Բուրավետիչների, ներկանյութերի և քաղցրացուցիչների պարունակությամբ մթերքների օգտագործումը կապված է դեպրեսիայի զարգացման բարձր ռիսկի հետ։ Ընդ որում, որքան շատ են նման բաղադրիչները սննդակարգում, այնքան մեծ է ռիսկը, ցույց է տվել European Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Գիսենի Յուստուս Լիբիխի անվան համալսարանի հետազոտողները վերլուծել են UK Biobank բրիտանական կենսաբանկի 171,818 մասնակիցների տվյալները, որոնք լրացրել են սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկները: Դիտարկման ընթացքում (որը միջինում տևել է 10.7 տարի) 5,424 մարդու մոտ առաջին անգամ ախտորոշվել է դեպրեսիա:
Գիտնականները գնահատել են սննդակարգում գերմշակված մթերքների ցուցիչների տասը կատեգորիաների և 39 առանձին նյութերի պարունակությունը: Հետազոտության մեջ այդպիսի ցուցիչների շարքին են դասել, մասնավորապես, բուրավետիչները, ներկանյութերը և քաղցրացուցիչները, ինչպես նաև շաքարի որոշ տեսակներ, ձևափոխված յուղերը, օսլաներն ու առանձնացված սպիտակուցները:
Երեք կատեգորիաների համար դեպրեսիայի ռիսկի հետ հստակ կախվածություն է առաջացել չափաբաժնից: Ենթադրաբար բուրավետիչներ պարունակող մթերքների բաժինը ամբողջ սննդակարգի 40%-ին հասցնելու դեպքում դեպրեսիայի զարգացման ռիսկը 46%-ով ավելի բարձր է եղել՝ նվազագույն հաշվարկային ռիսկին համապատասխանող սպառման մակարդակի համեմատ: Ներկանյութերի դեպքում նման մթերքների մասնաբաժնի ավելացումը մինչև 20%-ով կապված է եղել ռիսկի 49% աճի հետ, իսկ քաղցրացուցիչների դեպքում՝ 45%:
Ընդ որում, ուսումնասիրված մյուս բաղադրիչների համար դեպրեսիայի բարձր ռիսկի հետ էական կապ չի հայտնաբերվել:
Հետազոտողները ընդգծում են, որ աշխատանքը ցույց է տալիս հենց վիճակագրական կապը և չի ապացուցում, որ բուրավետիչները, ներկանյութերը կամ քաղցրացուցիչները ուղղակիորեն դեպրեսիա են առաջացնում: Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ այդ բաղադրիչները կարող են ազդել ուղեղի աշխատանքի և նեյրոնների միջև ազդանշանների փոխանցման վրա: Բացառված չէ նաև ճարպակալման, նյութափոխանակության խանգարումների և աղիքային միկրոբիոտայի կազմի փոփոխությունների միջոցով անուղղակի ազդեցությունը:
Գիտնականները չափաբաժնից կախված կապ են հայտնաբերել ֆրուկտոզայի սպառման և դեպրեսիայի զարգացման ռիսկի միջև: Սակայն այս կախվածության մեխանիզմը նույնպես անհայտ է:
Հեղինակները նշում են հետազոտության մի քանի սահմանափակումներ: Մասնակիցների սննդակարգը գնահատվել է նրանց իսկ տրամադրած տվյալների հիման վրա, իսկ մթերքների կազմը չի որոշվել անմիջականորեն բաղադրիչների ցանկերով: Ուստի որոշակի հավելումների առկայությունը հաշվարկվել է՝ ելնելով այս կամ այն մթերքի մեջ դրանց պարունակության հավանականությունից:
Բացի այդ, չի կարելի լիովին բացառել հակադարձ պատճառահետևանքային կապը․ սկսվող դեպրեսիա ունեցող մարդիկ կարող են ավելի հաճախ ընտրել պատրաստի սնունդ, քանի որ ակտիվության նվազման պատճառով նրանց համար ավելի դժվար է ինքնուրույն ճաշ պատրաստել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում