Գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որի արգելափակումը կարող է գլիոբլաստոման ավելի խոցելի դարձնել թերապիայի նկատմամբ

10 օգոստոսի, 2026  08:26

Օհայոյի նահանգի համալսարանի Համապարփակ ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները պոտենցիալ թիրախ են հայտնաբերել, որի արգելափակումը կարող է գլիոբլաստոմայի բջիջներն ավելի զգայուն դարձնել բուժման նկատմամբ։ Խոսքը SET սպիտակուցի մասին է, որը մասնակցում է ուռուցքային բջիջներին գոյատևել և թերապիային դիմադրել թույլ տվող մեխանիզմին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancer Letters բժշկագիտական հանդեսում։

Գլիոբլաստոման առ այսպր համարվում է քաղցկեղի ամենաագրեսիվ և դժվար բուժվող տեսակներից մեկը։ Ուռուցքները հաճախ դիմացկուն են լինում ճառագայթային և քիմիաթերապիայի նկատմամբ, ուստի հետազոտողները ձգտում են ոչ թե փոխարինել գոյություն ունեցող բուժման մեթոդները, այլ բարձրացնել դրանց արդյունավետությունը։

Գիտնականները կենտրոնացել են PP2A ֆերմենտի վրա, որը կարգավորում է քաղցկեղային բջիջների աճի և գոյատևման համար պատասխանատու ազդանշանները, ինչպես նաև բուժման հետևանքով առաջացած վնասվածքներից հետո դրանց վերականգնվելու ունակությունը։

Ինչպես պարզել են հետազոտողները, գլիոբլաստոմայի բջիջներն ունակ են ճնշել PP2A-ի ակտիվությունը երեք սպիտակուցների՝ ANP32A, CIP2A և SET-ի միջոցով։ Լաբորատոր և կենդանական մոդելներում այդ սպիտակուցների արգելափակման դեպքում քաղցկեղային բջիջների գոյատևման մակարդակը նվազել է, իսկ ճառագայթային թերապիայի նկատմամբ նրանց զգայունությունը՝ բարձրացել։

Ամենահեռանկարային թիրախը դարձել է SET-ը. դրա ճնշումը խոչընդոտում էր նախակլինիկական մոդելներում ուռուցքների ձևավորմանը։

«Գլիոբլաստոման դժվար է բուժել, քանի որ այն ունակ է հարմարվելու և գոյատևելու։ Մեր արդյունքները ցույց են տալիս, որ PP2A-ի ակտիվության վերականգնումը կարող է զրկել գլիոբլաստոմայի բջիջներին բուժմանը դիմադրելու ունակությունից»,- հայտարարել է Օհայոյի նահանգի համալսարանի ուռուցքաբանական կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Առնաբ Չակրավարտին։

Հետազոտողները ստուգել են նաև FDA-ի (ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն) հաստատած հակահոգեգարային դեղամիջոցի ազդեցությունը, որն ունակ է բարձրացնել PP2A-ի ակտիվությունը։ Ստացված արդյունքները, նրանց կարծիքով, հաստատում են այդ մեխանիզմի վրա ազդող դեղամիջոցների հետագա ուսումնասիրության հեռանկարայնությունը։

Ընդ որում, արդյունքներն առայժմ նախնական են և բուժառուների վրա չեն ստուգվել։ Գիտնականները դեռ պետք է պարզեն՝ արդյոք հնարավո՞ր է անվտանգ կերպով ազդել SET-ի կամ PP2A-ն ճնշող այլ սպիտակուցների վրա, և արդյո՞ք դա իսկապես հնարավորություն կտա բարձրացնել գլիոբլաստոմայի ստանդարտ բուժման արդյունավետությունը։

Հետազոտողներն առանձին ընդգծել են, որ փորձարկված դեղամիջոցն առայժմ նախատեսված չէ գլիոբլաստոմայի բուժման համար և չպետք է կիրառվի այդ նպատակով կլինիկական հետազոտություններից դուրս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում