Ծայրահեղ բարձր ջերմաստիճանը կարող է բարձրացնել հոսպիտալացման ռիսկը սրտային անբավարարության դեպքում

31 օգոստոսի, 2026  16:44

Անոմալ ցուրտ և տաք ջերմաստիճանների ազդեցությունը կարող է մեծացնել սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացման կարճաժամկետ ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները, որոնք իրենց արդյունքները ներկայացրել են Սրտաբանների եվրոպական ընկերության կոնգրեսում (ESC Congress 2026): Հետազոտությունը միաժամանակ հրապարակվել է JACC ամսագրում:

Հետազոտողները վերլուծել են 2006-2021 թվականներին Շվեդիայի Պացիենտների ազգային գրանցամատյանում գրանցված սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացման մոտ 482 հազար դեպք: Նրանք ուսումնասիրել են հոսպիտալացումների և անոմալ ցուրտ կամ տաք ջերմաստիճանների ժամանակահատվածների միջև կապը:

Սառը ժամանակահատվածներ են համարվել առնվազն երկու իրար հաջորդող օրերը, երբ ջերմաստիճանը հոկտեմբեր-մարտին տվյալ համայնքի համար իջել է մինչև 5-րդ պրոցենտիլ կամ ավելի ցածր: Շոգի ալիքները սահմանվել են որպես ժամանակահատվածներ, երբ ջերմաստիճանը հասել կամ գերազանցել է 95-րդ պրոցենտիլը ապրիլ-սեպտեմբերին:

Հետազոտությունը պարզել է, որ ցրտից հետո սրտային անբավարարության պատճառով հոսպիտալացման ռիսկը մեծանում է երկուսից վեց օրվա ընթացքում: Վիճակագրորեն նշանակալի ամենաուժեղ կապը նկատվել է ցրտից հետո երեք-հինգ օրվա ընթացքում։

Ցածր ջերմաստիճանների ազդեցությունը կապված է եղել նաև հոսպիտալացման ռիսկի աճի հետ երեքից վեց օր անց, իսկ ռիսկի ամենամեծ աճը նկատվել է ցրտից հետո երեքից հինգ օրվա ընթացքում։

Միևնույն ժամանակ, բարձր ջերմաստիճանների ազդեցությունը կապված է եղել հոսպիտալացման ռիսկի աճի հետ առաջին երեք օրվա ընթացքում, ինչը վկայում է շոգի ավելի արագ ազդեցության մասին սրտային անբավարարություն ունեցող հիվանդների վրա։

Ընդ որում, հետազոտողները վիճակագրորեն նշանակալի կապ չեն հայտնաբերել պաշտոնապես սահմանված շոգի ալիքների և սրտային անբավարարության պատճառով հոսպիտալացման միջև։

Հեղինակների խոսքով՝ ցրտից հետո ռիսկի ուշացած աճը և բարձր ջերմաստիճաններին գրեթե անհապաղ արձագանքն ընդգծում են ժամանակին բժշկական հսկողության անհրաժեշտությունը: Մասնավորապես, պացիենտները կարող են ավելի մանրակրկիտ հսկողության կարիք ունենալ ցուրտ եղանակի մասին նախազգուշացումներից հետո և ավելի արագ բժշկական օգնության անհրաժեշտություն ծայրահեղ շոգի ժամանակ։

«Որքան մեզ հայտնի է, դեռևս ոչ մի հետազոտություն չի ուսումնասիրել կարճաժամկետ կապը ծայրահեղ ջերմաստիճանային իրադարձությունների՝ ցրտի և շոգի ալիքների, կամ անբարենպաստ ջերմաստիճանների երկարատև ազդեցության և սրտի անբավարարության հոսպիտալացման միջև սկանդինավյան բնակչության մոտ», - նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, փիլիսոփայության դոկտոր Վենլի Նին (Wenli Ni)։

Հետազոտողները նշել են, որ այս բացը հատկապես կարևոր է այնպիսի երկրների համար, ինչպիսին է Շվեդիան, որտեղ բնակչությունը հաճախակի է ենթարկվում ցրտի ազդեցությանը, բայց նաև ավելի խոցելի է դառնում շոգի նկատմամբ գլոբալ տաքացման պատճառով։

Ուղեկցող խմբագրականում Պեկինի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի շրջակա միջավայրի առողջության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Տիանտյան Լին կոչ է արել հրաժարվել այն մոտեցումից, որը դիտարկում է սրտանոթային հիվանդությունները՝ հաշվի չառնելով եղանակը և շրջակա միջավայրի այլ գործոնները։

«Արդեն իսկ կան բավարար ապացույցներ, որոնք կապում են անբարենպաստ ջերմաստիճանները սրտանոթային համակարգի համար վնասի հետ», - ընդգծել է Լին։ Նրա կարծիքով՝ այժմ անհրաժեշտ է ոչ միայն շարունակել համաճարակաբանական տվյալների հավաքումը, այլև հետազոտության արդյունքները վերածել գործնական վաղ նախազգուշացման համակարգերի։

Հետազոտության արդյունքները ESC 2026 կոնգրեսի շրջանակում քննարկվել են ESC-ի և JACC-ի համատեղ հատուկ նիստում, որը նվիրված էր շրջակա միջավայրի գործոնների ազդեցությանը սրտանոթային առողջության վրա: Մասնագետներն ուսումնասիրել են օդի աղտոտվածության, անտառային հրդեհների ծխի, ծայրահեղ ջերմաստիճանների, մանրդիսպերսային մասնիկների (PM2.5) առանձին բաղադրիչների և շրջակա միջավայրի մի քանի այլ գործոնների համակցված ազդեցությունը։

Հետազոտողները կարծում են, որ այս ռիսկերի ավելի լավ ըմբռնումը կօգնի բարելավել սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը և բժիշկներին հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել պացիենտների վիճակի վատթարացմանը, հատկապես եղանակային վտանգավոր երևույթների ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում