Անցած շաբաթվա ընթացքում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում Էբոլա տենդից ավելի քան 300 մարդ է մահացել։ Սա բռնկման սկզբից ի վեր, յոթնօրյա հատվածում մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Կառավարության նոր տվյալները վկայում են այն աճող դժվարությունների մասին, որոնց բախվում են բուժաշխատողները վիրուսի արագ տարածման ֆոնին։
ԿԴՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ շաբաթ օրվա դրությամբ երկրում գրանցվել է վարակման 5514 և մահվան 2642 դեպք։ Նախորդ յոթ օրերի ընթացքում արձանագրվել է մահվան 317 դեպք։
Միևնույն ժամանակ, Կոնգոյի փորձագետները զգուշացնում են, որ բռնկման իրական մասշտաբները կարող են անհամեմատ ավելի մեծ լինել։ Քանի որ վիրուսը սկսել էր տարածվել պաշտոնական հաստատումից շաբաթներ առաջ, դեպքերի փաստացի թիվը կարող է եռակի անգամ գերազանցել հայտնի ցուցանիշները։
Բռնկման հարուցիչը Բունդիբուգյո համեմատաբար հազվադեպ հանդիպող վիրուսն է։ Տարածման տեմպերով ընթացիկ բռնկումն արդեն համարվում է աննախադեպ։ Շատ հիվանդներ մահանում են մասնագիտացված բուժկենտրոններից դուրս, ինչը բարդացնում է նոր դեպքերի հայտնաբերումն ու ժամանակին բուժօգնության տրամադրումը։
Հաստատված պացիենտների գրեթե կեսը մահացել է. մահաբերությունը կազմում է 47,9%: Դժվարամատչելի շրջաններում այս ցուցանիշն անհամեմատ բարձր է։ Օրինակ՝ Հյուսիսային Կիվու նահանգում այն հասնում է 68,6%-ի։
Բռնկման էպիկենտրոն է մնում Իտուրի նահանգը։ Բժիշկները նշում են, որ նոր հիվանդներից շատերը նախկինում չեն եղել արդեն հայտնաբերված պացիենտների կոնտակտավորների ցանկում, ինչն էապես բարդացնում է վարակի տարածման վերահսկողությունը։
Գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ Բունդիբուգյո վիրուսով հարուցված վարակի կանխարգելման և բուժման համար հատուկ հաստատված պատվաստանյութերի ու դեղամիջոցների բացակայությունը։ Ուրբաթ օրը ԿԴՀ-ն ստացել է Ervebo պատվաստանյութի ավելի քան 16 000 սրվակ, որն իր արդյունավետությունն ապացուցել է Էբոլայի մեկ այլ՝ ավելի տարածված տեսակի դեմ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է Ervebo-ն օգտագործել կլինիկական հետազոտությունների շրջանակում և պարզել, թե արդյոք պատվաստանյութն ունակ է պաշտպանել Բունդիբուգյո վիրուսից։ ԱՀԿ-ում ընդգծում են, որ դեռևս անհայտ է՝ կկարողանա՞ Ervebo-ն ապահովել պաշտպանություն այս վիրուսից, թեև առաջին լաբորատոր հետազոտություններն ու կենդանիների վրա արված փորձերը վկայում են հնարավոր պաշտպանական ազդեցության մասին։
Իշխանությունները դեռևս չեն հայտարարել, թե երբ է սկսվելու առաջնագծում գտնվող բուժաշխատողների պատվաստումը։ Տուժած շրջանների բնակիչները հույս ունեն, որ պատվաստանյութը կօգնի դանդաղեցնել վարակի տարածումը։
Բռնկումը ծավալվում է ծայրահեղ ծանր պայմաններում։ Ապստամբական խմբավորումների սպառնալիքներն ու բնակչության մասսայական տեղաշարժերը զգալիորեն դժվարացնում են բուժբրիգադների աշխատանքը։
Իտուրիում և տուժած այլ նահանգներում աշխատող մասնագետները բախվում են նաև աշխատակիցների աշխատավարձերի ուշացումներին, հակաէպիդեմիկ Միջոցառումների որոշ մասնակիցների աշխատանքի դադարեցմանը, ճանապարհների վատ վիճակին, տեղացիների անվստահությանն ու Էբոլայի գոյությունը կասկածի տակ դնող ապատեղեկատվությանը։
Փորձագետները ենթադրում են, որ վիրուսը Մոգբվալու հանքարդյունաբերական քաղաքում ի հայտ էր եկել դեռ փետրվարին՝ նախքան իշխանությունների՝ մայիսի 15-ի պաշտոնական հայտարարությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում