Արհեստական բանականությունն արտաշնչած օդի միջոցով կարողանում է թոքերի չորս հիվանդություն ախտորոշել

28 օգոստոսի, 2026  23:57

Սեչենովի անվան համալսարանի Անհատականացված սրտաբանության ինստիտուտի մասնագետները սովորեցրել են արհեստական բանականությանը մարդու արտաշնչած օդի քիմիական կազմով թոքերի չորս ծանր հիվանդություն ախտորոշել։ Խոսքը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, բրոնխիալ ասթմայի, ինչպես նաև հազվադեպ ու բարդ պաթոլոգիաների՝ մուկովիսցիդոզի և լիմֆանգիոլեիոմիոմատոզի մասին է։ Այս հիվանդություններից մի քանիսի բացահայտման համար նախկինում պահանջվում էին բարդագույն մոլեկուլային-գենետիկական հետազոտություններ, մինչդեռ ռուսական նոր տեխնոլոգիան առաջարկում է արագ ու անցավ այլընտրանք։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են International Journal of Molecular Sciences ամսագրում։

Ո՞րն է նոր մեթոդի էությունը։ Շնչելիս մարդու օրգանիզմն արտանետում է հարյուրավոր ցնդող օրգանական միացություններ։ Հիվանդության զարգացման հետ մեկտեղ դրանց խտությունը փոխվում է՝ ձևավորելով յուրահատուկ քիմիական «մատնահետք»։ Գիտնականները ստեղծել են յուրաքանչյուր ախտահարմանը բնորոշ օդային պրոֆիլ։

Պացիենտի համար ամեն ինչ առավելագույնս պարզ է․ ընդամենը պետք է մի քանի րոպե շնչել հատուկ բժշկական ծայրակալի մեջ։ Նմուշառումն իրականացվում է բարձր ճշգրտության վերլուծական սարքավորման՝ պրոտոնային զանգվածային սպեկտրամետրի միջոցով։ Սարքը տրոհում է արտաշնչած օդն ու ֆիքսում ցնդող մոլեկուլների քանակը, սակայն հիմնական աշխատանքը կատարում է արհեստական բանականությունը, հայտնում է «Научная Россия»-ն։

Նեյրոնային ցանցի ալգորիթմները վերլուծել են կլինիկական տվյալների հսկայական ծավալներն ու սովորել համադրել տասնյակ քիմիական նյութերի խտությունները (յուրաքանչյուր պրոֆիլում ներառված է 15-ից 30 և ավելի ցուցանիշ)՝ դրանք հավաքելով մեկ ընդհանուր ախտորոշիչ պատկերի մեջ։ Եթե հետազոտվողի արտաշնչած օդի կազմը համընկնում է համակարգում պահպանված կաղապարի հետ, ԱԲ-ն ահազանգում է համապատասխան հիվանդության բարձր հավանականության մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում