Ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ դիետաները հաճախ ընկալում են որպես չափազանց կոշտ սահմանափակում և դրանք համարում են զբաղմունք, որը գերազանցապես կողմնորոշված է դեպի կանայք։ Այսպիսի եզրահանգման են եկել հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում։ Հետազոտողները հարցազրույց են վերցրել 30 տարեկանից բարձր 24 տղամարդկանցից, ովքեր ավելորդ քաշ կամ ճարպակալում են ունեցել և նախկինում մասնակցել էին քաշի կորստի ծրագրերին կամ պլանավորում էին սկսել նիհարել։
Մասնակիցները նշել են, որ դիետաները հիմնականում զուգորդվել են սիրելի կերակրից հրաժարվելու և անընդհատ ինքնավերահսկման անհրաժեշտության հետ։ Շատերի կարծիքով՝ քաշի կորուստը պահանջում է չափազանց մեծ կամքի ուժ, և նույնիսկ աննշան անհաջողությունը կարող է հանգեցնել այն բանին, որ մարդը լրիվ հրաժարվի փորձելուց։
Առանձին խնդիր էր դիետան որպես «կանացի» զբաղմունք ընկալելը։ Որոշ տղամարդիկ կարծում էին, որ կանայք ավելի շատ են կենտրոնանում են մարմնի չափի և ձևի վրա, ուստի քաշի կորստի ավանդական մոտեցումը միշտ չէ, որ գրավիչ է։
Միևնույն ժամանակ, հետազոտողները գտել են տղամարդկանց հետաքրքրությունը քաշի կորստի ծրագրերի նկատմամբ մեծացնելու միջոցներ։ Մասնավորապես, տղամարդկանց համար ավելի գրավիչ են կարճաժամկետ նպատակները, արագ արդյունքները և մրցակցության տարրերը։ Սպորտը և ուժի կամ դիմացկունության հետ կապված ֆիզիկական փորձերը կարող են ծառայել որպես մոտիվացիա։
Մերձավորների աջակցությունը նույնպես մեծ դեր է խաղացել: Տղամարդիկ նշել են, որ իրենց զուգընկերներն օգնել են իրենց պահպանել նոր սննդակարգը՝ գնելով ավելի առողջ սնունդ և հետևելով, որ իրենք տանը սնվեն: Օգտակար են եղել նաև ընկերներն ու խորհրդատուները, ովքեր կարող էին աջակցել նրանց նիհարելու գործընթացում:
Հետազոտության հեղինակներն առաջարկում են հրաժարվել «դիետա» բառից և փոխարենն օգտագործել ձևակերպումներ՝ կապված դրական անձնական մարտահրավերի հետ: Նրանք կարծում են, որ զույգերի համար մշակված կամ զուգընկերոջ աջակցություն ներառող ծրագրերը կարող են հատկապես արդյունավետ լինել:
Միևնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ իրենց արդյունքները հիմնված են մասնակիցների փոքր խմբի վրա: Արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են հետազոտություններ տղամարդկանց ավելի մեծ և բազմազան ընտրանքի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում