Գիտնականները մշակել են ճկուն սարք, որը կարող է անմիջապես ողնուղեղից միաժամանակ ընթերցել շարժողական, զգայական և ներքին օրգանների աշխատանքի ազդանշանները։ Տեխնոլոգիան պոտենցիալ հնարավորություն կտա շրջանցել ողնուղեղի վնասված հատվածը և միանգամից վերականգնել կորցրած մի քանի գործառույթները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Հյուսթոնի Մեթոդիստական հիվանդանոցի (Houston Methodist) և Քեմբրիջի համալսարանի հետազոտողները ստեղծել են ճկուն նեյրոինտերֆեյս, որը փաթաթվում է ողնուղեղի շուրջ և ընդունակ է միաժամանակ ճանաչել նյարդային տարբեր տեսակի ազդանշանները։
Հետազոտողների տվյալներով՝ ամբողջ աշխարհում ողնուղեղի վնասվածքներով ապրում է ավելի քան 2,5 միլիոն մարդ։ Վերականգնման ժամանակակից տեխնոլոգիաները սովորաբար ուղղված են առանձին գործառույթների վրա․ օրինակ՝ շարժում, զգայունություն կամ ներքին օրգանների աշխատանքի վերահսկում։
Նոր համակարգն առաջարկում է սկզբունքորեն այլ մոտեցում։ Վնասված հատվածը վերականգնելու փորձերի փոխարեն գիտնականները ցանկանում են նյարդային ազդանշանների համար շրջանցիկ ուղի ստեղծել։
Նախակլինիկական փորձարկումներում սարքը կարողացել է ճանաչել որոշակի շարժում կատարելու մտադրության հետ կապված ազդանշանները, ինչպես նաև տարբերակել զգայական տեղեկատվության մի քանի տեսակ։ Բացի այդ, համակարգը նույնականացրել է ներքին օրգաններից եկող ազդանշանները։
Հետազոտողներն առանձնապես կարևոր արդյունք են համարում այն, որ տեխնոլոգիան ցուցադրել է իր աշխատունակությունն ավելի խոշոր անատոմիական մոդելի վրա։ Սա դիտարկվում է որպես անհրաժեշտ փուլ՝ նախքան մարդկանց վրա տեխնոլոգիայի հնարավոր փորձարկումներին անցնելը։
Հեղինակները ենթադրում են, որ ապագայում նման նեյրոինտերֆեյսը կարող է օգտագործվել նոր սերնդի նեյրոպրոթեզներ ստեղծելու համար․ համակարգեր, որոնք ուղղակիորեն փոխազդում են նյարդային համակարգի հետ և թույլ են տալիս շրջանցել վնասված հատվածները կամ փոխարինել կորցրած գործառույթները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում