Կոֆեինն՝ ընդդեմ առավոտյան քնի. փորձն անսպասելի արդյունք է բացահայտել

28 օգոստոսի, 2026  08:46

Կարող է թվալ, թե թունդ սուրճի մեկ գավաթը կամ կոֆեինի մեկ չափաբաժինը վաղ վարժանքից առաջ կարող է արագ հաղթահարել քունը և բարելավել ռեակցիան։ Սակայն երիտասարդ տղամարդկանց մասնակցությամբ անցկացված փորձը ցույց է տվել. առավոտյան առնվազն 300 միլիգրամ կոֆեինը նկատելիորեն չի բարելավել ոչ ուղեղի աշխատանքը, ոչ շարժումների արագությունը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։ Մասնակցել է 18-30 տարեկան ֆիզիկապես ակտիվ տղամարդ, որոնք սովորաբար օգտագործել են օրական մոտ 150 միլիգրամ կոֆեին։ Մասնակիցները եկել են լաբորատորիա վաղ առավոտյան և տարբեր օրերի ստացել են 300 միլիգրամ կոֆեին, դատարկահաբ կամ ոչ մի դեղահաբ չեն ստացել։

Նյութն ընդունելուց մոտ մեկ ժամ հետո կամավորականները մի շարք թեստեր են անցել։ Հետազոտողները ստուգել են հիշողությունը, ուշադրությունը, ավտոմատ ռեակցիա տալու ունակությունը, ինչպես նաև ռեակտիվ ճկունությունը, այսինքն՝ փոփոխվող վիզուալ ազդանշաններին արագ արձագանքելու և անհրաժեշտ ուղղությամբ շարժվելու ունակությունը։

Սակայն էական տարբերություն երեք տարբերակների միջև չի նկատվել։ Կոֆեինը չի բարելավել ուշադրության, հիշողության և տեղեկությանն արագ արձագանքելու թեստերի արդյունքները։ Չեն փոխվել նաև ռեակտիվ ճկունության ցուցանիշները. մասնակիցներն ավելի արագ չեն արձագանքել ազդանշաններին և ավելի արդյունավետ չեն կատարել շարժումները։

Կոֆեինը չի օգնել նաև սուբյեկտիվ առավոտյան արթնությանը։ Մասնակիցները գրեթե միանման են գնահատել քնկոտությունը, հոգնածությունը, էներգիայի մակարդակը, տրամադրությունը, քաղցն ու կուշտ լինելու զգացողությունը՝ կախված այն բանից, թե արդյոք նրանք կոֆեին են օգտագործել, դատարկահաբ, թե ոչինչ չեն օգտագործել։

Կոֆեինի զգալի ազդեցություն չի նկատվել նաև մարմնի ջերմության վրա։ Վարժանքներից հետո մաշկի միջին ջերմաստիճանն իջել է, ինչը հետազոտողները կապել են ջերմության կորստի հետ ֆիզիկական բեռնվածության պատճառով, այլ ոչ թե կոֆեինի ազդեցության հետ կապված։

Ընդ որում, հեղինակները նշել են աշխատանքի մի քանի սահմանափակումներ։ Ռեակտիվ ճկունության թեստն անցել է 27 մարդ, բոլոր մասնակիցները երիտասարդ տղամարդիկ էին, որոնք ոչ մեծ, սովորական քանակությամբ կոֆեին էին օգտագործել։

Բացի այդ, փորձերը կատարվել են քաղցած վիճակում, հետևաբար արդյունքները պարտադիր չէ, որ տարածվեն մարզիկների վրա, որոնք նախաճաշում են առավոտյան մարզումներից կամ մրցումներից  առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում