ԱՄՆ Լուիզիանա նահանգում ինը մարդ վարակվել է Վիբրիո վուլնիֆիկուս բակտերիայով, որն անվանում են «մսակեր»։ Տարեսկզբից նրանցից հինգը մահացել է, հայտնում է NBC News-ը։
Դեպքերի թվի աճի հետ կապված՝ նահանգի Առողջապահության դեպարտամենտը բնակիչներին հորդորել է պահպանել զգուշության միջոցները։
Ըստ գերատեսչության, այս տարի գրանցված բոլոր դեպքերը կապված են եղել բաց վերքերի մեջ ծովի ջրի ներթափանցման հետ։ Բոլոր հիվանդներն ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ։
Համեմատության համար նշենք, որ նախորդ 10 տարիների նույն ժամանակահատվածում Լուիզիանայում տարեկան միջինը Վիբրիո վուլնիֆիկուսով վարակման յոթ դեպք և մեկ մահ է գրանցվել։
Վիբրիո բակտերիաները սովորաբար բնակվում են ափամերձ ջրերում։ Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC), վարակվելու վտանգը մեծանում է ամռանը, երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է։
Կարելի է վարակվել հում կամ թերի եփված կակղամորթների, հատկապես՝ ոստրեների օգտագործման, ինչպես նաև ծովի կամ աղի ջրի հետ բաց վերքի շփման դեպքում։
Ըստ CDC-ի, Վիբրիո վուլնիֆիկուս վարակով յուրաքանչյուր հինգերորդ մարդը մահանում է։
Թեև վարակվել կարող է յուրաքանչյուրը, բարձր ռիսկի խմբում են լյարդի հիվանդություններ, քաղցկեղ, շաքարային դիաբետ, ՄԻԱՎ կամ թալասեմիա ունեցողները, ինչպես նաև այն պացիենտները, որոնք ընդունում են իմունային համակարգը ճնշող պատրաստուկներ, ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղամիջոցներ կամ վերջերս ստամոքսի վիրահատություն են տարել։
Վարակի ախտանիշներն են փորլուծությունը, որովայնի սպազմերն ու ցավերը, սրտխառնոցը, փսխումը, տենդը և դողը։
Լուիզիանայի իշխանությունները հորդորում են անհապաղ դիմել բժշկական օգնության, եթե ծովի կամ աղի ջրի հետ շփումից հետո վերքը կարմրել է, ուռել, դարձել ցավոտ, տաք կամ փոխել է գույնը։ Բժշկին դիմելիս անհրաժեշտ է հայտնել ջրի հետ շփման մասին։
Անցյալ տարի Լուիզիանայում նույնպես նկատվել էր Վիբրիո վուլնիֆիկուս վարակի դեպքերի աճ. գրանցվել էր առնվազն 17 դեպք։ Ըստ առողջապահական մարմինների, 2025 թվականին այս վարակից Ֆլորիդայում, Լուիզիանայում և Հյուսիսային Կարոլինայի Արտաքին ծանծաղուտներում մահացել է առնվազն 10 մարդ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում