին բարակ թաղանթի վնասման հետ:
Դրանք առաջացնում են նաև օքսիդացիոն ստրես և վնասում մեր բջիջների ներսում գտնվող «փոքրիկ էներգետիկ կայանները»՝ միտոքոնդրիումները: Նույն այս գործընթացները ժամանակի ընթացքում հանգեցնում են առողջ զարկերակների ախտահարմանն ու հիվանդությունների զարգացմանը:
Ավելի վաղ անցկացված հետազոտություններն արդեն իսկ պլաստիկի առկայություն է բացահայտել պարանոցային զարկերակներում կուտակվող ճարպային վահանիկների ներսում: Այն պացիենտների մոտ, որոնց օրգանիզմում հայտնաբերվել էին այդ նստվածքները, հաջորդող երեք տարիների ընթացքում ինֆարկտի և ինսուլտի դեպքերն ավելի հաճախակի են եղել: Արյան մեջ պլաստիկի առկայությունը կապված է եղել նաև բորբոքման ավելի բարձր մակարդակի հետ․ մասնավորապես բարձրացել են ուռուցքի նեկրոզի գործոնը և ինտերլեյկին-6-ը:
«Արդյունքներն ընդգծում են առողջության վրա ազդող բնապահպանական գործոնների ավելի լայն շրջանակում դիտարկելու անհրաժեշտությունը»,- ավելացրել է Բարբատոն: «Օդի աղտոտվածության, ծխախոտի ծխի ազդեցության և պլաստիկով շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանն ուղղված քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել ոչ միայն բնապահպանական, այլև սրտանոթային համակարգի առողջության բարելավման տեսանկյունից»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում