Մանչեսթերի համալսարանի Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են իմունային բջիջների քիչ ուսումնասիրված տեսակ, որը կարող է քաղցկեղի դեմ թերապիայի զարգացման նոր բանալի դառնալ: Խոսքը ակտիվացված դենդրիտային բջիջների մասին է՝ մասնագիտացված բջիջների, որոնք օգնում են օրգանիզմին սկսել և պահպանել ուռուցքների դեմ հարձակումը:
Հետազոտության արդյունքներն ընդունվել են Immunity ամսագրում հրապարակման համար և արդեն հասանելի են SSRN սերվերում՝ նախատպագրության տեսքով:
Մինչ այժմ գիտնականների համար դժվար էր հասկանալ քաղցկեղի դեմ պայքարում ակտիվացված դենդրիտային բջիջների հստակ դերը, քանի որ չկային մեթոդներ, որոնք թույլ կտային առանձին ուսումնասիրել հենց այս բջջային պոպուլյացիան:
Հետազոտողները ստեղծել են մկների առաջին մոդելները, որոնք թույլ են տալիս կամ նշագրել նման բջիջները, կամ հեռացնել դրանք օրգանիզմից:
Փորձերը ցույց են տվել, որ ակտիվացված դենդրիտային բջիջներն անհրաժեշտ են հակաուռուցքային արդյունավետ իմունիտետի համար: Առանց դրանց T-բջիջները, որոնք ընդունակ են ոչնչացնել քաղցկեղային բջիջները, չեն կարողանում լիարժեք ակտիվանալ և պահպանել իրենց ակտիվությունը ուռուցքի ներսում:
Արդյունքում օրգանիզմն ավելի վատ է ինքնուրույն վերահսկում քաղցկեղի զարգացումը, իսկ իմունաթերապիայի արդյունավետությունը զգալիորեն ընկնում է:
Հետազոտության առաջին հեղինակ Մարիա Կուֆակիի խոսքով՝ իմունաթերապիայի ժամանակակից մեթոդները պահանջում են իմունային համակարգի հզոր և համակարգված աշխատանք, սակայն շատ պացիենտներ մինչ օրս դրանից բավարար օգուտ չեն ստանում:
Գիտնականները կարծում են, որ դենդրիտային բջիջների ակտիվության ուժեղացումը կարող է օգնել բարձրացնել բուժման արդյունավետությունը և շանս տալ այն պացիենտներին, որոնց ուռուցքներն այժմ վատ են արձագանքում թերապիային:
Հետազոտության ավագ հեղինակ Սանտյագո Զելենան նշել է, որ այս բջիջները ոչ միայն սկսում են իմունային հարձակում գործել ուռուցքի վրա, այլև օգնում են պահպանել այն ուռուցքային հյուսվածքի ներսում: Սա նոր հնարավորություններ է բացում իմունաթերապիայի առավել արդյունավետ մեթոդներ ստեղծելու համար:
Հետազոտողները ընդգծում են, որ առջևում դեռ շատ աշխատանք կա, սակայն նոր մոդելները կարող են օգնել հասկանալ, թե ինչու է իմունաթերապիան փրկում որոշ պացիենտների, իսկ մյուսների վրա գրեթե չի ազդում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day