Բրիտանական GSK դեղագործական ընկերությունը պատրաստվում է սեզոնային գրիպի դեմ իր փորձարարական mՌՆԹ-պատվաստանյութը տեղափոխել ուշ փուլի կլինիկական փորձարկումներ՝ միջին փուլի ուսումնասիրության խրախուսական արդյունքներից հետո։
Ընկերությունը հայտնել է, որ պատվաստանյութն առաջացրել է ավելի ուժեղ իմունային պատասխան, քան գրիպի ներկայում հաստատված ստանդարտ և բարձր դեղաչափերով պատվաստանյութերը թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների համար։ GSK-ն նախատեսում է ուշ փուլի ուսումնասիրությունը սկսել սեպտեմբերի սկզբին։
Ընկերությունը նշել է, որ սա կլինի գրիպի mՌՆԹ-պատվաստանյութի առաջին ուշ փուլի կլինիկական փորձարկումը, որը նախատեսված է գրիպի վիրուսի մակերեսին գտնվող երկու հիմնական սպիտակուցների՝ հեմագլյուտինինի և նեյրամինիդազի միաժամանակյա թիրախավորման համար։ GSK-ում կարծում են, որ այս մոտեցումն ունի գրիպի դեմ ավելի լայն պաշտպանություն ապահովելու և փոխանցման նվազեցմանը նպաստելու ներուժ։
GSK-ի որոշումը կայացվել է այն բանից կարճ ժամանակ անց, երբ Moderna-ն ԱՄՆ-ում ստացավ mFlusiva-ի՝ սեզոնային գրիպի դեմ առաջին mՌՆԹ-պատվաստանյութի հավանությունը: Օգոստոսին պատվաստանյութը հաստատվեց 50 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար օգտագործման նպատակով։
Պատվաստանյութի առաջմղումը նաև GSK-ի ավելի լայն ռազմավարության մի մասն է՝ նոր դեղամիջոցների մշակումն արագացնելու նպատակով: Ընկերությունը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջը սկսել ուշ փուլի 25 ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով ընդլայնել դեղամիջոցների իր պորտֆելը և պատրաստվել մի քանի դեղամիջոցների արտոնագրի ժամկետի ավարտին:
Փորձարկումների հաջող անցկացման դեպքում GSK-ի mՌՆԹ-պատվաստանյութը կարող է դառնալ ևս մեկ քայլ՝ COVID-19-ի կանխարգելումից բացի, mՌՆԹ տեխնոլոգիայի օգտագործումն ընդլայնելու գործում, մասնավորապես՝ սեզոնային գրիպից պաշտպանվելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում